21/11/2025

Եթե լրագրողը հարց է տալիս, իսկ վարչապետը դիմում է դատարան, կնշանակի երկիրը վերածվել է բռնապետության․ Հակոբ Ավետիքյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով դատական նիստն այսօր մեկնարկեց ուղիղ եթերի և տեսանկարահանման արգելքով։

Նիստը, թեև դռնբաց էր, սակայն Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Արման Ներսիսյանը առարկեց տեսագրությանն ու լուսաբանմանը եւ դատարանն արագությամբ բավարարեց նրա պահանջը` դրանով իսկ ցույց տալով, որ դատարանում կողմերը հավասար պայմաններում չեն եւ լրագրողների իրավունքները հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ներկայացուցիչն են ոտնահարում: Ավելի ուշ փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ նպատակահարմար չենք գտնում, որ լուսաբանվի։ «Մեր իրավունքն է, որն իրացրել ենք, թույլատրվել է ձայնագրել նիստը և որևէ արգելք չկա այդ ձայնագրությունը հրապարակելու»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել մեր լրատվամիջոցի դեմ․ սա վարչապետի կողմից ԶԼՄ-ի դեմ առաջին հայցն է։ Առիթը «Հրապարակ»-ի հոդվածն է` «Դավաճանո՞ւմ է արդյոք Փաշինյանը կնոջը» վերտառությամբ:

Մասնավորապես, հոդվածում նշված է. «Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: Կասե՞ք՝ սա ի՞նչ բամբասանք է… Իհարկե, մենք նման բան չէինք հրապարակի, եթե չլիներ երկրի ղեկավարի արշավը Վեհափառ հայրապետի դեմ, բայց եթե թիվ մեկ պաշտոնյան կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», մենք էլ կարող ենք նույն հարցադրումը անել իրեն»,- գրել էր «Հրապարակ»-ը: Այս և հոդվածում տեղ գտած այլ արտահայտությունները Փաշինյանը համարել է զրպարտություն եւ դատական հայց ներկայացրել «Հրապարակի» դեմ:

«Ազգ» շաբաթաթերթի երկարամյա խմբագիր Հակոբ Ավետիքյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով նախկին խմբագիր Փաշինյանի դատական հայցին, նկատում է. «Հարցադրումների համար լրատվամիջոցին դատի տալն ուղղակի խայտառակություն է: Այսպիսի բան ես անգամ բռնատիրական երկրներում չեմ լսել, որ տեղի ունենա: Ո՞վ է տեսել դատի տան հարց հնչեցնողին,  որը ոչ մի պնդում չի արել: Լրագրողը մի դեպքում կարող է սահմանափակել իր հարցադրումը, եթե այն ավելի շատ որպես հաստատված փաստ է ներկայացնում, ինչը այս պարագայում տեղին չէ ասել: Բայց եթե լրագրողը հարց է հնչեցնում և այդ հարցի համար երկրի առաջնորդը դատի է տալիս լրատվամիջոցին, դա մեկ բան է նշանակում, Հայաստանը վերածել են բռնապետության», – ասում է Ավետիքյանը:

Իսկ ինչո՞ւ նախկին իշխանությունները Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցեր չէին ներկայացնում «Հայկական ժամանակ»-ում տարատեսակ հոդվածների և լուրերի համար. «Հավանաբար վախենում էին: Նախկին իշխանությունները մեծ տեղ էին տալիս միջազգային կառույցներին, նրանց կարծիքին: Մտածում էին, որ եթե դատի տան լրատվամիջոցներին, այն կարող է դիտվել որպես ազատ խոսքի դեմ արշավ: Նախկին իշխանություններին խոշորացույցով հետևում էին միջազգային կառույցները, դեսպանատները, իսկ այսօր` այս մարդուն ոչ մեկը չի հետևում, նրա գործողություններին գնահատականներ չեն տալիս, ինչպես առաջ»:

Երբևէ «Ազգ»-ին իշխանությունները դատի տվե՞լ են. «Ազգին մի անգամ եմ հիշում, որ դատի էին տվել: Շատ տարիներ են անցել: Այն ժամանակ Կոպերատիվների միություն կար, որի նախագահը անունն չեմ էլ հիշում, գնացել էր Արգենտինա` ինչ-որ միջազգային կոնֆերանսի մասնակցելու: Վերադարձին իր չար բախտի պատճառով Փարիզում էր հայտնվել, որտեղ նրան հանդիպել էր մեր թղթակից Արաքսը: Այդ պարոնը մեր թղթակցին ասել էր. «Պատկերացնո՞ւմ եք Հայաստանի անունը հնչեց հսկայական դահլիճում` կարգով երկրորդը»: Մեր թղթակիցն էլ վերցնում է մի լավ քննադատում սրան, գրելով, որ այ հիմար, Հայաստանը պետք է լինի առաջինը` Արմենիան…. Նա մեզ դատի տվեց այդ հոդվածի համար, դատավորն ինձ զանգահարեց և ասաց` այ մարդ, ինձ ազատիր այս հիմարից: Ասաց` էշի մեկն է: Այն ժամանակ ունեինք նման դատավորներ, իսկ այսօրվա դատավորների մասին` նո քոմենթ»: