1999-ի հոկտեմբերի 27-ն ու 2008-ի մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանի իշխանության փրկօղակներն են` «հենասյուները», որոնք ամեն անգամ ընտրություններից առաջ խաղարկում են իշխանությունները, խաղում մարդկանց, հատկապես տուժողների եւ նրանց ընտանիքների հույզերի ու զգացմունքների հետ:
Եվ հանրությանը ներշնչում, որ դրանք բացահայտված չեն, որ դրանց մեղավորները պատժված չեն, որպեսզի մարդիկ չբարձրացնեն այս իշխանության օրոք տեղի ունեցած աղետների եւ դրանց պատասխանատվության հարցը:
Մարդ, որն Արցախ է հանձնել, որի գործողությունների արդյունքում 5 հազար եւ ավելի մարդ է զոհվել, որը խաղաղ ցուցարարների վրա մարտական նռնակ նետելու հրաման է արձակել, արդյո՞ք ունի բարոյական իրավունք՝ բարձրացնելու նախկին դեպքերի նորից ու նորից քննության պահանջը եւ իրավապահ մարմիններից նոր բացահայտումներ պահանջելու:
Իսկ հասարակությունը ՀՀ իրավապահներից ակնկալում է, որ նրանք անդրադառնան Նիկոլ Փաշինյանի գործողություններին եւ անգործությանը, պարզեն, թե որտեղ է նրա ուղղակի մեղքը, եւ պատասխանատվության ենթարկեն նրան` օրենքները խախտելու, հանցավոր անփութություն եւ պաշտոնի չարաշահումներ թույլ տալու, բյուջեն անարդյունավետ վատնելու եւ այլնի համար:
Օրերս իշխանությունը որոշել էր կրկին թարմացնել Մարտի 1-ի հիշողությունները, եւ Ազգային ժողովում այդ գործով լսումներ էին կազմակերպել, որտեղ անգամ մի 17-ամյա պատանի բոցաշունչ ելույթ ունեցավ, որն այդ դեպքերի ժամանակ երեւի ընդամենը չոչ էր անում: Ըստ որոշ տեղեկությունների` լսումները կազմակերպվել են Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնությամբ: Ուշագրավ է, որ 2008-ի հայտնի պայքարի ակունքներում կանգնած եւ Մարտի 1-ի ակտիվ մասնակից Հայ ազգային կոնգրեսից գեթ մեկ ներկայացուցիչ չէր մասնակցում այս լսումներին: Մասնակցում էին իշխանական քարոզիչները՝, իշխանության ներկայացուցիչների հետ:
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:
– Գաղտնիք չէ, որ Մարտի 1-ի արյունոտ դեպքերից ամենաշատը տուժել են ՀԱԿ-ականները, եւ, ի վերջո, այդ պայքարի ակունքներում ՀԱԿ-ն էր կանգնած, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը: Ինչո՞ւ ՀԱԿ-ից որեւէ ներկայացուցիչ ներկա չէր Ազգային ժողովի լսումներին:
– Առնվազն տարօրինակ է եւ անտրամաբանական այս ամենը, քանի որ Մարտի 1-ի գործի բացման առումով ամենահետեւողական քաղաքական ուժը եղել է Հայ ազգային կոնգրեսը, ամենաշատ տուժածը եղել է Հայ ազգային կոնգրեսը, եւ մեր ակտիվիստներն են հարյուրներով հայտնվել բանտերում եւ հազարներով ստացել տարբեր մարմնական վնասվածքներ ու տուժել տարբեր առումներով: Բացի այն, որ Մարտի 1-ի գործի բացահայտման ամենաշահառու կողմը եւ հետեւողական ուժը եղել է ՀԱԿ-ը, նաեւ հրավիրված չէր: Բացատրությունը հետեւյալն է` այս մարդիկ խնդիր չեն դրել Մարտի 1-ի գործը բացահայտելու եւ հետեւողականորեն մեղավորներին պատժելու, այլ ակնհայտ երեւում է, որ այս ամենը քաղաքական կոնտեքստ ունի, 8 տարի լինելով իշխանության՝ Փաշինյանն ու իր թիմը բացարձակապես ոչինչ չեն արել Մարտի 1-ը բացահայտելու գործում, դեռ մի բան էլ ավելին` այդ իրենք են գործը կոծկել, Սահմանադրական դատարանի որոշումով արդարացվել են այդ ամենի իրական կազմակերպիչները:
Այժմ այն, ինչ տեղի է ունենում, նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ է՝ ընդդիմադիրների դեմ պայքարելու նպատակով: Նրանք այս լսումներով ամբողջապես այլ խնդիրներ են լուծում եւ չունեն նպատակ՝ Մարտի 1-ի հանցագործներին պատժելու: Մի քանի փաստով կարող եմ ներկայացնել: Այս իշխանության օրոք դադարեցվեց քաղբանտարկյալների արդարացման գործընթացը, այսօր մենք ունենք մոտ 50 նախկին քաղաքական բանտարկյալ, ովքեր մինչ այս պահը համարվում են հանցագործներ: Դատախազությունն անգամ չի էլ կաշկանդվել՝ անել հայտարարություն եւ նշել է, որ նպատակահարմար չեն գտնում արդարացման գործընթացները շարունակելու:
Կարող եմ ասել, որ վերջին արդարացումները եղել են դատախազ Արթուր Դավթյանի օրոք, որի ժամանակ մոտավորապես 40 անձ արդարացվել է, 10 անձ էլ՝ ՄԻԵԴ-ի որոշմամբ: Նախաձեռնողները ՀԱԿ-ն ու իրավապաշտպան կազմակերպություններն էին: Դեմոկրատական այդ փուլում դատախազի կամքով արդարացումներ եղան, ինչից հետո Աննա Վարդապետյանի ժամանակ այդ գործընթացները կանգնեցին: Այս իշխանությունը, փոխանակ բացահայտումների գործընթացը շարունակի, գործընթացը դադարեցնելու ճանապարհով է գնում: Ունենալով քաղաքական լծակներ, այսօր ոչինչ չի արվում՝ Մարտի 1-ի գործը բացահայտելու համար: Մուրճն իրենց ձեռքին, փոխանակ գործ անեն, հանրային քննարկում են կազմակերպում չեղած բաների վերաբերյալ: Ակնհայտ է, որ այստեղ չի աշխատում իրավագիտությունը, այստեղ աշխատում է քաղաքականությունը` ընտրություններից մի քանի ամիս առաջ: Եթե աշխատող լինեին, Ազգային ժողովում կխոսեին, թե ինչ աշխատանքներ են տարվել, ոչ մի խոսք գործողությունների մասին չասվեց, ինչը եւս մեկ անգամ հաստատեց մի բան, որ ՀԱԿ-ն այնտեղ անելիք չուներ: ՀԱԿ-ը նրանց երեսին կարող էր շպրտել այն փաստը, որ իրենք գործ փակող են, ոչ թե գործ բացահայտող:
– Այսինքն` իշխանության ձեռքին Մարտի 1-ը մահակ է:
– Այո, որպես մահակ, փորձում են այն օգտագործել` ընտրություններից առաջ: Վախեցնում են, որ գործը կբացահայտեն, բայց չեն բացահայտի, ասում են` խելոք մնացեք, դրանով նախկին իշխանություններին ընդդիմադիր լինելու հնարավորություն են տալիս, ինչպես արեցին 2021 թվականին:
– Ձեր կարծիքով` հանրության մոտ Փաշինյանի այդ մահակն աշխատո՞ւմ է:
– Որոշակի առումով՝ այո, քարոզչամիջոցներն անում են իրենց գործը, երբ 100 լրատվամիջոցից 90-ն այդ մասին է խոսում, ապա, այո, ազդեցություն թողնում է: Հանրությանը մի քանի ընդդիմադիր լրատվամիջոց կարող է ճշմարտությունն ասել, սակայն իշխանական լրատվամիջոցների ազդեցությունը հասարակության վրա ավելի մեծ է, քան չեզոք եւ ընդդիմադիր լրատվամիջոցների ազդեցությունը:






Բաց մի թողեք
ԱԱԾ-ն սիրային կապը համարում է լրտեսություն․ Լուսանկար
Եթե լրագրողը հարց է տալիս, իսկ վարչապետը դիմում է դատարան, կնշանակի երկիրը վերածվել է բռնապետության․ Հակոբ Ավետիքյան
Այդ հարցին կպատասխանեմ դեկտեմբերի 3-ից հետո