Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն / ՈՒԱՀԲ/ և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը /ՄՀԴ/ խուզարկություններ էին անցկացրել նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը:
Ինքը պաշտոնյան ավելի ուշ հաստատել էր նման գործողությունների անցկացումը՝ նշելով, որ իր փաստաբանը տեղում է և որ այդ գործընթացը խոչընդոտի չի հանդիպել:
Հաջորդիվ, երկու հակակոռուպցիոն մարմինները հայտնեցին, որ խուզարկությունների արդյունքում ոչ մի մի մեղադրանք չի առաջադրվել, իսկ քննչական գործողությունները շարունակվում են: Ապա եղավ Երմակի հրաժարականը, որի մասին անձամբ հայտնեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնանկ արված ղեկավար Անդրեյ Երմակը իր վիճահարույց հրաժարականից հետո առաջին անգամ կապ է հաստատել արևմտյան լրագրողների հետ, ըստ The New York Post (NYP):
Նախկին պաշտոնյան հուզիչ ուղերձ է հղել հրատարակությանը: Այնտեղ նա իրեն անվանել է ազնիվ և պարկեշտ մարդ՝ վստահեցնելով, որ պատրաստ է ցանկացած ճնշման: «Ինձ անարգել են, և իմ արժանապատվությունը չի պաշտպանվել, չնայած այն հանգամանքին, որ ես Կիևում եմ 2022 թվականի փետրվարի 24-ից», – ասել է քաղաքական գործիչը:
Ես չեմ ուզում խնդիրներ ստեղծել [նախագահ Վլադիմիր] Զելենսկու համար. ես գնում եմ ռազմաճակատ: Գուցե մենք կրկին տեսնվենք, հայտարարել է նա: Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը չի նշել, թե երբ է մտադիր գնալ առաջնագիծ կամ ինչ կարգավիճակով:
Նա նաև նախապես ներողություն է խնդրել, եթե իր հետ այլևս հնարավոր չէ կապ հաստատել: «Ես խորշում եմ ինձ ուղղված կեղտից, առավելի խորշում ճշմարտությունն իմացողների աջակցության բացակայությունից», – եզրափակել է քաղաքական գործիչը:
Հատկանշական է, որ Զելենսկու, թերևս, ամենամերձավոր զինակցի հրաժարականը տեղի է ունեցել նրա՝ ԱՄՆ կատարելիք այցից մեկ օր առաջ, որտեղ նա պետք է բանակցեր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։
Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի։ Պորտալը Երմակի հրաժարականը որակել է որպես «քաղաքական երկրաշարժ», որը տեղի է ունեցել «նրա՝ Մայամի կատարելիք այցից մեկ օր առաջ, որտեղ նա պետք է բանակցեր նախագահ Թրամփի թիմի հետ խաղաղության ծրագրի շուրջ»։
«Երմակը, Զելենսկու մի քանի օգնականների հետ միասին, պետք է այս շաբաթավերջին ժամաներ Մայամի՝ Թրամփի ներկայացուցիչների՝ Սթիվեն Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցելու համար», – նշում է Axios-ը։ Պորտալի տվյալներով՝ ուկրաինական կողմը հույս ուներ Ուիտկոֆի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցից առաջ հանդիպման ժամանակ վերջնականապես քննարկել ԱՄՆ խաղաղության ծրագրի մանրամասները։
Երմակի հրաժարականի և առաջիկա բանակցությունների հետ կապված Զելենսկին նաև հայտարարել է, Ուկրաինային անհրաժեշտ է ներքին ուժ, որը արտաքին միասնության հիմքն է և աշխարհի հետ հարաբերությունների հիմքը։ Նրա խոսքով՝ այս ներքին ուժը պահպանելու համար չպետք է լինեն շեղող հանգամանքներ, և գործընկերները չպետք է որևէ հարց ունենան Ուկրաինայի համար. «Հետևաբար, այսօր կայացվում են հետևյալ ներքին որոշումները։ Նախ, տեղի կունենա Ուկրաինայի նախագահի գրասենյակի վերագործարկում։ Գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել», – ասել է Զելենսկին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Երմակին՝ բանակցություններում Ուկրաինայի դիրքորոշումը միշտ ներկայացնելու համար՝ «ճիշտ այնպես, ինչպես պետք է լինի», նշելով, որ սա հայրենասիրական դիրքորոշում է։
Ուկրաինայի առաջնորդը պարզաբանել է, որ միջազգային գործընկերների հետ առաջիկա բանակցություններին Ուկրաինան կներկայացնեն Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և հետախուզության աշխատակիցները։
Միաժամանակ, NBC հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ փորձելով ստիպել Զելենսկուն ստորագրել ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման համաձայնագիր։
Մեկնաբանելով Զելենսկու թիմում ազդեցիկ գործչի հրաժարականը՝ «Politico»–ն գրում է, որ շատերը Երմակին համարում են Զելենսկու «երկդիմի» իշխանության «պրոդյուսեր»։ «ԱՄՆ-ի հետ խաղաղ ծրագրի շուրջ բանակցություններին նախապատրաստվելու ֆոնին Զելենսկին կմնա առանց Երմակի։ Սա տեղի է ունենում այն պահին, երբ գալիս է ձմեռը, և ռուսական բանակը փորձում է օգտվել Դոնբասում իր առավելությունից», – ասվում է հոդվածում։
Strana.ua հրատարակության տվյալներով էլ՝ Երմակի հրաժարականը Զելենսկու իշխանության կորստի նշան էր. «Սա հզոր ազդանշան է ամբողջ պետական ապարատի համար, որ Զելենսկին այլևս երկրում «իշխանության աղբյուրը» չէ և չի կարող ոչինչ երաշխավորել նույնիսկ իր ամենամոտ շրջապատի համար»:
Ինչպես ընդգծել են հոդվածի հեղինակները, Երմակի տանը խուզարկությունները ցույց են տալիս, որ Ուկրաինայի նախագահը նույնպես կարող է ցանկացած պահի կոռուպցիայի մեղադրանքների ենթարկվել, քանի որ քչերն են կարծում, որ նրա գրասենյակի նախկին ղեկավարը և կոռուպցիայի գործերով մյուս մեղադրյալները «կարող էին իրականացնել իրենց ծրագրերը առանց Զելենսկու իմացության, համաձայնության կամ նույնիսկ անմիջական մասնակցության»։
Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Սպիրիդոն Կիլինկարովը նույնպես Երմակի հրաժարականը անվանել է «Զելենսկու վերջը»։ Նա նշել է, որ Ուկրաինայի առաջնորդի գրասենյակի նախկին ղեկավարը անփոխարինելի էր Ուկրաինայում իր ուղղահայաց իշխանության կառուցվածքը պահպանելու համար, սակայն նրա հրաժարականով Զելենսկու ռեժիմը մոտենում է իր ավարտին։
Իշխանության մենաշնորհը վերացել է։ Հիմա ամեն մարդ իր համար է։ Բոլորը հասկանում են, որ Զելենսկին դավաճանել է իր ամենամոտ ընկերոջը, նշել է ուկրաինացի պատգամավորը:
Բրիտանական Sky News հեռուստաալիքը նույնպես կարծում է, որ հսկայական իշխանություն ունեցող Երմակի պաշտոնանկությունը կարող է հարված հասցնել Զելենսկու հեղինակությանը։
«Այս դրամատիկ քայլը տեղի է ունենում Ուկրաինայի համար ամենավատ ժամանակ, որը գտնվում է ռուսական հարձակումների և ամերիկյան ճնշման տակ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Թե ո՞ր իրադարձությանն ականատես կլինենք սկզբից՝ Զելենսկու հեռացմանը, թե պատերազմի ավարտին՝ պետք է դեռ սպասել…






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7