14/12/2025

«Աստանայի մայլում քյանդրբազություն»․ Տիգրան Խզմալյան

Նիկոլ Վովաեւիչը (ինչպես անվանեց նրան Տոկաեւը) իզուր է հույս փայփայում հավասարի պես տեղավորվել Կենտրոնական Ասիայի բռնապետական ակումբում, առավելեւս «հավասարակշռել» այնտեղ Ալիեւին։

Նախ, Բաքվին հենց Աստանան է վերջերս հրավիրել տեղափոխվելու աշխարհագրական Կովկասից դեպի աշխարհաքաղաքական Ասիա, որտեղ Հայաստանը եղել է եւ մնալու է խորթ ու որբ։

Երկրորդը՝ TRIPP-ը կարող է ծառայել եւ օգուտ բերել Ղազախստանին եւ այլ ասիական «ստաններին», ինչպես նաեւ Չինաստանին, սակայն այս նախագծի գլխավոր շահառուներն ու վերահսկող փաթեթի տերերն են Բաքուն եւ Անկարան, այլ ոչ թե Երեւանը, որը պարզապես հանձնում է Սյունիքի դարպասի մեր ռազմավարական վերահսկողությունը թշնամիներին, որոնք հիմա եւ ապագայում ցանկացած դժգոհությունն ու առարկությունը հայերի կողմից ներկայացնելու են իբրեւ «սեպարատիզմ» ու «խոչընդոտ միջազգային շահերին» եւ օգտագործելու են որպես ուժային միջամտութան եւ «օրինականությունը վերականգնելու», այսինքն զավթման առիթ։

(Հիշեք ՀԱՊԿ-ի կարճատեւ արշավը դեպի Ղազախստան 2022 թ. հունվարին, ՀՀ խայտառակ մասնսկգությամբ։)

Եւ երրորդը՝ ԱՄՆ «միջնորդությունն» այս ամբողջ պատմությանը, իմ համոզմամբ, խիստ ժամանակավոր է եւ իրավիճակային, քանի որ շատ շուտով Թրամփը, կան նրան փոխարինող այլ նախագահը համոզվելու են, որ ԱՄՆ ձեռամբ մեծ լավություն է արվել գլխավոր մրցակից Չինաստանին եւ խնդրահարույց «դաշնակից» Թուրքիային։

(Կամ էլ սա կբացատրի ԱՄՆ-ին սույն նախագծի նախկին ջատագով Իսրայելը, որը շատ արագ հասկացավ ստեղծված նոր իրավիճակի՝ Թուրքիայի հզորացման վտանգն իր համար):

Դա հասկանալուց հետո Վաշինգթոնը կորցնելու է որեւէ հետաքրքրություն TRIPP-ի վերաբերյալ եւ ՀՀ-ն կմնա միայնակ, մերկացած Սյունիքով՝ Թուրանի եւ Չինաստանի շահերին դեմ առ դեմ։

Ահա ինչու Հայաստանի Եվրոպական կուսակցությունն ավելի շատ վտանգ ու վնաս քան օգուտ է տեսնում TRIPP-ում, որը Բաքվում, Անկարայում եւ Աստանայում պատահական չէ, որ համառորեն անվանում են «Զանգեզուրի միջանցք»։

Նման դեպքում հենց այս օրերին Ուկրաինան ԵՄ աջակցությամբ դիմադրում է Թրամփի ճնշմանը եւ պահանջին՝ զիջել Պուծինին տարածքներ եւ հաշտվել կորուստների հետ։

Փաշինյանը չի էլ փորձում դիմադրել եւ շարունակում է զիջել ամեն ինչ, քանի որ զրկել է Հայաստանին ԵՄ աջակցությունից, որը մենք ապահովել էինք մեր երկրին՝ ԵՄ անդամակցության օրենքով, որն ԱԺ-ն ընդունել է ութ ամիս առաջ, սակայն ՀՀ կառավարությունն այդպես էլ չի կատարում։

Ուստի Փաշինյանի այս այցն էլ ոչ այլ ինչ է քան տխրահռչակ «Աստանայի մայլում քյանդրբազություն»։

ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից