13/12/2025

Սա եկեղեցու հաղթանա՞կը չէ, որ քահանա է փնտրում

Անընդհատ խոսել, թե այս կամ այն քահանան, եպիսկոպոսը դավաճանել, դավաճանում է Եկեղեցուն, կամ Փաշինյանը Եկեղեցում մի նոր դավաճան է գտել ու կենտրոնանալ դրա շուրջը, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի օրակարգն է։

Հոգեբանական առումով սա դասական մանիպուլյացիա է՝ ուշադրությունը շեղել ինստիտուտի էությունից և տեղափոխել անհատների վրա։ Ի՞նչ է նրա ուզածը։ Որպեսզի հանրությանը, ողջ աշխարհին ցույց տա, թե տեսեք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց երես են թեքել նրա նվիրյալները։

Որ Գարեգին Բ-ն մենակ է մնացել, որովհետև ոչ մեկը նրան կաթողիկոս չի համարում և չի ուզում հնչեցնել նրա անունը։ Այնինչ նրանք մոլորյալներ են, կաշկանդված աշխարհիկ կյանքի կապանքներով։

Փաշինյանն իր փոքրիկ շրջիկ կրկեսով և ուժային լծակներով փորձում է իրականացնել այդ ծրագիրը։ Քաղաքական տեխնոլոգիայում սա կոչվում է «համակարգի ներսից քայքայում»՝ ինստիտուտին հարվածելով ոչ թե սկզբունքների, այլ պատկերացված ներսի թուլության միջոցով։

Կարծում եմ՝ դժվար թե գտնվի մի մարդ, որ ներքուստ համոզված լինի, որ իշխանության պայքարը կաթողիկոսի դեմ է։ Հանրության գիտակից մասը հասկանում է, որ սա պայքար է ոչ թե անձի, այլ հայի ինքնության, պատմության, Եկեղեցու դեմ։

Հայ Առաքեական Սուրբ եկեղեցու հետևորդները պիտի առաջնորդվեն ոչ թե Եկեղեցու ծաղկունքի մեջ մոլախոտերի հարցի քննարկման մեջ մտնելով, որը բոլոր ժամանակներում եղել ու լինելու է, այլ պիտի կարողանան տեսնել այն ծաղիկները, որոնք փարթամորեն աճել ու չեն ենթարկվում ոչ պիտանի արմատների ճնշումներին։ Հոգեբանորեն սա կոչվում է «ընտրողական ընկալում»։

Կամ մենք կենտրոնանում ենք աղտոտված հատվածների վրա և խեղճանում, կամ տեսնում ենք կենսունակ հատվածները և ուժեղանում։ Եկեղեցին դա է ու պիտի հպարտանալ բոլոր ջերմաստիճաններին դիմակայող ու աճող ծաղիկներով։

Անկեղծ, ես ինձ բարոյապես լավ եմ զգում, որ մեր Եկեղեցում ունենք այնպիսի նվիրյալ հոգևորականներ, ովքեր գիտակցում են, որ Աստծո տունը թատրոնի օթյակ չէ, որտեղ ծափահարում են դերասանին։

Եկեղեցին նրանց համար սրբություն է։ Ցավոք, կան նաև այնպիսինները, անհնարին է, որ չլինեն, որովհետև նրանք հողեղեն մարդ են և սխալական, որոնք չեն հասել գիտակցության այն մակարդակին, որ Աստծուց բարձրը միայն Աստված է։

Լավ է, որ Փաշինյանը ջրի երես հանեց նմաններին։ Մագնիսի նման ձգող այս երևույթը հոգեբանական օրենք ունի՝ այն, ինչ բացահայտվում է ճնշման տակ, միշտ էլ գոյություն է ունեցել ավելի վաղ։ Առավել լավ է, որ մենք հասկացանք, թե ովքեր են ամուր իրենց հավատի մեջ։ Վատը մատնանշելու փոխարեն փորձենք ընկալել այն լավը, ինչ ունենք այսօր։

Խոսվում է, որ Գյումրիում Փաշինյանի համար պատարագ անող քահանա են փնտրում։ Սա արդեն հաղթանակ է։ Եթե գտնեն կամ ինչ-որ տեղից բերեն, միևնույն է, Փաշինյանը պիտի ընդունի իր պարտությունը Եկեղեցում։

44-օրյա պատերազմից առաջ նա ասում էր՝ եթե պարտվենք էլ, չպիտի ընդունենք մեր պարտությունը։ Բայց այսօր տեսնում ենք, որ հանձնումները պարտությունն ընդունելու հետևանք են։

Պարտությունը պիտի ընդունել և հետ կանգնել։ Քաղաքական հոգեբանության ամենահիմնական օրինաչափություններից մեկն այն է, որ պարտությունը մերժող առաջնորդը վերջում պարտվում է կրկնապատիկ, որովհետև իրականության մերժումը չի փոխում իրականությունը։

Պարտությանը հետևում է հաղթանակը, երբ պարտվողը հեռանում ու ճանապարհ է բացում։

Հասմիկ Բաբաջանյան; hraparak.am