24/11/2025

Ադրբեջանը փորձելու է այդ հարթակը ձախողել, բայց՝ մեր ձեռքով

Հայաստանի քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ մեկնել են Բաքու: Դա պատասխան այց է: Երևանում ադրբեջանցիներին ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հայաստանի պատվիրակների հետ Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանական մամուլը Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների Բաքու այցը, կազմակերպված քննարկումը և Հիքմեթ Հաջևի հետ հանդիպումը լուսաբանել է արձանագրային ոճով, փաստը լայն մեկնաբանության չի արժանացել նաև սոցիալական մեդիայում:

Ադրբեջանում, ինչ խոսք, մամուլը և անգամ սոցցանցերը վերահսկվում են: Բայց Հիքմեթ Հաջիևի կողմից հայկական պատվիրակության ընդունելությունը, կարծես, վկայում է, որ այդ ձևաչափով շփումներին Ալիևը կարեւորություն է հաղորդում:

Հաջիևը հայ-ադրբեջանական բանակցություններին մշտապես ներգրավված է դեռևս քառասունչորսօրյա պատերազմին նախորդած շրջանից:

Մեզանում, մինչդեռ, ընդդիմությունը սպասարկող մամուլի և սոցցանցային «առաջամարտիկների» միջոցով Բաքու մենկնած պատվիրակների դեմ «խաչակրաց արշավանք» է սկսել:

Նրանք մեղադրվում են Բաքվի բանտերում պահվող ռազմագերիների և Արցախի նախկին ղեկավարների հետ տեսակցելու «մտադրություն չունենալու», ինչպես նաև «այդ քննարկումներով ադրբեջանական ագրեսիան և վանդալիզմը լեգիտիմացնելու» մեջ:

Հայ-ադրբեջանական որևէ երկխոսություն ծանր է եղել նույնիսկ նախապատերազմական շրջանում: Ինքս երեք անգամ նման քննարկումների մասնակցել եմ: 1999-ին՝ Ջերմուկում, 2001-ին՝ Ստեփանակերտում, 2007-ին՝ Ծաղկաձորում, ադրբեջանցիների հետ շփվելու մի առիթ էլ ունեցել եմ 2003թ. դեկտեմբերին՝ Շոտլանդիայում, բայց դա բոլորովին այլ պատմություն է:

Ես պատկերացնում եմ, թե մեր պատվիրակների համար որքն դժվար է դեմ առ դեմ նստել Ալիևի իշխանության ներկայացուցիչների հետ և խոսել խաղաղությունից, համագործակցությունից, երկու ժողովուրդների հաշտության անհրաժեշտությունից:

Բայց երկխոսությունն այլընտրանք չունի: Ադրբեջանական կողմին հնարավոր բոլոր խողովակներով պետք է հստակ ուղերձներ փոխանցվեն: Եվ այստեղ պետական-դիվանագիտական ռեսուրսները պետք է խնայվեն:

Կան հարցեր, որ Հայաստանի վարչապետը չպետք է ներկայացնի Ադրբեջանի նախագահին կամ արտգործնախարարն՝ ադրբեջանցի պաշտոնակցին, բայց քաղհասարակության ներկայացուցիչը պետք է այն փոխանցելու հարմար պահ և ձև ու միջոց գտնի:

Այս փուլում, երբ երկխոսությունը դեռևս «մեկնարկային վիճակում է», քննարկումները, կարելի է ենթադրել, միայն ընդհանուր բնույթի են: Հայաստանի քաղաքական ուժերը, թվում է, պետք է քաղհասարակության «բանակցային թիմին» ոչ թե թիրախավորեն, այլ նրա հետ աշխատեն, թեմաներ, խնդիրներ, հնարավոր կարգավորումներ հուշեն:

Ընդ որում, չափազանց կարևոր է ընդհանուրից կոնկրետ հարցերի անցմանն ադրբեջանական կողմի պատրաստակամության «թեսթավորումը»:

Այսինքն, մենք պետք է կարողանանք պարզել, թե Բաքուն որևէ առարկայական խնդրի շուրջ ի՞նչ «առավելագույն» և «նվազագույն շեմ» ունի, ո՞րն է Հայաստանի հետ փոխհանդուրժողականության և խաղաղ գոյակցության նրա պատկերացումը և այն իրականացնելու ի՞նչ գործիքակազմ է առաջարկում:

Հանրային երկխոսությունը սկզբունքորեն պաշտոնական դիվանագիտության աջակից պիտի լինի, բայց կարող է «երկսայրի սրի» վերածվել, եթե կառավարելիությունից դուրս մնա:

Ադրբեջանը փորձելու է այդ հարթակը ձախողել, բայց՝ մեր ձեռքով: Գերխնդիր է Ալիևին նման հնարավորություն չտալ: