Ադրբեջանը միացել է Կենտրոնական Ասիայի Խորհրդատվական խորհրդին, և ուրվագծվում է միասնական՝ կենտրոնաասիական-հարավկովկասյան տարածաշրջանի ձևավորման հեռանկար, ինչը Բաքվի պաշտոնական քարոզչությունը համառորեն փորձում է ներկայացնել որպես «Իլհամ Ալիևի ևս մեկ աշխարհաքաղաքական նշանակության հաղթանակ»:
Տոկաև-Փաշինյան բանակցությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, անշուշտ, ավելի հանգամանալի մեկնաբանությունների, հնարավոր զարգացումների շուրջ կանխատեսումների առիթներ կլինեն: Այս պահին կարևոր է թվում Ղազախստանի նախագահի մամուլի համար հայտարարության հատկապես այս հատվածը:
«Ղազախստանը Հայաստանի և նրա ժողովրդի հանդեպ հատուկ համակրանք է տածում: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդի խոր արմատներ ունեցող պատմությանը և հարուստ մշակույթին: Այդ արժեքների հիման վրա բոլոր բնագավառներում մեր համագործակցությունը հետևողականորեն զարգանում է»:
Ղազախստանի նախագահը երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը գնահատել է «ռազմավարական գործընկերությանը մոտեցող»: Սա շատ կարևոր արձանագրում է: Ղազախստանը Կենտրոնական Ասիայի առաջատարն է, իսկ նրա նախագահը միջազգայնորեն ընկալվում է որպես «ռեֆորմատոր», ում հաջողվում է հաղթահարել նախկին կլանային իշխանության կողմից հարուցվող խոչընդոտները:
Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Տոկաևի հատուկ համակրանքը, որ նա վերագրում է իր երկրին առհասարակ, Կենտրոնական Ասիայի ուղղությամբ Երևանի համար «պատուհան է բացում»:
Տոկաևն, ըստ էության, ջնջեց Ալիևի «քարտեզագիտությունը» և ընդգծեց Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական խոր արմատների, նրա մշակույթի հարստության քաղաքական նշանակությունը:
Ղազախստանի նախագահի այդ բնորոշումները Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս հնարավոր ինտեգրացիայում Հայաստանի սուբյեկտության ընդգծման իմաստ ունեն: Եվ քանի որ այդ տարածաշրջանը նաև քաղաքակրթական ընդհանրության հիման վրա է ձգտում ինտեգրվել, ուրեմն Տոկաևի հղումները վերաբերելի են նաև մյուս երկրներին:
Ավելի քան քառորդ դար Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի հատկապես թուրքախոս երկրներում ձևավորել է հակահայկական գիտա-կրթական և մշակութային կենտրոններ, որտեղ գեներացվել են Բաքվում մշակված թեզեր և «տեսություններ»:
Հայաստանում, ցավոք, ադրբեջանական այդ էքսպանսիան կենտրոնաասիական նույն երկրների հետ համագործակցությամբ չի հակակշռվել: Ղազախստանի նախագահը, կարծես, այդ աշխատանքը պահանջված է տեսնում:
Պետք է ակնկալել, որ Երևանը հարաբերությունների վերբեռնում կունենա Կենտրոնական Ասիայի այլ երկրների հետ ևս: Հատկապես կարևոր է Ուզբեկստանի ուղղությունը:






Բաց մի թողեք
Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ չեն հետևել Ալիևի օրինակին
Ադրբեջանը փորձելու է այդ հարթակը ձախողել, բայց՝ մեր ձեռքով
Ռուսաստանը «սանձահարվում է»` Պուտինն ընդունում է իր պարտությունը