24/11/2025

Անկախ Հայաստանը երեսունչորս տարում պետք է «ծներ» իր «անտի-Վենեդիկտովին»

Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում քննարկվում է Ալեքսեյ Վենեդիկտովի հարցազրույցը: Եվ փաստը, որ ռուսաստանցի լրագրողի շուրջ հետաքրքրությունը ոչ միայն սուր է, այլև հասնում է աժիոտաժի և ստանում քաղաքական երանգավորում, վկայում է, թե որքան թույլ է մեր հանրային իմունիտետը:

Մենք, կարծես, մնացել ենք 88-ի հուզականության գերի, երբ տասնյակ հազարավոր մարդիկ շունչները պահած սպասում էին, թե ԼՂ հարցի մասին ինչ կասի մոսկովյան այս կամ այն ինտելեկտուալը, գրողը, արվեստագետը:

Հայաստանի քաղաքացու կողմնորոշման վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ալեքսեյ Վենեդիկտովը, եթե նա, ինչպես հազարավոր ռուսաստանցի լրագրող, իր երկրում հեղինակություն չէ: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը զարմացած է, որ Վենեդիկտովը «նույն կայսերապաշտն է»: Գնահատականը ստույգ է, արտառոցը հայ օգտատիրոջ «բացահայտումն է»:

Իսկ դա վկայում է, որ մենք դեռ հավատում ենք, որ «կա երկու Ռուսաստան», մեկը «դերժիմորդայի երկիր է», մյուսը՝ Պուշկինի, Տոլստոյի, Բրյուսովի:

Իրականում կայսերապաշտ են եղել Պուշկինը, Տոլստոյը, Դոստոևսկին, Բրյուսովը, նույնիսկ Սոլժենիցինը, վտարանդի Բրոդսկին… Կայսրությունը ստեղծում է բացառիկ քաղաքակրթություն, մշակույթ, և նրա զավակները չեն կարող կայսերապաշտ չլինել:

Եթե մենք Տիգրան Մեծից շուրջ երկու հազար տարի անց երազում ենք ծովից-ծով Հայաստան, որ մի քանի տասնամյակ կամ մի քանի տարի է գոյություն ունեցել ընդամենը, ապա վեց հարյուրամյա ռուսական կայսրության «հոգեորդի» Վենեդիկտովն ինչպե՞ս կարող է հարգել «կովկասյան ազգության դեմքի» անկախությունը կամ նրա քաղաքակրթական ինքնությունը:

Երևի 2000-ականների սկզբներին էր, որ կարդացի Կոստանդնուպոլսի մասին Դոստոևսկու էսսեն, որ, եթե չեմ սխալվում, գրվել է ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմից հետո, Բեռլինի բանակցություններից տպավորությունների տակ:

Եվ ի՞նչ: Ռուս գրողը համաձայն է Կոստնադնուպոլիսը, նեղուցները թողնել Օսմանյան Թուրքիայի իրավասությանը, քան թե կառավարումը վերապահել Ռուսաստանին և Անգլիային: Իսկ ի՜նչ սիրով է Բրոդսկին գրում արդեն հանրապետական Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մասին:

Իսկ մենք շարունակում ենք հպարտանալ, որ կայսերական Ռուսաստանի պետական գաղտնի խորհրդական Պուշկինը բանակի հետ Էրզրում շարժվելիս Կարսում մի հայի տան ճաշել է և գովեստի մի երկու խոսք ասել նրա մասին:

«Վենեդիկտովը» եղել է, կա և լինելու է: Պուշկինի ժամանակներում Հայաստան չկար: Նա պատմում է, որ հասնելով ինչ-որ իջևանատան, իրեն դիմավորողներին երեք բառ է ասել՝ «աթ, օթ, արփա»: Թուրքերեն փորձել է հասկացնել, որ ձին հոգնատանջ է, պետք է խոտ և գարի ուտի:

Գերխնդիր է՝ Հայաստանում ունենալ «Վենեդիկտովի» արժանապատիվ, կիրթ և «դիվանագետ» զրուցակից: Անկախ Հայաստանը երեսունչորս տարում պետք է «ծներ» իր «անտի-Վենեդիկտովին»: Ստացվել է այնպես, որ մեր «բոմոնդը» Վենեդիկտովից ավելի «Վենեդիկտով է»:

Ադրբեջանի համար դա մեծ խնդիր չէ. թուրքական ինքնությունը կամ դրա իմիտացիան Բաքվի լրագրողներին որոշակի իմունիտետ է ապահովում: Մենք դատապարտված ենք «բացառիկ միայնության» նաև այդ բնագավառում:

Եվ փրկություն չէ ինչպես «վենեդիկտովականությունը», այնպես էլ արևմտայն լրագրության ժանրերն ու մաներան «կապկելը»: Հայաստանի «ձայնը» պետք է, բանաստեղծի բառով ասած՝ հայաստանոտ լինի: Եվ դա պետական առաջնահերթ հոգածության խնդիր է:

Այլապես «Վենեդիկտովի սինդրոմը» ոչ միայն չի մարելու, այլև ամրապնդվելու- տարածվելու և մեր հանրային խոսույթը վերածելու է «իսրայելօրիականության»: