Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրելու առիթով մեծ-մեծ խոսքեր են ասվել: Եթե ես լինեի ոչ թե հայաստանցի, այլ այլմոլորակային, ապա կզարմանայի, թե ով է այդ այրը, որ արժանացել է նման դրվատանքի:
Ղազախստանում, շքանշանի հանձնման իր ելույթում ասել է պարոն Տոկաևը, Հայաստանի վարչապետին ճանաչում և հարգում են որպես «համազգային առաջնորդ, որը կարողացել է նոր էներգիա ներարկել իր երկրի զարգացմանը և հզոր խթան հաղորդել պետականաշինության բոլոր ոլորտներում բարեփոխումներին»։
Անկեղծ ասած, նախքան Ղազախստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից Հայաստան ցորեն արտահանելու պայմանավորվածությունը, որևէ վերաբերմունք չեմ ունեցել պարոն Տոկաևի նկատմամբ: Ղազախական չորրորդ կարգի ցորենի պատմությունից հետո, բնական է, դրսևորվել է բացասական վերաբերմունք:
Ցորենի պատմության ֆոնին Նիկոլի հասցեին տոկաևյան խոսքեր կարդալն ամրապնդել է այդ համոզմունքը: Քանի որ, նախ, Փաշինյանը համազգային առաջնորդ էր մինչև իր «չշշկռվելիք» գերագույն հրամանատարությամբ դաժան ու խայտառակ պարտությունը:
Երկրորդ, վերջինս իսկապես կարողացել է նոր էներգիա ներարկել, բայց ոչ թե երկրի զարգացմանը, այլ անդունդ գլորվելուն: Եվ հզոր խթան է հաղորդել ոչ թե «պետականաշինության բոլոր ոլորտներում բարեփոխումներին», այլ պետականաքանդ բոլոր նախաձեռնություններին:
Դրա մասին ՀՀ-ում տեղյակ են բոլոր գրագետ մարդիկ, ուղղակի մեծամասնությունն աշխատանքն ու եկամուտները կորցնելու վախից ձայն չիհանում: Ինչպես նաև, ինչը զուտ նիկոլական ժողովրդավարական նոու-հաու է, կալանավայրում ամիսներով չհայտնվելու վախից:
Անցնեք առաջ: «Դուք ունեք ամուր հեղինակություն որպես Հայաստանի ազգային շահերն առաջ մղելու գործում ռազմավարական տեսլականով և անսասան կամքով օժտված ականավոր պետական գործիչ»,- Նիկոլի հասցեին շարունակել է գովեստներ հղել Ղազախստանի նախագահը: Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչպես է հնարավոր պարտության խորհրդանիշ անձին, նախ, դրվատել որպես ականավոր պետական գործչի:
Դրանով պարոն Տոկաևը ձեռ է առել հայաստանյան ողջ բնակչությանը՝ բացառությամբ «հարևան պողոսների»: Հենց միայն վերջիններիս, քանի որ ուսապարկերը ևս գիտակցում են (հետաքրքիր է՝ ինչպե՞ս է դա հնարավոր), նախ, «մեծարգո վարչապետի» պարտված լինելու հանգամանքը: Եվ երկրորդ, դրա բացասականությունը: Ուրիշ բան, որ դա այսօր չեն բարձրաձայնում, ինչն անպայման կանեն իշխանափոխությունից հետո՝ իրար հերթ չտալով:
Մի հարցում համաձայն եմ պարոն Տոկաևի հետ, որ այդ գործիչն օժտված է անսասան կամքով: Սակայն այն նպատակամղված է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ազգային շահերն առաջ մղելուն: Եվ, ըստ այդմ, վերջինիս ռազմավարական տեսլականը սահմանափակվում է զուտ թշնամու պահանջների շրջանակով:
Սակայն ինքը չունի որևէ հեղինակություն՝ ո՜ւր մնաց, թե այն լիներ ամուր: Որովհետև թշնամու պահանջները որպես սեփական ծրագիր առաջ մղողը չի կարող ունենալ որևիցե հեղինակություն:
Ղազախստանի նախագահի կարծիքով, վարչապետ կոչեցյալի «հեռատես ղեկավարության ներքո Հայաստանը վստահորեն ընտրել է կայուն առաջընթացի ուղին, ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում և օրինակ է ծառայել մտածված ու պատասխանատու քաղաքականության՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ»։
Փաստորեն թնամու անվերջանալի պահանջներ կատարելը հեռատես ղեկավարության, իր հակառակորդներից կայացած սեփականություն խլելը կայուն առաջընթացի ուղի ընտրելու դրսևորումներ են: Իսկ թե ինչպիսի դիրքեր ունի Հայաստանը միջազգային ասպարեզում, վստահ եմ, գիտակցում է նաև պարոն Տոկաևը:
Նաև տեղյակ է, թե ինչպիսի օրինակ է ծառայում Նիկոլի արտաքին քաղաքականությունը: Իսկ եթե տեղյակ չէ, ապա ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում եվրոպացիները կարող են հուշել իրեն:
Ինչ մնում ներքին քաղաքականությանը, ապա չէի ցանկանա, որպեսզի ղազախ ժողովուրդը ևս բախվեր դրան՝ ժողովրդավարության անվան ներքո բռնատիրության հաստատմանը: Հատկապես որ հենց պարոն Տոկաևի օրոք է վերացվել իր նախորդի՝ Նուրսուլթան Նազարբաևի «էլբասի» (ազգի առաջնորդ) կոչումը:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ելույթի վերլուծությունն ավարտենք այս ներբողով. «Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Դուք դրսևորել եք «ոչ ավանդական, վճռական որոշումներ կայացնելու կարողություն»: Բայց թե որքանով է այն արժեքավոր, պարոն Տոկաևը կիմանար, եթե ճակատագիրը նման ղեկավար պարգևեր Ղազախստանին:
Ու այդ ժամանակ սեփական աչքերով կտեսներ, թե ինչ է այն բերել ողջ ղազախ ժողովրդին: Բայց անկեղծ ասած, ես չէի ցանկանա, որպեսզի դա տեղի ունենար: Որովհետև, չնայած ղազախ ժողովրդի թյուրքախոս լինելուն, այն ցեղասպանության չի ենթարկել իմ հայրենակիցներին:
Էլ չասած, որ հայաստանցիների գրագետ ու հայրենասեր հատվածը շատ բան կտար, որպեսզի չունենար նման ղեկավար: Ու ազգն էլ լիներ այն արժանապատիվը, որ առկա էր նախկինների օրոք:
Մի խոսքով, որքան էլ Ղազախստանի նախագահը դրվատանքի խոսքեր շռայլեր պարտության խորհրդանիշ անձի հասցեին, դրանից Ղազախստանի բարձրագույն շքանշանի արժեքը տվյալ պարգևատրման առումով չէր փրկվելու: Մնում է պարզել, թե կոնկրետ ով է խորհուրդ տվել պարոն Տոկաևին նման պատվի արժանացնելու Նիկոլին:






Բաց մի թողեք
Ռուսաստանը «սանձահարվում է»` Պուտինն ընդունում է իր պարտությունը
Ամերիկյան ծրագրի տապալումն ինչ հետևանքներ կունենա անձամբ Պուտինի և Ռուսաստանի համար
Անկախ Հայաստանը երեսունչորս տարում պետք է «ծներ» իր «անտի-Վենեդիկտովին»