Պուտինը ստորագրել է ՌԴ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը: Այն սահմանում է, որ դիվերսիոն գործողությունների նախապատրաստման և մասնակցության համար այսուհետև Ռուսաստանում քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի 14 տարեկանը լրացած անձը:
Ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ օրինագիծը պետական դումայում ընդունվել է միաձայն: Դիվերսիոն գործողությունների նախապատրաստման և մասնակցության համար սահմանվում է երկարամյա բանտարկություն կամ ցմահ ազատազրկում:
Համանման օրենք ԽՍՀՄ-ում գործել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Տարբերությունն այն է, որ ստալինյան դատարանը, ինչպես ռուսաստանյան լրատվամիջոցներն են պարզել, չորս անչափահասի դատապարտել է մահապատժի, իսկ Պուտինի օրոք առավելագույն պատժաչափը ցմահ ազատազրկումն է:
Ներկա պայմաններում ոչ մի երաշխիք չկա, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները մոսկվացի և կիևցի երկու անչափահասների էլեկտրոնային նամակագրությունը կամ բջջային կապի հավելվածներով շփումը չեն գնահատի «դիվերսիայի նախապատրաստում:
Իսկ եթե անգամ նման դեպքեր չարձանագրվեն էլ, միայն օրենքի անհամաչափ խստացումը բավական է, որպեսզի Ռուսաստանում պատանիներն իրենց ճնշված զգան, իսկ նրանց ծնողները գտնվեն մշտական տագնապների մեջ:
Մի երկրում, որտեղ բարձրաստիճան հոգևորականին կարգալույծ են անում Ուկրաինական ուղղափառ եկեղեցու հոգևոր սպասավորների հետ «գաղտնի հանդիպումներ ունենալու» համար, իսկ բոլոր լրատվամիջոցները ենթարկվում են ռազմական և քաղաքական գրաքննության, ամեն ինչ սպասելի է:
«Երևանում մեր դեսպանատան գծով մենք այդ որոշման պատճառների մասին տեղեկատվություն ենք խնդրել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են արգելել «ռազմական լրագրող» Սելեզնյովի մուտքը:
Ըստ Զախարովայի, Մոսկվայում հույս ունեն, որ մուտքի արգելքը «կապված չէ Սելեզնյովի լրագրողական գործունեության հետ, քանի որ դա չէր ներգրավի որպես իրավական, ժողովրդավարական պետություն Հայաստանը ներկայացնելու նրա իշխանությունների ջանքերին»:
Զախարովան գնահատել է, որ «մամուլի ազատությունն անձեռնմխելի է և իրական ժողովրդավարության անձեռնմխելի սկզբունքն է»:
Կարելի էր պատասխանել «նույն մանրադրամով» և Մարիա Զախարովայից բացատրություն «խնդրել», թե Ռուսաստանն ինչո՞ւ է ապաստան տրամադրել Հայաստանի իրավապահների կողմից քրեական վարույթի տակ գտնվող մի խումբ անձանց, բայց քանի որ խոսքը լրագրողների և մամուլի ազատության մասին է, հետաքրքիր կլիներ իմանալ, թե նա ի՞նչ կարծիք ունի չեչենական «Ահմատ» հատուկ նշանակության զորախմբի հրամանատար, ՊՆ քաղաքական վարչության պետ Ապտի Ալաուդինովի կողմից պատերազմական գոտում աշխատող ռուսաստանցի լրագրողների հասցեին օրերս հնչեցրած «բոլորին ջարդելու ենք» սպառնալիքի մասին:






Բաց մի թողեք
Կիրիլ պատրիարքը Պուտինի «թուլության մասին վաղուց գիտեր»
Վաշինգտոնյան պայմանավորվածությունների «տարընթերցում» կա Ադրբեջանում
Պուտինի համախոհների ճամբարը կատարյալ թերուսների հավաքածու է