Կիրակի երեկոյան Ժնևում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հակիրճ հայտարարել է, որ պատվիրակությունները վաղը կշարունակեն աշխատել «խաղաղության ծրագրի» վրա։
Ռուբիոն հավելել է, որ ծրագրի վրա աշխատանքները շարունակվում են արդեն երեք շաբաթ, դրանք զգալիորեն արագացել են վերջին չորս օրերի ընթացքում, և որ այսօրվա բանակցությունները շատ արդյունավետ են եղել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից մշակվող ծրագիրը պարունակում է 26 կամ 28 կետ՝ կախված տարբերակից:
Ժնևի բանակցողները դեռ պետք է լուծեն մի քանի հարց, հայտարարել է Ռուբիոն.
«Այժմ, ինչպես ցանկացած վերջնական համաձայնագրի դեպքում, այն պետք է համաձայնեցվի նախագահների մակարդակով։ Կան մի քանի հարցեր, որոնց վրա մենք պետք է շարունակենք աշխատել»։
ԱՄՆ-ն ակնկալում է համաձայնության գալ Ուկրաինայի համար ծրագրի շուրջ «հնարավորինս շուտ», ընդգծել է պետքարտուղարը՝ հավելելով, որ լավատես է:
Նա չի բացառել առաջիկա օրերին ծրագրում լրացուցիչ փոփոխությունների հնարավորությունը. «Այսպիսով, ես չեմ պատրաստվում ենթադրություններ անել կամ մանրամասնել առաջարկի վերջին տարբերակի որևէ կոնկրետ կետ, քանի որ, անկեղծ ասած, վաղը կամ մյուս օրը ամեն ինչ կարող է ավելի շատ փոխվել»։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն հասկանում է Ռուսաստանի դիրքորոշումը. «Ակնհայտ է, որ ռուսներն այստեղ խոսք ունեն, այնպես չէ՞։ Մենք այս գործընթացի հենց սկզբից սկսել ենք ռուսական դիրքորոշման մեր ըմբռնմամբ, քանի որ այն մեզ բազմաթիվ ձևերով փոխանցվել է»։
«Ակնհայտ է, որ մենք հիմա պետք է ռուսական կողմին փոխանցենք այն, ինչին հասել ենք՝ եթե կարողանանք այս համաձայնության հասնել ուկրաինական կողմի հետ», – ասել է ամերիկացի դիվանագետը։







Բաց մի թողեք
ԱՄՆ-ը և Ուկրաինան Ժնևում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել
Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ
Մակրոնն առաջարկել է փոփոխել Թրամփի պլանը