23/11/2025

Ո՞նց եք նայելու բանտարկված սրբազանների աչքերի մեջ, հաջորդ կիրակի ուր կգնա իշխանական հավատացյալների խմբակը

«Դիմում եմ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին և Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանին։

Գալու է օրը, և հանդիպելու եք ապօրինաբար անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Մկրտիչ Սրբազանին։ Ո՞նց եք նայելու նրանց աչքերի մեջ։

Իսկ այդ օրն անպայման գալու է»,- այս մասին գրել է Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը շրջիկ չորրորդ պատարագին մասնակցեց: Պատարագարշավը, հիշեցնենք, սկսել էր Օհանավան գյուղի Հովհանավանքից, որտեղ կարգալույծ քահանա Ստեփանն էր պատարագը մատուցում: Հետո գնաց Թալին, ապա Վայոց ձորի Խաչիկ գյուղ և վերջինն այսօր Արամ Սարգսյանի հայրենի Արարատ գյուղում էր:

Վերջին պատարագներն արդեն ընթանում են օրինավոր քահանաների մատուցմամբ և անգամ երկու թեմի առաջնորդ են մասնակցել` Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանը, որը բազում բիզնեսների տեր է այդ մարզում և ըստ այդմ` պետական կառույցներից խիստ կախյալ և այսօր` Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը, որն ամեն ինչով պարտական է Գարեգին Բ կաթողիկոսին և մասամբ էլ` Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, ում ջանքերով է Մասիսի, Արարատի ու Արտաշատի տարածաշրջանն առանձին թեմ դարձել, իսկ հոգևորական Գևորգը` թեմի առաջնորդ:

Պարզվում է, այս ընթացքում Փաշինյանը և նրա մարդիկ կապվել են տարբեր հոգևորականների հետ և փորձել են պարզել, թե նրանցից ով է պատրաստ կատարել իր պահանջը` պատարագի ժամանակ չհնչեցնել Վեհափառի անունը, ինչը պատարագի ժամանակ պարտադիր է: Որոշ տեղերից, օրինակ, Տաթևի վանքից մերժում են ստացել: Որտեղ համաձայնել են` հաջորդ այցը նշանակվել է այդ եկեղեցի:

Ի դեպ, առանց թեմի առաջնորդի համաձայնության ոչ մի քահանա նման բան չի անի:

Մեր տեղեկություններով, հաջորդ «զոհը» Արմավիրի եկեղեցիներից մեկն է: Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանն, ի դեպ, իր «քայլն» արդեն արել է` Վաղարշապատի ընտրությունների շեմին մասնակցել է ՔՊ- ի քարոզարշավին և իշխանության հետ բանակցելու, հաշտվելու կողմնակիցներից է: Պարզապես կոմպրոմիսի պատրաստ թևը կամ չի գիտակցում, կամ ձևացնում է, թե այդպես չէ, իրականում բանակցություններ կարող են ընթանալ միայն Գարեգին Բ-ի հրաժարականի շուրջ: Փաշինյանը ՀԱ եկեղեցին քանդելու ծրագիրը միայն Վեհափառի հեռացմամբ է պատկերացնում:

Նիկոլն ասել է, չէ՞, որ ամեն կիրակի պատարագի է մասնակցում մեղքերը քավելու նպատակով: Հետաքրքիր է, թե ով է հուշել նրան այդ գաղափարը: Որովհետև մինչև Վեհափառին ու, ըստ այդմ, եկեղեցուն պատերազմ հայտարարելը, ինքը ոնց որ թե պատարագներին խիստ հազվադեպ էր մասնակցում: Ինչը նշանակում է, որ ինքը ոնց որ թե մեղքերը քավելու խնդիր չուներ:

Իսկապես, եթե նման մտայնություն ունենար, ապա պետք է որ ընդուներ իր ամենամեծ՝ պատերազմում իր, իբրև թե «չշշկռվելիք» գերագույն հրամանատարությամբ, խայտառակ պարտության մեղքը: Բայց եթե թիվ մեկ պատասխանատվությունը չի հանգեցնում թիվ մեկ մեղավորության, ապա մեղքերի քավումն էլ ընդամենը ֆիկցիա է՝ հերթական անգամ մարդկանց աչքերին թոզ փչոցի: Վստահ եմ, որ եթե իրեն հաջողվի, նախ, հասնել առաջին նպատակին՝ կաթողիկոսչի հրաժարականին, իսկ այնուհետև նաև գլխավոր նպատակին՝ ԱԺ ընտրությամբ վերարտադրմանը, ապա արագ կմոռացվեն թե՛ մեղքերը և թե՛ դրանք քավելու մտադրությունը:

Կարծում եմ, որ առաջին նպատակին հասնելու համար ինքը ստիպված է ճշգրտումներ մտցնել իր նասխնական ծրագրում: Որովհետև սկզբնական տարբերակն այն էր, որ ամուսնացյալ որևէ քահանա պետք է նշանակվեր հայոց եկեղեցու ժամանակավոր ղեկավար՝ կաթողիկոսի թե այլ պաշտոնի՝ ինքը կիմանար:

Հենց նշանակվեր, քանի որ եկեղեցական կանոնակարգով այդ բնույթի ընտրություն տեղի ունենալ չէր կարող: Եվ, ինչպես ասել եմ ժամանակին, դա պետք է լիներ Տեր Արամը: Ով մի քանի ամիս առաջ մասնակցել էր Հակոբյան Աննայի «ինքնակրթվելու» դասընթացին (կամ դասընթացներին):

Բայց Նիկոլը, վստահաբար, չի պատկերացրել, որ այդ քահանան կարգալույծ կարվի: Իսկ կարգալույծ քահանան չի ընդունվի եկեղեցու կողմից՝ թեկուզ թիկունքին նիկոլանմանների հսկայական բազմություն լիներ: Ու այդ պատճառով գործի է գցել, ենթադրաբար, կոմպրոմատային մեթոդը: Ու դա շնորհից արդեն իր կողմն է գրավել երկու թեմակալ առաջնորդների:

Դրանցից մեկը, ինչպես «Հրապարակ»-ն է գրել, Վայոց Ձորի թեմի «բիզնեսմեն» առաջնորդ Աբրահամ սրբազանն էր: Երկրորդը Մասյացոտնի (Արարատի մարզում) թեմի առաջնորդ Գևորգ սրբազանն էր: Երկու ղեկավարներն էլ խախտել են վեհափառին հպատակվելու կարգը, ինչը նրանց դրական չի բնութագրում: Ստացվում է, որ տասնամյակներ առաջ չամուսնանալու կարգ խախտած կաթողիկոսի դեմ հանելով թեմերի ղեկավարներին՝ ստիպում է նրանց խախտել այդ կարգի մեկ այլ դրույթը:

Պատկերացնում եք, չէ՞, կարգ խախտելու դեմ արշավը կազմակերպվում է մեկ այլ խախտումով: Թե ինչպես է դա տեղավորվում եկեղեցին բարեփոխելու գործընթացում՝ տեղյակ է միայն դրա հեղինակը: Իմ կողմից ասեմ, որ որևէ ձևով էլ չի տեղավորվում, սակայն Սահմանադրություն խախտած պաշտոնյայի համար եկեղեցական կարգ խախտելն ինչ է, որ ինքը չգնա դրան:

Ուղղակի որպես մարդ, ով արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ ամեն առավոտյան Տերունական աղոթք է իր մտքում գրաբարով արտասանում, չեմ կարող հարգել նման «սրբազանների»: Եվ կոչ եմ անում բոլոր հավատացյալներին նույն վերաբերմունքն ունենալ դրանց նկատմամբ: Իսկ Վայոց Ձորի ու Արարատի մարզերի բնակիչներին՝ նաև համապատասխանաբար դրսևորել այն իրենց կյանքում: