13/12/2025

Գյումրին Փաշինյանի թատրոնին չմիացավ

Ակնհայտ էր, որ կիրակի օրը Փաշինյանի այցը Գյումրվա Յոթ վերք եկեղեցի չարդարացրեց իշխանության հաշվարկներն ու սպասելիքները։ Դեկտեմբերի 7-ի պատարագին Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Գյումրիում կազմակերպվել էր բավական մտածված սցենարով` Գյումրին հնազանդեցնելու ծրագրի վերջին շտրիխները դնելու մտադրությամբ:

Իշխանությունը փաստացի եկել էր աջակիցների խմբերով, ոստիկանության մեծ ուժերով, ինչպես նաեւ՝ իրենց կողմն անցած եկեղեցականների հետ։ Սակայն իրական պատկերն այլ ստացվեց։ Գյումրիում դեռ նախօրոք նկատվում էր դիմադրության տրամադրություն՝ ինչպես հոգեւորականների, այնպես էլ քաղաքացիների կողմից։

Շիրակի թեմի հոգեւորականները հրաժարվել էին պատարագ անելուց, նախապես Յոթ վերքից դուրս էին բերվել սուրբ պարագաները, մոմավաճառից մինչեւ մաքրուհի՝ հրաժարվել էին այդ օրն աշխատանքի գալ, հեռացվել էր թեմի առաջնորդի գահը։ 200 տարվա մեջ առաջին անգամ չհնչեցին Յոթ վերքի զանգերը` ժամկոչը հրաժարվել էր հնչեցնել այն։

Դա առաջին ազդակն էր։ Պատարագի ընթացքում էլ տեսանելի էր դժգոհությունը․ հնչեցին ռեպլիկներ, չքողարկված բողոքի արտահայտություններ, արձանագրվեցին ոստիկանության կողմից եկեղեցուց քաղաքացիների դուրսբերման դեպքեր։ Եկեղեցու ներսում պատարագին մասնակցող կանայք լրացրին պատարագի զեղչված հատվածները` բարձրաձայնելով Վեհափառի անունը:

Մթնոլորտը լարված էր ու հակասական։ Քաղաքապետարանի շենքի ճակատին էլ իջեցվել էր կալանավորված սրբազանների մեծ պաստառը, ինչը գյումրեցիների գոհունակությունն էր առաջացրել։ Յոթ վերքի` «պատվերով պատարագին» զուգահեռ, մի քանի մետր հեռավորության վրա մեկ այլ իրականություն էր` կանալավորված քաղաքապետի նորոգած Ամենափրկիչ եկեղեցում, որտեղ օրինական պատարագ էր ընթանում, եւ ողջ ընթացքում չէին դադարում հնչել եկեղեցու զանգերը:

Պատարագը բարձրախոսով հնչում էր մոտակա տարածքում, որի ժամանակ նաեւ կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունները հնչեցին, իսկ հավատացյալների մուտքն ազատ էր` առանց հրմշտոցի, առանց ոստիկանների: Մարդիկ գալիս էին հաղորդակցվելու Աստծո հետ։ Քաղաքն այդպես իր ձեւով նշում էր երկրաշարժի զոհերի հիշատակի 37-րդ տարելիցը, իսկ փողոցի այն կողմում գտնվող վարչապետի ներկայությունը որեւէ մեկին չէր էլ հետաքրքրում։

Ամենափրկիչում ներկա էին Շիրակի թեմի բոլոր հոգեւոր հայրերը, որոնց ներկայությունը եւս մի հիշատակություն էր քրիստոնեական արժեքներին հավատարմության եւ հավատի, ինչը զգում էին եկեղեցի մտնող բոլոր մարդիկ։ Օրվա ավարտին հայ հանրությունն արձանագրեց, որ թեեւ իշխանությունն ամեն միջոցի գնաց եւ սադրեց գյումրեցիներին, նաեւ բոլոր քայլերն արեց, որ տպավորություն թողնի, թե վարչապետի այցը «կազմակերպված» ու իրական է, այնուհանդերձ, արդյունքում ստացվեց հակառակ պատկերը` անօրինական պատարագը մատուցվեց, պետական այրեր էին այցելել, անգամ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությունն էր ապահովվել, բայց Գյումրին չընդունեց նրանց, իր մերժումն ու դատապարտող վերաբերմունքն արտահայտեց մի քանի մակարդակով՝ հոգեւոր, քաղաքացիական եւ խորհրդանշական։