13/12/2025

Հայաստան «ադրբեջանցիների անխուսափելի վերադարձի» թեման կարող է ներքաղաքական «եղանակ ստեղծել»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցյալ շաբաթ ուղերձով դիմել է Բաքվում գումարված «պատմամշակութային ժառանգության պահպանման և վերադարձի իրավունքի» հարցերով «միջազգային գիտաժողովի» մասնակիցներին:

Ալիևը հայտարարել է, որ «բռնատեղահանված ադրբեջանցիները Հայաստան վերադառնալու իրավունք ունեն»: Ադրբեջանի նախագահի հատկապես այս հայտարարությունը Հայաստանում փորձագիտական շրջանակների, մամուլի և սոցիալական հարթակների բուռն արձագանքների առիթ է տվել:

Թեմայի շուրջ ավելի վաղ նկատել ենք, որ Ադրբեջանի նախագահը կամ սեփական հանրությանը «հավսար-զգաստ« վիճակում պահելու, կամ Հայաստանում ներքին լարվածություն սադրելու նպատակ է հետապնդում:

Երկու տարբերակներն էլ հավանական են: Չի բացառված, որ այդ քարոզչությունը փոխկապակցված է, մի կողմից ադրբեջանական հանրությանը ներշնչվում է, որ «Արևմտյան Ադրբեջան նպատակը մոռացված չէ», մյուս կողմից Հայաստանի հանրության նկատմամբ հոգեբանական գորհ է ձեռնարկում այն հաշվարկով, որ Հայաստան «ադրբեջանցիների անխուսափելի վերադարձի» թեման կարող է ներքաղաքական «եղանակ ստեղծել»:

Այդուհանդերձ, Ալիևի «ուղերձում» առկա է մի կարևոր նրբություն: Նա չի կրկնել թեզը, որ «Հայաստան ադրբեջանցիների վերադարձի ապահովումը պարտավորություն է»:

Ավելին, Ալիևը քաղաքական, հանրային, գիտական շրաջանակներին կոչ է արել Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի պատմական, մշակութային և քաղաքակրթական հիմանավորումներ ստեղծել և միջազգային հանրությանը ներկայացնել»:

Իհարկե, այս նարատիվը ևս դուրս է Հայաստան-Ադրբեջան վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակից: Ալիևը, կարծես, դա ընդունում է, բայց փաստացի անոնսավորում է հայ-ադրբեջանական, եթե կարելի է ասել՝ քաղաքակրթական, սոցիոհոգեբանական բանավեճ, որ կարող է հարաբերությունների կարգավորման վրա ոչ արդյունավետ ազդեցություն ունենալ:

Պետք է, սակայն, նկատի ունենալ, որ Ալիևը հետևողականորեն սրելու է այդ թեման: Քաղաքական առումով Հայաստանի կապիտուլյացիան ոչ միայն չի ստացվել, այլև հետագայում հնարավոր չէ: Մնում է, որ Ալիևը զարգացնի նարատիվը, որ Հայաստանի այսօրվա պետությունը «ստեղծվել է վաղնջական ադրբեջանական հողերի վրա»:

Այս թեզն ըստ էության լուրջ մարտահրավեր է, բայց նաև՝ հնարավորություն: Ալիևը փաստացի միջազգային հանրությանը կոչ է անում հայ-ադրբեջանական էթնաքաղաքակրթական բանավեճում արբիտրի դեր ստանձնել: Իրավաքաղաքական հարթությունում այս վեճի լուծումը վաշինգտոնյան համաձայնություններն են:

Եթե Ալիևը ձգտում է ավելիին, ապա նա, կամա, թե ակամա բացում է «Պանդորայի արկղը»: Այս մրցակցության մեջ, երևի, չի կարելի ապավինել մտայնությանը, որ հայկական ինքնությունը գիտականորն ճանաչված է, մենք այստեղ մտավախություն չպետք է ունենանք:

Հայաստանի բոլոր գիտական հաստատությունները, կենտրոնները, անհատ ուսումնասիրողները պետք է լուրջ կապեր ստեղծեն կամ վերականգնեն միջազգային գիտական, հանրագիտարանային կառույցների հետ:

Լրջագույն մրցակցությունը պարտադրում է համախմբել առկա հնարավորությունները, ներգրավել նորերը: Այդ մրցապայքարում հաղթանակը լրջագույն ռեսուրս կլինի Հայաստանի համար: