Եվրոպական առաջնորդները հնարավոր է հաջորդ շաբաթ մեկնել Վաշինգտոն՝ քննարկելու Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Sky News-ին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ մի քանի եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, կարող են հաջորդ շաբաթվա սկզբին մեկնել Վաշինգտոն՝ փորձելով համոզել Թրամփին փոփոխել իր խաղաղության ծրագիրը։
Այնուամենայնիվ, հեռուստաալիքը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, հավանաբար, չի մեկնի ԱՄՆ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության բյուջետային ելույթից առաջ, որը կկայանա նոյեմբերի 26-ին:
Գերմանական Bild-ը տեղեկացնում է, որ G20 գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպայի Խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահների նախաձեռնությամբ «եվրոպական առաջատար երկրների առաջնորդները քննարկել են ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը»:
Բանակցությունների ավարտին Եվրոպայի Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան լրատվամիջոցներին հայտնել է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունների ղեկավարներին հրավիրել է արտահերթ գագաթնաժողովի, որ ծրագրված է անցկացնել նոյեմբերի 24-ին:
Մեկ օր առաջ նախատեսված է Ժնևում անցկացնել ԱՄՆ-Եվրամիություն-Ուկրաինա բանակցություններ: G20-ի շրջանակներում քննարկումներից հետո մամուլի համար տարածված հայտարարությամբ ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը չի մերժվել, ինչպես ավելի վաղ հաղորդել են արևմտյան մի քանի լրատվամիջոցներ:
Եվրոպական առաջատար երկրների, Եվրոպայի Խորհրդի և Եվրահանաձնաժողովի նախագահների գնահատման՝ «այդ առաջարկությունները կարող են կարգավորման հիմք դառնալ, բայց ունեն լրամշակման կարիք»:
Թրամփի ծրագրի վերաբերյալ ի՞նչ առարկություններ և առաջարկություններ ունեն եվրոպացիները, դեռևս պարզ չէ: Ըստ որոշ տեղեկությունների, եվրոպացիների համար ամենամտահոգիչն այն է, որ Ղրիմը և Դոնբասը փաստացի անցնում են Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ Ուկրաինան պետք է պարտավորվի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից:
Reuters- ի տեղեկություններով, եվրոպացիներն առաջարկում են Ուկրաինայի բանակի համար սահմանել 880 հազար թվակազմ և միջուկայինից զատ որևէ սպառազինության արգելք չկիրառել:
Ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է G20-ի գագաթաժողովին մասնակցությունից: Նա, ըստ երևույթին, եվրոպական առաջնորդների հետ Ուկրաինայի հարցով հավանական քննարկումները նպատակահարմար չի տեսել: Ըստ տեղեկությունների, ամերիկյան ծրագիրը Ժնևում եվրոպացիների և Ուկրաինայի հետ կքննարկի Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը:
Բավական ինտրիգային վիճակում է հայտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա G20-ի գագաթնաժողովին մասնակցում է, բայց Եվրոպայի Խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահների նախաձեռնությամբ Ուկրաինայի հարցով քննարկումներին չի հրավիրվել:
Դա խիստ արտառոց է, եթե նկատի ունենանք, որ Էրդողանը մի քանի օր առաջ Անկարայում հյուրընկալել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն և խոսել բանակցությունների ստամբուլյան հարթակը վերբեռնելու նպատակահարմարության մասին:
Կարելի է ենթադրել, որ, չնայած հրապարակային հայտարարություններին, Էրդողանն ուկրաինական հարցում «օպորտունիզմ է դրսևորում» կամ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Ռուսաստանը Թուրքիայի ներգրավվածությունը պահանջված չեն տեսնում:
Reuters-ը վկայակոչել է արեւմտյան մի «իրազեկ փորձագետի», որի գնահատմամբ՝ ուկրաինական խաղաղ կարգավորման «բանակցությունները կտևեն շուրջ մեկ տարի»: Ուկրաինայի նախագահ Զելենսկին, դիմելով ժողովրդին, իրավիճակը բնութագրել է «ընտրություն արժանապատվության և շատ դաժան ձմեռվա միջև»:
Նա որոշումներ կայացնելու համար առաջիկա շաբաթը համարել է «չափազանց բարդ»: Իրավիճակը որոշակիորեն աբսուրդային է, քանի որ կարգավորման ծրագիրը ներկայացվում, դրա շուրջ քննարկումներն ընթանում են Ուկրաինայում չդադարող պատերազմի պայմաններում:
ԱՄՆ փոխնախագահ Վենսը, երևի, հենց դա նկատի ունի, երբ ասել է, որ Ուկրաինայում խաղաղության կհաստատեն ոչ թե «երևակայող, այլ գետնի վրա կանգնած պրագմատիկ դիվանագետները»: Այնուամենայնիվ, թվում է ուկրաինական կարգավորման «անխուսափելիության» մասին վստահ կանխատեսումները վաղաժամ են:






Բաց մի թողեք
Ի՞նչ է սպասվում արդեն ոչ միայն Ուկրաինային, այլև՝ Եվրոպային
Ում էր պետք ուղղաթիռ կործանել և այդ առիթն օգտագործել լայնածավալ պատերազմ սկսելու համար
Թուրքիան «վաղը բացելու է Հայաստանի հետ սահմանը»` դա արտաքին քաղաքական «գաղտնագրո՞ւմ է»