13/12/2025

Բաքուն Թեհրանին հիշեցնում է «աջակցությունը Հայաստանին, իր տարածքով դեպի Հայաստանի սպառազինությունների տրանզիտը ․․․»

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբաս Արաղչին Բաքվում բանակցություններն ավարտել է: Ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլին նա Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը որևէ կոնկրետ գնահատական չի տվել:

Արաղչին խոսել է իրանա-ադրբեջանական բանակցությունների միայն օրակարգի մասին և մասնավորեցրել, որ քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր, իսկ եզրակացությունն այն է, որ Իրանը և Ադրբեջանը թեև ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, այդուհանդերձ երկկողմ հարաբերություններում առկա են նաև «որոշակի տարաձայնություններ»:

Արաղչին նշել է, որ բոլոր մակարդակի հարաբերություններում կողմերը երկխոսությունն ընտրել են որպես առաջնահերթություն: Նա ընդգծել է, որ ընթացիկ տարում Իրանի նախագահ Փեզեշքիանը երկու անգամ այցելել է Ադրբեջան և ամփոփել, որ Թեհրանում սպասում են Իլհամ Ալիևին:

Արաղչիի այս ձևակերպումներից հասկացվում է, որ Իսրայելի կողմից հարձակման դեպքում Ադրբեջանի դիրքորոշման հետ կապված Թեհրանի մտավախությունները Արաղչի-Ալիև հանդիպմանը քննարկվել են, բայց չեն փաարատվել կամ լիովին չեն փարատվել:

Ադրբեջանը բազմիցս հավաստիացրել է, որ թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ, բայց ժամանակակից պատերազմում «տարածք» հասկացությունը չափազանց հեղհեղուկ է, իսրայելցի զինվորականը կարող է չհայտնվել Ադրբեջանում կամ իսրայելական կորճանիչներն՝ ադրբեջանական օդային սահմաններում, բայց Իսրայելն օգտագործի Բաքվում իր ստեղծած կիբերանվտանգության կենտրոնը և ճնշի իրանական ՀՕՊ միջոցների կառավարումը:

Ֆորմալ առումով Ադրբեջանը «հավատրիմ կմնա» Իրանի հանդեպ պարտավորությանը, փաստացի Իսրայելի կողմից կմասնակցի Իսլամական հանրապետության դեմ պատերազմին:

Ե՞րբ են Թեհրանում սպասում Իլհամ Ալիևին: Տարին ավարտվում է, մինչև դեկտեմբերի վերջ նման այց հազիվ թե հնարավոր է կազմակերպել: Ըստ երևույթին, Ալիևի Թեհրան այցը կծրագրվի եկող տարվա առաջին կեսի կտրվածքով:

Եթե, իհարկե, նա Իրանի նախագահի առջև պատերազմի դեպքում Իսրայելին չաջակցելու պարտավորություն ստանձնելու որոշում կայացնի: Իրավիճակն ինտրիգային է այնքանով, որ Բաքվի իշխանական մամուլը Թեհրանին հիշեցնում է «աջակցությունը Հայաստանին, իր տարածքով դեպի Հայաստանի սպառազինությունների տրանզիտը, Ադրբեջանում կազմակերպված ահաբեկչությունները»:

Ենթադրվում է, որ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանն Իլհամ Ալիևը հենց այդ «մեղքերն» է ներկայացրել: Իհարկե, Բաքուն Թեհրանին մեղադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի բացումը» խոչընդոտելու մեջ, բայց արդեն այն իմաստով, որ եթե «Թրամփի ուղու» հետ կապված հարցեր կան, ապա թող «քննարկվեն Երևանի հետ»:

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների կանխատեսելիության առումով ազդանշանային է լինելու մի հարց, եթե Ադրբեջանի կառավարությունը տարսեկզբից բացի ցամաքային սահմանը և վերականգնի մարդկային տեղաշարժը, ապա, երևի, Ալիևն էլ կմեկնի Թեհրան: