Հոկտեմբերի 9-ին Գորիսի պետական քոլեջում եւ Գորիսի՝ պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում դասադուլ եւ գործադուլ էր սկսվել։ Քոլեջի դասախոսները եւ ուսանողները պայքարում էին երկու քոլեջի միավորման եւ ԿԳՄՍՆ-ի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ:
Հրապարակ թերթը գրել է․ Նրանց պահանջն էր՝ չեղարկել ԿԳՄՍ նախարարի կամ նրա տեղակալի հրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին, տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել՝ մինչեւ քաղաքացիական գործով դատաքննության ավարտը եւ դատարանի վճռի ուժի մեջ մտնելը: Իսկ եթե հնարավոր չէ տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել, ապա տնօրենի ԺՊ նշանակել Գորիսի պետական քոլեջի գործող տնօրեն Կարեն Լազարյանին: Քոլեջի անձնակազմը նաեւ պահանջում էր հանդիպում նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված վիճակը։
«Կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, քանի դեռ վերոնշյալ պահանջները չեն կատարվել»,- նախորդ ամիս մեզ հայտնել էին քոլեջից։ «Հրապարակը» զրուցել էր Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի հետ: Նա նշել էր, որ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանն այցելել է Գորիս, սակայն երկու քոլեջում էլ դռները նրա առաջ փակել են եւ անգամ չեն լսել նրան, քանի որ նա լիազորված չի եղել որեւէ հարց լուծելու:
Քոլեջի տնօրենը մեզ վստահեցրել էր, որ ուսանողների պակաս չունեն, չեն հասկանում, թե ինչու են ուզում իրենց քոլեջները միավորել եւ առանց կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու, ինչ-որ անծանոթ անձի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակում: Ասել էր, որ չեն պատրաստվում զիջել նախարարությանը: ԿԳՄՍ նախարարության որոշումը` քոլեջները միավորելու եւ մեկ տնօրենի կողմից կառավարվելու մասին, իրենք անօրինական են համարում․ ո՛չ դասախոսական կազմը, ո՛չ ուսանողները չեն ընդունել եւ չեն ընդունելու դա:
Դասադուլից մեկուկես ամիս անց մենք նորից զրուցեցինք Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի հետ՝ հասկանալու համար, թե այժմ քոլեջում ինչ իրավիճակ է, ինչո՞վ ավարտվեց նախարարությանը հայտարարված պատերազմը: Լազարյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Այս պահի դրությամբ մեր պահանջը չի կատարվել, իրավիճակը փոփոխված չէ, միևնույն ժամանակ մինչ այս պահը նախարարության կողմից քայլեր չեն ձեռնարկվել, առայժմ իրավիճակը փոփոխված չէ, սակայն չկա նաև նոր տնօրեն և չի էլ կարող լինել:
Այդ մարդուն նշանակել են որպես Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն: Հայաստանում չկա նման քոլեջ, որպեսզի այն ստեղծվի, պետք է Գորիսի երկու քոլեջները լուծարվեն, ապա նոր ստեղծվեր նոր՝ Բազմագործառութային քոլեջ, ինչից հետո կնշանակվեր նոր տնօրենի պաշտոնակատար, որից հետո տնօրենի մրցույթ: Նախարարությունը սակայն ԺՊ էր նշանակել՝ այն դեպքում, երբ քոլեջը ստեղծված չէ: Ինչպես մեր նախորդ զրույցում էի ասել, ԿԳՄՍ նախարարի խորհրդականի հետ երկու քոլեջների կոլեկտիվներն անգամ զրուցելու ցանկություն չեն ունեցել: Մեր պահանջն այն է, որպեսզի մեզ աշխատանքից ազատեն օրենքով սահմանված կարգով»: Հարցին՝ իսկ դասադուլ, գործադուլ իրականացվում է, մեր զրուցակիցը նշեց, որ դասերը բնականոն հունով ընթանում են դեռ նախորդ ամսից:
Տնօրենը չգիտի, թե նախարարության խելքին վաղը ինչ կարող է փչել, սակայն պնդում է, որ եթե ազատում են իրեն, ապա դա պետք անեն օրենքով սահմանված կարգով՝ երկու ամիս շուտ իրեն տեղյակ պահելով. «Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, ԿԳՄՍ նախարարը պարտավոր է առաջնորդվել գործող օրենքներով»:






Բաց մի թողեք
Փաշինյանն ունի «ընդունված լինելու» խորքային պահանջ, իր մաշկի վրա զգում է հանրության պաղ հոսանքը
Մեկ էլ տեսար՝ խաղաղությունն իրո՛ք իջել, Վեր է ածել շեն աշխարհը մի շիրմատան
Ինչ կապ ունի ՔՊ-ական Դիանա Գասպարյանի ամուսինը սպանության հետ․ Լուսանկար