24/11/2025

Ռուսաստանը «սանձահարվում է»` Պուտինն ընդունում է իր պարտությունը

Պուտինը հեռավար խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ և հայտարարել, որ խաղաղության ամերիկյան ծրագիրը կարող է դրվել «Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմքում»:

Փաստացի դա նշանակում է, որ Պուտինը ընդունում է քսանութ կետից բաղկացած ամերիկյան առաջարկությունը: Այն, որ այդ ծրագիրը Մոսկվան և Վաշինգտոնը դեռևս «առարկայորեն չեն քննարկել», ընդամենը դիվանագիտական շատ անհաջող հնարք է, քանի որ ի սկզբանե Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը «խաղաղ նախաձեռնությունները քննարկել են Ալյասկայի գագաթնաժողովից առաջ»:

Եթե փորձենք գնահատել այս փաստաթղթի՝ հետկոնֆլիկտային Ուկրաինային վերաբերող կետերը, ապա կունենանք մոտավորապես հետևյալ պատկերը. Կիևը դե-ֆակտո կորցնում է Ղրիմի և Դոնբասի, ինչպես նաև երկու այլ մարզերի օկուպացված տարածքների նկատմամբ վերահսկողությունը, բայց դրանք իրավաբանորեն մնում են ինքնիշխան Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Ուկրաինական բանակի համար նախատեսվում է առավելագույնը 600 հազար թվակազմ: Ուկրաինան պարտավորվում է սահմանադրությամբ չեղարկել ՆԱՏՕ-ին անդամակցությունը, համաձայնագրի ստորագրումից հարյուր հետո Ուկրաինայում պետք է անցկացվեն նոր ընտրություններ: Կիևի համար ամենացավոտ կետերը սրանք են:

Ի՞նչ չի ստանում Ռուսաստանը: Ուկրաինայի Զինված ուժերի սպառազինվածությունը որևէ զինատեսակով չի սահմանափակվում՝ միջուկայինից բացի, իսկ այն, ինչ արգելված չէ, Կիևը կարող է ձեռք բերել կամ արտադրել, այդ թվում՝ ԱԹՍ-եր և հրթիռներ:

Պետք է ընդունել, որ ուկրաինական բանակի անգամ կրճատված թվաքանակը բավական ներշնչող է, իսկ եթե այն արդիականացվի, ինչը Թրամփի ծրագրով նույնպես արգելված չէ, ապա Ռուսաստանն արևմտյան սահմաններին կունենա հզոր հակառակորդ:

Ամերիկյան ծրագիրը չի նախատեսում Ուկրաինայի «դենացիֆիկացիա», ինչը Մոսկվան հռչակել էր «հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկը»:

Ամենակարևորը, սակայն, Ուկրաինայում կարգավորման ծրագրի անվանումն է՝ «ամերիկյան»: Դա բացարձակապես ապալեգիտիմացնում է Պուտինի «հաղթանակը»: Ինչ պայմաններով էլ որ վերջնական փաստաթուղթ ստորագրվի, միջազգային ընկալումն այն է լինելու, որ Թրամփը «փրկեց Պուտինի դեմքը», այլապես հավաքական Արևմուտքը Ռուսաստանին պարտության կմատներ հենց ռազմաճակատում:

ԱՄՆ նախագահը գործնականում հաստատում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին իր հայտարարությունը, որ ֆաշիզմին հաղթել է Միացյալ Նահանգները: Ընդունելով ուկրաինական կարգավորման Թրամփի ծրագիրը, Վլադիմիր Պուտինը ճանաչում է Ռուսաստանի ռազմավարական պարտությունը:

Եվ եթե համաձայնագիրն ստորագրվի և ի կատար ածվի, ապա համաշխարհային քաղաքականությունը կարձանագրի, որ պուտինյան դարաշրջանն ավարտվել է: Հետխորհրդային տարածքի բոլոր պետությունները և ժողովուրդները պետք է երախտապարտ լինեն ուկրաինացիներին, նրանց բացառիկ հերոսության շնորհիվ Ռուսաստանը «սանձահարվում է»: