02/12/2025

Տեսանյութը շարունակում է ակտիվ տարածվել՝ թիրախավորելով երևացող բոլոր երեխաներին. Գալյանը դիմել է քաղաքացիներին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է համացանցում լայն տարածում ստացած անչափահասների մասնակցությամբ բռնարարք պարունակող տեսանյութի տարածմանը:

«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ դատապարտելի է, սակայն ցանկանում եմ խոսել այն երևույթի մասին, որի հետ գործ ունենք այսօր: Համացանցում այս տեսանյութը շարունակվում է ակտիվ կերպով տարածվել, թիրախավորելով դրանում երևացող բոլոր երեխաներին, ինչպես բռնարարք կատարող, այնպես էլ բռնության ենթարկվող երեխային: Թիրախավորվում են նաև նրանց ծնողները»,- ասել է նախարարը:

Արդարադատության նախարարը խնդրել է ձեռնպահ մնալ տեսանյութը տարածելուց և այնպիսի մեկնաբանություններ կատարելուց, որոնք պարունակում են կոչեր՝ հայտնաբերել տեսանյութում երևացող երեխաներին, նրանց հետ տեսնել հաշվեհարդար, գտնել նրանց ծնողներին և այլն:

«Մեր պետությունը իրավական պետություն է, ուստի բոլոր հանցավոր երևույթներին արձագանքը պետք է տեղի ունենա իրավական ճանապարհով: Իսկ իրավական ճանապարհը հայտնաբերելն է հանցագործության դեպքը, բացահայտել հանցագործություն կատարած անձանց, պատժել նրանց և վերասոցիալականացնել: Պետք է նշեմ, որ շուրջ երկու ամիսների վաղեմություն ունեցող այս դեպքը գտնվել է պետական մարմինների ուշադրության կենտրոնում և դա է պատճառը նաև, որ երեխաների նկատմամբ կիրառված է եղել ամենախիստ խափանման միջոցը, որը կալանքն է, որի կիրառումը ըստ մեր օրենսդրության և միջազգային չափանիշների, միայն իրականացվում է խիստ բացառիկ դեպքերում: Հավելեմ, որ բոլոր անչափահասների նկատմամբ այժմ կան կիրառված խափանման այլ միջոցներ»,- ասել է Գալյանը: