Այս օրերին շատերը մտածում են, թե ինչպե՞ս կարող են օգնել Եկեղեցուն, որովհետև ամեն մարդ զգում է՝ երբ Եկեղեցին թուլանում է, թուլանում է նաև մեր ազգային ինքնությունը։
Հրապարակ թերթը գրել է․ Վերջին օրերին տարածված հայտարարությունները, որտեղ պահանջվում է մի խումբ սրբազանների կարգալույծ անել, ավելի շատ վնասում են, քան օգնում։ Կարգալույծը Եկեղեցու խիստ ներքին և զգայուն գործընթաց է, որը չի կարող որոշվել սոցցանցային աղմուկով կամ հանրային ճնշմամբ։
Այդ պահանջները, որքան էլ հույզերով լցված լինեն, հաճախ քաղաքական բնույթ են կրում և չեն ծառայում իրական միասնությանը։
Նման հայտարարությունները ստեղծում են նոր բաժանումներ՝ ի վերջո հենց այն պառակտումն են խորացնում, որին ձգտում են Եկեղեցուն թուլացնել փորձող ուժերը։ Երբ ներսում սկսում են խոսել ոչ թե խնդիրներ լուծելու, այլ «մի կողմի վերացման» մասին, Եկեղեցին դառնում է առավել խոցելի։
Իսկ այս պահին ամենից վտանգավորը հենց այն է, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը փորձում են Եկեղեցին ներքաշել իրենց քաղաքական պայքարի դաշտ։
Բայց Եկեղեցու ուժը հենց նրանում է, որ այն քաղաքական կառույց չէ։ Այն չի կարող դառնալ կուսակցությունների ճակատամարտի գործիք։ Եկեղեցու առաքելությունը ազգային է, հոգևոր է, ժամանակի իշխանություններից անկախ:
Եվ եթե կա խնդիր, այն լուծվելու է ներսում՝ հոգևորականների, ավանդության և եկեղեցական կարգի շրջանակում, ոչ թե հրապարակային դատաստաններով կամ ցուցակներով։
Այսօր մեզնից պահանջվում է ոչ թե նոր բաժանարար գծեր ստեղծել, այլ ժամանակ տալ, որ Եկեղեցին օգտվի իր իսկ բնականոն ընթացակարգերից։ Խնդիրները չի կարելի բերել ազգի աչքի առաջ՝ դրանք դարձնելով քաղաքական սպառման թեմա։ Եթե ուզում ենք Եկեղեցին ուժեղ տեսնել, պետք է հարգենք նրա ինքնիշխան ընթացքը։
Այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը շատերը մոռանում են. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի կիրառում կտրուկ և պատժիչ մոտեցումներ ոչ թե այն պատճառով, որ թույլ է, այլ որովհետև գիտակցում է՝ հրատապ, գժտեցնող որոշումները խորացնում են ճգնաժամը։
Նրա մոտեցումը համբերության, հանդարտության և միավորող ռազմավարության մոտեցում է։ Երբեմն այս վարքը սխալմամբ ներկայացվում է որպես թուլություն, բայց իրականում դա Եկեղեցին ներսից չքանդելու միակ ճանապարհն է։
Իսկ ուժը հենց այսպիսի պահերին է երևում՝ ոչ թե հակառակորդներ ստեղծելով, այլ փորձելով պահպանել ամբողջությունը։
Այս ամենը ցույց է տալիս, որ մեր կաթողիկոսը գործում է ամուր, մտածված և ռազմավարական դիրքից՝ հակառակ տարածված թյուր պատկերացմանը, որ նա «համաձայնում է ամեն ինչի»։ Իրականում նա անում է ամենադժվարն ու ամենաազնիվը՝ պաշտպանում է Եկեղեցու միասնությունը։
Այս ֆոնի վրա պարզ երևում է քաղաքական իշխանության իրական նպատակը՝ պառակտել Եկեղեցին, ազգը, որպեսզի կառավարելի դառնա ժողովուրդը։






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7