24/11/2025

Որ ասում եմ ես՝ Արուսն էլ հետս ա․ կինը՝ Լյուսի Վանա Կարապետյանն ուղեկցում է նրան․ Լուսանկար

Պարզվում է, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն արտերկիր գործուղումներին միայնակ չի մեկնում` անկախ երկրից ու գործուղման նպատակից․ նրա կինը՝ Լյուսի Վանա Կարապետյանն ուղեկցում է նրան։

Հրապարակ թերթը գրել է․ Օրինակ, վերջին վոյաժը դեպի Ֆրանսիա էր։ Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։ Նախարարի կինն ամուսնուն ուղեկցում էր նաեւ ԱՄՆ այցի ժամանակ։ Ի դեպ, ԲՏԱ նախարարությունը Ֆրանսիա այցից լուսանկարներ է հրապարակել, սակայն որեւէ լուսանկարում Լյուսին չի երեւում։

«Հրապարակ»․ Որ ասում եմ` ես, Արուսն էլ հետս է

Ամուսինները սոցկայքերի իրենց էջերում էլ շրջագայություններից լուսանկարներ ու տեղեկություններ չեն հրապարակում։ Սակայն այս այցի պատճառով ստիպված են եղել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Արեւմտահայերեն լուրերի շաբաթվա ամփոփումը, որը վարում է Լյուսին, այլ ֆորմատով եթեր հեռարձակել։ Եթե բոլոր հաղորդումներում  տաղավարային ձեւաչափով էր նա լուրերը վարում, նախորդ կիրակի լուրերը հեռարձակվել են նյուզբլոկով՝ առանց հաղորդավարի մասնակցության։

Մենք ԲՏԱ նախարարություն հարցում արեցինք, թե ինչ հիմունքներով է այլ համակարգում աշխատող կինն ուղեկցում նախարարին: Մեզ պատասխանել են․ «Նախարարի կինը ոչ բոլոր այցերին է ուղեկցել նախարարին, իսկ ուղեկցելու դեպքում նրա ներկայությունն ապահովվում է բացառապես սեփական միջոցներով։ Ինչ վերաբերում է վերջին՝ Գրենոբլ կատարած այցին, ապա, այո՛, նախարարի կինն ուղեկցել է նրան, եւ այդ այցը եւս իրականացվել է բացառապես նրա անձնական միջոցներով։

Նշենք, որ այցի շրջանակում որեւէ ձեւաչափով պաշտոնական հանդիպումներին անգամ նա մասնակցություն չի ունեցել: Հարկ ենք համարում ընդգծել նաեւ, որ նախարարությունը փոխհատուցում է միայն նախարարության աշխատակիցների գործուղումների ծախսերը»: