24/11/2025

Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ չեն հետևել Ալիևի օրինակին

Ինստիտուցիոնալ ընդդիմության երկու թևերը շարունակաբար պնդում են, որ նախահեղափոխական Հայաստանը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հասել էր այնպիսի հաջողությունների, որ Իլհամ Ալիևը կառավարության նիստում հայտարարել է, թե միջնորդներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը:

Եթե հակառակորդ երկրի նախագահի խոսքը մեջբերման և քաղաքական-հանրային խոսույթում կիրառման ենթակա է կամ կարելի է ընդունել որպես Հայաստանի ներքաղաքական կյանքի գնահատման էտալոն, ապա սա արդեն իսկ «անձնատվություն է», որովհետև թշնամուն, որպես կանոն, չեն հավատում, նրա տեսակետը, գնահատականը հավաստի չեն ճանաչում և, մանավանդ, այդ հիմքով սեփական քաղաքականություն չեն մշակում:

Բայց սա աբսուրդի երկիր Հայաստանն է, որտեղ նախկին նախագահը կարող է թույլ տալ թշնամու հերոսացում և հանրությանը ներշնչել, որ պատերազմի և խաղաղության հացը կախված է մեկ մարդուց, և դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է,- ուստի զարմանալի չէ, որ նրա ձևավորած «Հայաստան» խմբակցության պատգամավորն էլ Ադրբեջանի նախագահի ավելի քան տասնամյա վաղեմության խոսքը փորձում է հայաստանյան ներքաղաքական կյանքում ընդդիմության խաղաքարտ կամ կռվան ներկայացնել այն իմաստով, որ «նախկին իշխանություններն Արցախի հարցը լուծել էին, ներկաները հանձնեցին Արցախը, որովհետև իշխանության էին բերվել հենց դրա համար»:

Նախ, «դասականից» մեջբերում անելիս պետք է հավատարիմ մնալ բնագրին: Ալիևն ասել է, որ իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը և եզրափակել. «Բայց մենք դրանք երբեք չենք գնա»: Եվ այդ մասին նա մի քանի անգամ կամ բազմիցս ասել է հենց Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

Ալիևն այդ «գաղտնիքն ինչո՞ւ է բացահայտել» ապրիլյան քառօրյա մարտերից հետո, կարելի է մի քանի ենթադրություն անել, բայց խոսույթի հասցեատերն առաջին հերթին Ադրբեջանի հանրությունն էր, նա կեղծ տպավորություն է ստեղծել, իբր միջնորդներն իրեն պարտադրում են «դավաճանել Ադրբեջանի ազգային շահերին, բայց ինքն անհողդողդ է, երբեք ոչ մի զիջման չի գնա»:

Այդ մանտրան նրան պետք էր առաջին հերթին ներքին խնդիր լուծելու համար, եթե միջնորդները «պնդում են, որ ԼՂ-ն պետք է անկախ լինի», ուրեմն Ադրբեջանում ձևավորում են «հինգերորդ զորասյուն», որ խոսում է Հայաստանի հետ երկխոսության, խնդիրը խաղաղ –բանակցային ճանապարհով կարգավորելու մասին:

Կառավարության նույն նիստում Ալիևը նրանց հռչակել է «ադրբեջանական ժողովրդի շահերի դավաճան»: Իսկ դավաճաններին պետք է ոչնչացնել, ինչը և նա արել է:

«Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է, որ նույն տարիներին Արևմուտքը Հայաստանում տասնյակ ՀԿ-եր է ստեղծել, որ «քարոզել են ադրբեջանական տեսակետներ»:

Նախ, սա հակասում է Արևմուտքի կողմից ԼՂ անկախության ճանաչումն Ալիեւին «պարտադրելու» թեզին, որովհետև Լեռնային Ղարաբաղի անկախությունն Ադրբեջանին «պարտադրող» Արևմուտքը Հայաստանում չպետք է «ադրբեջանական խոսույթի տարածման կենտրոններ ստեղծեր»:

Բայց ավելի անտրամաբականը, արտառոցն այն է, թե Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ չեն հետևել Ալիևի օրինակին. երբ նա ոչնչացնում էր Արևմուտքի «հինգերորդ զորասյունը», Երևանում, ըստ Արթուր Խաչատրյանի, ծաղկում էր «սորոսականությունը», որն էլ, ի վերջո, «գունավոր հեղափոխություն իրականացրեց»:

Քաղաքական խոսույթի արժեքն առաջին հերթին տրամաբանվածությունն է, պատճառա-հետևանքային հիմնավորումը: «Հայաստան» խմբակցության պատգամավորի ներկայացմամբ՝ մինչ Ադրբեջանը նաև գաղափարախոսության, տեղեկատվա-քարոզչական և հանրային կարծիքի մակարդակով լծված էր Հայաստանի դեմ պատերազմի անխուսափելիության ներդրման և ամրապնդման գործին, Հայաստանում, ընդհակառակը, հաղթում էր «սորոսականությունը»: