12/12/2025

Դա մի հոգու գրած տեքստ է եւ մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը

Արցախի թեմը մի հայտարարություն տարածեց թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի պահվածքը դատապարտող թեմական խորհրդի  հայտարարության վերաբերյալ:

Արցախի թեմի առաջնորդը, հիշենք, որ այն տիրադավ հոգեւորականների շարքում է, որ անցել են Փաշինյանի կողմը, իսկ թեմական խորհուրդն էլ դատապարտող հայտարարություն էր տրածել եւ նշել, որ արցախցիների մեծ մասն այլեւս չի ընդունում Վրթանես եպիսկոպոսի առաջնորդությունը: Թեմի կողմից քիչ առաջ տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Հարկ ենք համարում պարզաբանել, որ վերջին շրջանում Արցախի թեմական խորհուրդը որևէ հայտարարություն չի ընդունել և չի տարածել։ Խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են Թեմական խորհրդին՝ դուրս գալով Թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի ներկա խորհուրդը ձևավորվել է Թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և նրա կողմից խորհրդի անդամների նշանակմամբ, որը հաստատվել է 2024 թվականի մարտի 11-ին Վեհափառի տնօրինությամբ։

Թեմական խորհրդի որոշ անդամներ՝ ներառյալ խորհրդի ատենապետը, 2024 թվականի հունիսից հանդիսանում են նաև Երևանում գործող Արցախի թեմի գրասենյակի աշխատակիցներ։

Սույն թվականի նոյեմբերի 28-ին Վրթանես սրբազանը Թեմի երևանյան գրասենյակում Խորհրդի 8 անդամներից 3-ի հետ հանդիպում է ունեցել և իբրև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ ներկայացրել իր պատկերացումներն ու քայլերը՝ առկա ճգնաժամի հաղթահարման, իրավիճակի առողջացման և Մայր Աթոռի հեղինակությունն ու առաքելությունը անսասան պահելու ուղղությամբ։ Դրանք հիմնված են իբրև Մայր Աթոռի միաբանության քառասնամյա անդամի նրա փորձառության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հոգևոր առաքելության և բարոյական դիրքերում պահելու, այն ավելի ամրապնդելու համոզմունքի վրա։ Այդ մոտեցումներն արտահայտված են նաև հրապարակայնորեն։

Ցավում ենք, որ հաջորդ օրերին Թեմական խորհրդի որոշ անդամներ, ովքեր նաև Արցախի թեմի երևանյան գրասենյակի աշխատակիցներ են, ակնհայտ քաղաքական նպատակներով մամուլում ոչ միայն ձևախեղված են ներկայացրել այդ հանդիպման բովանդակությունն ու ձևաչափը, այլ նաև իրենց չպատշաճող վարքով վիրավորել Թեմակալ առաջնորդին, իսկ Թեմի գրասենյակի՝ իրենց իսկ աշխատավայրի հանդեպ նախաձեռնել քարոզչական արշավ։

Ցավոք սրտի այդ հայտարարությունները Թեմական խորհրդի ատենապետի և առանձին անդամների կողմից մամուլում ներկայացվել են իբրև Թեմական խորհրդի հայտարարություն։ Այս ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ թեմական խորհրդի ընդամենը երեք անդամների սեփական նախաձաեռնությամբ Սրբազանի հետ հանդիպումը ներկայացվում է որպես թեմական խորհրդի ժողով, սակայն, ըստ թեմի կանոնադրության թեմակալ առաջնորդը չի հրավիրել թեմական խորհրդի ժողով»:

Լեռնիկ Հովհաննիսյանը թեմի հայտարարության մասին ասաց. «Դա մի հոգու գրած տեքստ է եւ մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը»։ Ճշտող հարցին ի պատասխան նշելով, որ իր համոզմամբ թեմի առաջնորդի կողմից գրված տեքստ է: Իրենց՝ թեմական խորհրդի հայտարարության մասին էլ ասաց.«Հայտարարությունը տարծվել է թեմական խորհրդի անդամների մեծամասնության համաձայնությամբ»:

Խորհրդի 8 անդամներից վեցը համաձայնություն են տվել, երկուսն էլ արտերկրում են եւ նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել: Ալեքսանյանը տարակուսանք հայտնեց, որ Արցախի թեմը իրենց հայտարարությունից մեկ շաբաթ անց է որոշել նման տեքստ տարածել, ավելին չմեկնաբանեց։