Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Թուրքիա: Անոնսավորված էր, որ Անկարա է մեկնելու նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆը, ինչպես նաև Դոնալդ Թրամփի փեսա Ջերադ Քուշները, բայց ամերիկյան կողմը վերջին պահին չեղարկել է նրանց ուղևորությունը:
Ըստ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ Զելենսկին «հավանություն չի տվել» Ուկրաինայում պատերազմի դադարեցման ծրագրին, որ, իբր Ուիթկոֆը քննարկել է Ռուսաստանի նախագահ Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի հերքել ռուս-ամերիկյան ոչ հրապարակային բանակցությունների մասին տեղեկությունը, բայց ասել է, որ Մոսկվան ուկիրաինական կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ից «պաշտոնական խողովակներով առաջարկություն չի ստացել»:
Կարելի է ենթադրել, որ ոչ պաշտոնական խողովակներով, այնուամենայնիվ, Մոսկվան տեղեկացված է, թե ինչ է իրենից ներկաայցնում Թրամփի «ուկրաինական ծրագիրը»: Պեսկովը հավելել է, որ քննարկումներից որևէ նորություն, քան կողմերը ձեռք են բերել Անքորիջում, չկա:
Արևմտյան մամուլը Թրամփի «ուկրաինական ծրագրի» մի քանի տարբերակներ է ներկայացրել: Ընդ որում՝ բոլորն էլ հղում են անում «ամերիկացի իրազեկ պաշտոնյաներին», բայց փաստ է, որ Կիև է մեկնել ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարությունը, իսկ Ուկրաինայի նախագահն այդ ընթացքում գտնվել է Անկարայում:
Ընդ որում՝ ավելի վաղ, գրեթե մեկ շաբաթ առաջ Թուրքիա է գործուղվել Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովը, որ էթնիկ Ղրիմի թաթար է:
Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդհանուր ձևակերպումներով խոսելով ուկրաինական կարգավորման տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կարևորության մասին, երեք կարևոր հայտարարություն է արել:
Նախ նա ընդգծել է ռուս-ուկրաինական բանակցությունների Ստամբուլի հարթակը վերագործարկելու անհրաժեշտության մասին, ապա հավաստիացրել, որ Անկարան շարունակում է սատարել Կիևի ինքնիշխանությանը, ապա առանձնահատուկ շեշտել Ղրիմի թաթարների խնդիրը՝ մասնավորեցնելով, որ նրանք Թուրքիայի և Ուկրաինայի «միջև կապող օղակ են»:
Մի շարք փորձագետներ, որ «ծանոթ են» Թրամփի «ուկրաինական ծրագրի» հիմնական կետերին, միանշանակորեն պնդում են, որ ԱՄՆ նախագահը Զելենսկուն պարտադրում է ընդունել կապիտուլյացիայի պայմանները:
Արևմտյան մամուլը գրում է, որ Թրամփի «ծրագիրը եվրոպական երկրների առաջնորդների և Ուկրաինայի հետ չի քննարկվել»: Ըստ երևույթին՝ այդ հարցում սկզբունքորեն իրազեկված չէ նաև Թուրքիան:
Փաստացի Էրդողանը ձգտում է ուկրաինական կարգավորման փաթեթում ներառնել նաև Ղրիմի թաթարների խնդիրը, որի լուծումը տեսնում է թուրք-ուկրաինական հարաբերությունների տիրույթում:
Ուկրաինայի համար ամերիկյան «կապիտուլյացիոն ծրագիրը» վերանայելու հարցում, հավանաբար, Վլադիմիր Զելենսկու «վերջին հույս» է մնացել Թուրքիայի նախագահի դիվանագիտական հմտությունը կամ Ղրիմի թաթարների հարցում նրա անփոփոխ հաստատակամությունը:
Բայց արդյոք Էրդողանի ռեսուրսները բավարա՞ր են, որպեսզի ԱՄՆ նախագահը վերանայի Վլադիմիր Պուտինի հետ «հիմնարժեքային գործարքի» պայմանները: Ըստ էության՝ ամերիկյան «ծրագիրը» ոչ այլ ինչ է, քան Ուկրաինայի մասնատման դե-ֆակտո ճանաչում՝ օկուպացված «Նովոռուսիայում» ռուսական զորքի ներկայությամբ հանդերձ:
Ընդ որում, ինչպես աղբյուրներն են փոխանցում, Ուկրաինային պարտադրվում է սահմանադրությամբ ամրագրել, որ այդ տարածքները վերադարձնելու համար «երբեք ռազմական ուժի չի դիմի»:






Բաց մի թողեք
Արևելյան Եվրոպա – Վրաստան – «Թրամփի ուղի» փոխկապակցված երթուղով ամերիկյան ի՞նչ բեռնափոխադրումների մասին է խոսքը
Պուտինին «զարմացրել է» Թրամփի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու կարողությունը
ԱՄՆ-ը և Ռուսաստանն ու Չինաստանը մնում են հակադիր ճամբարներում