Անցյալ ուրբաթ Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր հայեցակարգը, որտեղ Մերձավոր Արևելքն առաջին անգամ չի դիտարկվում որպես «բարձր նշանակության տարածաշրջան և սպառնալիքի աղբյուր»:
Միջազգային մամուլն ուշադրության է արժանացրել երկու կարևոր հանգամանք: ԱՄՆ ազգային անվտանգության հայեցակարգը Թուրքիան կարեւորում է միայն որպես Սիրիայում կայունության հաստատման գործընկեր, իսկ Վաշինգտոնի առաջնահերթությունն է «գերտերությանը թույլ չտալ ամրապնդվել Պարսից ծոցում և վերահսկել էներգակիրների տարանցման զգայուն երթուղիները»:
Փորձագետները գտնում են, որ Մերձավոր Արևելքում «գերտերության» ազդեցությունը սահմանափակելու մասին դրույթը վերաբերում է Չինաստանին, որ վերջին մոտ տասը տարիներին կայուն հարաբերություններ է հաստատել Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ:
Այդ երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի հետ ներդրումային խոշոր պայմանավորվածություններ ունի նաև Միացյալ Նահանգները:
Ռուսաստանյան լրատվամիջոցները համարում են, որ ԱՄՆ ազգային անվտանգության նոր հայեցակարգն «անտեսում է Թուրքիային և նյարդայնացնում Իսրայելին»: Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Պաղեստինի անկախության ճանաչմամբ:
Դեկտեմբերի 8-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Գերմանիայի կանցլեր Մերցի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Պաղեստինի հարցում կողմերի տեսակետները տարբերվում են: Նաթանյահուն վկայակոչել է Գազան, որտեղ պաղեստինցիները «դե-ֆակտո պետություն ունեին, բայց այն օգտագործեցին Իսրայելը ոչնչացնելու նպատակով»:
Մերձավոր Արևելքում Թուրքիայի և Իսրայելի «անտեսումը», երևում է, այդ երկրներին մղում է Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության: Բրյուսելում համարում են, որ Թուրքիայի առազմաարդյունաբերական համալիրը կարող է նպաստել Եվրոպայի նոր անվտանգային համակարգի ձեւավորմանը:
Ռազմաարդյունաբերության և առաջավոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության են ձգտում նաև Գերմանիան և Իսրայելը:
Այս համատեքստում աչքի է զարնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Սլովակիա այցը: Բանակցությունների ավարտին Իլհամ Ալիևը մամուլի համար հայտարարությամբ ընդգծել է, որ Ադրբեջանի «համար պատերազմը մնացել է անցյալում», բայց կողմերը քննարկել են ռազմաարդյունաբերության եւ տեխնոլոգիաների ասպարեզում համագործակցության հեռանկարը:
Ալիևը հավանական է համարել, որ սպառազինությունների «համատեղ արտադրանքը դուրս կգա միջազգային շուկաներ»:
Ալիևը հայտարարել է բանակը լիովին ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու նպատակի մասին: Ադրբեջանը դեպի ՆԱՏՕ է գնում Թուրքիայի միջնորդությամբ: Եվրամիությունը Թուրքիային միասնական ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու առաջարկություն է արել:
Ադրբեջանը, կարծես, ներգրվում է այդ ծրագրին: ԱՄՆ-ի ազգային անվտանգության հայեցակարգը շարունակում է Իրանը դիտարկել որպես «սպառնալիքի աղբյուր»: Ալիևը Բրատիսլավա է մեկնել Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ բանակցություններից հետո:
Փորձագետները կանխատեսում են, որ եկող տարվա կեսերին «Իսրայելը նոր հարված կհասցնի Իրանին, եթե անգամ Միացյալ Նահանգները դեմ լինի»: Ադրբեջանը մտնում է «մեծ խաղի» մեջ, որի կանխատեսելիությունը մնում է գերխնդիր:






Բաց մի թողեք
Թուրքիան ապահովագրում է Ադրբեջանին
Ալիևի խնդիրն է, թե հակառուս-ժողովրդավար Քերիմլիին ինչպե՞ս է ներկայացնելու «Կրեմլի գործակալ»
Պատերազմը չէր լինի, եթե Կառավարության ղեկավարը խնդրո առարկա կարգավորման փաթեթին ընթացք տար