Բաքվի իշխանական haqqin.az-ը սենսացիոն տեղեկություն է հրապարակել: Ըստ այդմ, հունական Kathimerini պարբերականը, հղելով կառավարության աղբյուրներին, գրել է, որ Միացյալ Նահանգներն «արգելել է Հունաստանի տարածքով Ուկրաինային ադրբեջանական գազի մատակարարումը»:
Տեղեկագրվում է, որ անցած կիրակի ուկրաինական «Նավտոգազ» ընկերությունը գործարք է կնքել հունական նորաստեղծ Atlantic-See LNG Trade-ի հետ:
Պայմանագրի համաձայն հունական կողմը պարտավորվել է «ուղղաձիգ միջանցքով»՝ Բուլղարիայի և Ռումինիայի տարածքով, Ուկրաինային ամերիկյան սեղմած գազ մատակարարի, ուստի ԱՄՆ-ը նույն երթուղով Ուկրաինային ադրբեջանական բնական գազի մատակարարումն «արգելել է»:
Ադրբեջանը Եվրամիության մի քանի երկրներ բնական գազ արտահանում է Տրանսադրիատիկ խողովակաշարով, որ սկիզբ է առնում Թուրքիայից:
Բաքվի լրատվամիջոցի մեկնաբանությամբ, «Հունաստան առաքվող ադրբեջանական բնական գազն ավելի էժան է, քան ամերիկյան սեղմածը, և Միացյալ Նահանգներն անհանգստացած են մրցակցությամբ, ուստի Վաշինգտոնը ձգտում է Ուկրաինային գազի մատակարարման մենաշնորհ ունենալ»:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Եվրամիության հետ առաջիկա չորս տարիներին 600 միլիոն դոլարի էներգակիրների արտահանման պայմանագիր ունի: Ադրբեջանը Եվրամիության երկրներին տարեկան ոչ ավելի, քան 12 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում:
Այդ նվազագույն ծավալներից որքա՞ն էր հատկացվելու Ուկրաինային, որպեսզի Վաշինգտոնը մտահոգվեր էներգակիրների շուկայում մրցունակությամբ, զուտ կոմերցիոն առումով բացարձակապես քննադատության չի դիմանում:
Ավելի մեծ է հավանականությունը, որ Ուկրաինային ադրբեջանական գազի մատակարարման արգելք Դոնալդ Թրամփը կիրառել է քաղաքական մոտիվացիայով, և պատժի ուղղակի հասցեատերն Իլհամ Ալիևն է:
Մնում է հասկանալ, թե ո՞րն է ԱՄՆ նախագահի «աստվածային զայրույթի» պատճառը: Ժամանակային առումով այդ որոշումը համընկնում է Զելենսկի-Ալիև հեռախոսազրույցի հետ, որի մասին Ուկրաինայի նախագահը սոցցանցային գրառում է կատարել և անոնսավորել «բոլոր բնագավառներում գործընկերային հարաբերությունների ամրապնդում և խորացում»:
Կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ նախագահն ադրբեջանական գազի տարանցման ուկրաինական երուղին արգելափակել է, որպեսզի Իլհամ Ալիևը հասկանա, որ իրեն թուլատրված չէ «քիթը խոթել այնտեղ», որտեղ հարցերը որոշում են աշխարհի հզորները:
Բացառված չէ նաև, որ ԱՄՆ նախագահին զայրացրել է Ալիևի համառությունը, որի ենթատեքստում, անշուշտ, վաշինգտոնյան պայմանավորվածությունների «տարընթերցում» կա: Ամեն դեպքում Թրամփի պատիժը նշանակալի է:






Բաց մի թողեք
Կիրիլ պատրիարքը Պուտինի «թուլության մասին վաղուց գիտեր»
ՌԴ-ն ինչո՞ւ է ապաստան տրամադրել ՀՀ իրավապահների կողմից քրեական վարույթի տակ գտնվող մի խումբ անձանց
Պուտինի համախոհների ճամբարը կատարյալ թերուսների հավաքածու է