24/11/2025

Այս շաբաթ Վազգեն Սարգսյանի Դավալուի հերթն էր` մոմավաճառի պաշտոնից առաջ չէր գնա, եթե Գարեգին Բ-ն չլիներ

Այսօր հերթական ցուցադրական միջոցառումն է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանը: Երեկ նա Մարզահամերգային համալիրում էր նման միջոցառում անում երկրի 7 հազար քաղծառայողների պարտադրված մասնակցությամբ, իսկ այսօր Արարատ գյուղի եկեղեցում է միջոցառման, որի անունը պատարագ է:

Հիշեցնենք, որ սա թվով չորրորդ պատարագն է, որին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը` իր թիմակիցների և փոքրաթիվ աջակիցների հետ: Սովորաբար հավատավոր մարդիկ պատարագների մասնակցում են իրենց համայնքի եկեղեցում, կամ էլ Մայր տաճարում, ոչ ոք Իջևանից չի հասնում Թալին` պատարագի մասնակցելու, սակայն քանի որ Փաշինյանը պատարագներն էլ քաղաքականացրեց` երկրում ձևավորեց շրջիկ պատարագ լսողների խումբ, որն իր հետևից գնում է այն եկեղեցին, որտեղ այդ կիրակի Փաշինյանը որոշել է պատարագի մասնակցել:

Այս շաբաթ Վազգեն Սարգսյանի Դավալուի հերթն էր:

Կարող ենք արձանահրել, որ նախորդ պատարագին Եկեղեցին ճաք տվեց` պառակտվեց, որովհետև Վայոց Ձորի թեմի բիզնեսմեն առաջնորդ Աբրահամ սրբազանն անձամբ մասնակցեց այդ պատարագին:

Նրան այդ քայլից հետ չպահեց ոչ միայն այն, որ ամենաերկարամյա թեմի առաջնորդն է և Գարեգին Բ կաթողիկոսի հետ երկար ճանապարհ է անցել, այլ նույնիսկ այն, որ պատարագին մասնակցելուց առաջ Փաշինյանը պայման է դնում, որ իր ներկայությամբ պատարագի տեքստում չպետք է հնչի ոչ Վեհափառի, ոչ տվյալ թեմի առաջնորդի անունը:

Եվ նախապես նման խոստում ստանալուց հետո է միայն ժամանում: Իսկ այդ հատվածը պատարագի պարտադիր բաղկացուցիչն է համարվում: Այսինքն, Աբրահամ սրբազանի ներկայությամբ Վայոց Ձորի Խաչիկ եկեղեցու քահանան զեղչել է և կաթողիկոսի, և թեմի առաջնորդի անունը` հենց իր ներկայությամբ:

Այդ նվաստացումն անգամ թեմի առաջնորդներին հետ չի պահում քաղաքականացված պատարագներին մասնակցելուց: Այսօր էլ, ինչպես երեկ գրել էինք, Արարատի պատարագին մասնակցում է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը, որի մասին եկեղեցում ասում են` մոմավաճառի պաշտոնից առաջ չէր գնա, եթե Գարեգին Բ-ն չլիներ:

Թեմի առաջնորդը ոչ միայն մասնակցում է, այլև հատուկ խոնարհումով ողջունել է եկեղեցին ու նրա առաջնորդին ամիսներ շարունակ վիրավորող վարչապետին:

Արձանագրենք նաև, որ շանտաժով, հոգեբանական տեռորով, հակաիրավական գործողություններով գործադիրի ղեկավարը կամաց հասնում է իր ուզածին` եկեղեցին բաժանվել է նիկոլական և հականիկոլական թևերի:

Նիկոլական հոգևորականները երկխոսելու, բանակցելու, համաձայնության գալու կոչեր են անում: Չնայած այս պարագայում համաձայնություն ասվածը մի բան է նշանակում` կաթողիկոսի հրաժարականը:

Արեգ Մարգարյան