Մահացել է սիրված բժիշկ, հրաշալի մարդ, կատակասեր անհատականություն Արտավազդ Սահակյանը, նա ձեռք, թև, ոտք, մատ էր կպցնում ու մարդկանց վերջույթները դառնում էին ամբողջական, ինքը կյանքը լքեց 72 տարեկան հասակում, մեկը լիներ նրա կյանքի թելերը կպցներ իրար։
Դժվար թե լինի որևէ փոքրիշատե ակտիվ մարդ, որ իրեն չճանաչի, շփված չլինի, առաջին անգամ, երբ զանգահարեցի, որ հանդիպենք, ի դեպ, ԱԺ պատգամավորի թեկնածու էր, հարցազրույցի համար, ասաց՝ Բա ես ինչի ձեզ չեմ ճանաչում, չեղավ, չեղավ, էդ սխալը պիտի ուղղվի, ու հանդիպեցինք ․․․
Շատ տարիներ առաջ իր հետ հարցազրույցում ասաց․ Նախ կցանկանայի, որ հիվանդ մարդ չլիներ, ու բժիշկներն անգործ լինեին (ծիծաղում է): Անձամբ ես կուզեի տեսնել «առողջ» պացիենտներ՝ զբաղվելով նրանց գեղեցկացմամբ, երիտասարդացմամբ՝ էսթետիկ խնդիրներով: Մենք երկու տիպի պացիենտներ ենք ունենում՝ մարդիկ, ովքեր առողջ են և մեզ են դիմում էսթետիկ նպատակներով՝ արտաքինը շտկելու կամ ավելի երիտասարդանալու, երկրորդ խումբը մարդիկ են, ովքեր դիմում են մեզ վնասվածքի հետևանքով բացակայող մարմնամասը վերականգնելու խնդրով, օրինակ՝ ուռուցքները հեռացնելուց հետո: Բացի այդ, մեզ են դիմում նաև անհետաձգելի ցուցումներով հիվանդներ, այն է՝ մարմնամասի վնասվածք, այդ թվում՝ նաև անդամահատում: Կորցրել է թևը, ոտքը, ականջը… Արագ՝ 6-8 ժամվա ընթացքում արձագանքման դեպքում կարող ենք վերականգնել:
Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

ԵրՊԲՀ ռեկտոր, համալսարանական հիվանդանոցի ղեկավար, ՀՀ առողջապահության նախպկին նախարար Արմեն Մուրադյանը գրել է․
…Իր տեսակով անկրկնելի,մշտապես առույգ ու կենսախինդ կոչումով Բժիշկ…
Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից անժամանակ հեռացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։
Կորուստը մեծ է համալսարանական ընտանիքի համար։
«Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյան ղեկավարած թիմի շնորհիվ մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ կատարվել են հսկայական աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ:
1984 թվականից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ: Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից:
Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն:
Խորապես ցավում եմ անդառնալի կորստի կապակցությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, կոչումով բժիշկ…







Բաց մի թողեք
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. Տեսանյութ
Ապահովագրված անձն ինչպե՞ս է օգտվելու ապահովագրությունից. Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
Ներառվա՞ծ եք պետական ապահովագրական համակարգում, թե` ոչ. ինչպե՞ս իմանալ. նախարարը մանրամասնել է․ Տեսանյութ