14/12/2025

Փակ նիստում իր կողմից վերջերս ձեռք բերված թանկարժեք գույքի մասին են հարցրել ԱԱԾ տնօրենին

Նախկինների թալանի մասին յոթհարկանի հեքիաթներով յոթ տարի շարունակ ժողովրդին ահաբեկած իշխանությունները ոչ միայն չեն զիջում նախկին թալանչիներին, այլեւ տեղ-տեղ անգամ տվել-անցել են նրանց` իրենց ունեցվածքով, դղյակներով, թանկարժեք մեքենաներով, պարգեւավճարներով եւ պետական բյուջեն ծախսելու ցինիզմով։

Հրապարակ թերթը գրել է․ Եվ այդ ցոփ ու շվայտ կյանքով ապրում են ոչ միայն տարբեր պաշտոնյաներ, այլեւ անգամ ուժայինների ներկայացուցիչները:

Նման տեղեկություններ կան անգամ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ կապված: Նրա եւ մերձավորների անվան հետ են կապում վերջին տարիներին կայացած մի թանկարժեք գործարք` Վահագնի թաղամասում մի առանձնատուն։

Մենք՝ բոլորս, հիշում ենք, թե Սեյրան Օհանյանի անվան հետ կապված համանման գործարքն ինչքան են շահարկել ՔՊ-ականները, չնայած նա բազմիցս հայտարարել է, որ առանձնատունն իրենը չէ: Հիմա նման լուրեր են շրջանառվում ԱԱԾ 36-ամյա տնօրենի առնչությամբ:

Օրեր առաջ խորհրդարանում պաշտպանության եւ անվտանգության ոլորտների բյուջետային փակ քննարկումներից մեկի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը քննարկմանը մասնակցող ԱԱԾ տնօրենին իր ոլորտին վերաբերող հարցերից զատ հարցրել է նաեւ․ «Դուք կամ Ձեր հարազատները, ընտանիքի անդամները վերջին տարիներին Վահագնի թաղամասում տուն ձեռք բերե՞լ եք, թե՞ ոչ»։ Անդրանիկ Սիմոնյանը խուսափել է ուղիղ պատասխանից՝ ասելով, որ իրենից անձնական տվյալներ են պահանջում, ինքն իրավունք ունի չպատասխանելու։ ԱԱԾ տնօրենի խուսափողական պատասխանը թերեւս անակնկալի է բերել նաեւ նիստին ներկա իշխանականներին։ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանը կրկնել է հարցը` ԱԱԾ տնօրենին խնդրելով պատասխանել այդ հարցին, սակայն Անդրանիկ Սիմոնյանը կրկին անդրդվելի է մնացել եւ հստակ պատասխան չի տվել։

Ըստ ընդդիմադիրների, խոսքը մոտ 1.5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան մասին է, որը պատկանել է ՕԵԿ նախկին պատգամավոր Հեղինե Բիշարյանի ազգականներից մեկին։ ԱԱԾ տնօրենի ամսական աշխատավարձը մոտ 800 հազար դրամ է, նման աշխատավարձով 1.5 մլն դոլարանոց գույք անգամ հիպոթեքով հնարավոր չէ գնել։ Եվ ենթադրվում է, որ հենց ՔՊ-ն պետք է պարզի այս հարցը: Որովհետեւ շատ ծիծաղելի կլինի այն պարագայում, երբ հայտարարում են, թե դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ, եւ այդ՝ կոռուպցիայի դեմ պայքար մղողներից մեկի մասին նման լուրեր են շրջանառվում:

Անդրանիկ Սիմոնյանը, ի դեպ, Փաշինյանի կառավարության 6-րդ ԱԱԾ տնօրենն է, այդ պաշտոնում նշանակվել է այս տարվա ամռանը՝ հունիսին, երբ Արմեն Աբազյանը հրաժարվեց նվաստացնելով կալանավորել Սամվել Կարապետյանին եւ պաշտոնանկ արվեց ու 36-ամյա նախկին դատավորի առաջ կանաչ լույս վառեց։ Սիմոնյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Աշխատել է դատախազությունում, Քննչական կոմիտեում, 2021թ. մարտի 31-ին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ, երբ օգնել էր պաշտոնից հեռացնել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին եւ քրեական վարույթ հարուցել նրա նկատմամբ: Նրա ցուցմունքի հիման վրա Վարդազարյանին մեղադրանք առաջադրեցին` արդարադատությանը միջամտելու համար։

Երեկ մեզ չհաջողվեց զրուցել Հեղինե Բիշարյանի հետ, որ պարզեինք, թե իր որ ազգականն է ԱԱԾ տնօրենին վաճառել տունը: Խոսեցինք ՔՊ-ական Զարուհի Բաթոյանի հետ։ «Ճիշտն ասած, դա փակ քննարկում է եղել եւ լուսաբանման ոչ ենթակա, ու ես այդ մասին Ձեզ չեմ կարող ինֆորմացիա տալ»,- փորձեց խուսանավել տիկին Բաթոյանը, երբ հարցրինք, թե ինչ պատասխան է ստացել, երբ ԱԱԾ տնօրենին հարցրել է` ունի՞ արդյոք գույք Վահագնի թաղամասում։ Արդյո՞ք իշխող թիմում այդ հարցը քննարկվել է, փորձե՞լ են պարզել՝ ունի՞ ԱԱԾ պաշտոնյան նման թանկարժեք գույք։ «Այդպիսի հարց մեր թիմում չի քննարկվել։ Համենայնդեպս, իմ ներկայությամբ նման հարց չի քննարկվել»։ Իսկ Դուք ստացե՞լ եք հարցի պատասխանը։ «Այդ հարցը չի քննարկվել․․․ ես փակ նիստի ժամանակ եմ հանդիպել իրեն, իսկ փակ նիստին ինչ եմ հարցրել, ինչ ենք խոսել, ես չեմ կարող Ձեզ պատմել»,- ո՛չ հերքեց եւ ո՛չ էլ հաստատեց ՔՊ-ականը։

Որպես իշխող թիմի ներկայացուցիչ՝ հետաքրքրված չե՞ք, թե որտեղից կարող էր երիտասարդ պաշտոնյան, որ նախկինում բիզնեսմեն չի եղել, նման թանկարժեք գույք ձեռք բերել։ «Ես այս պահին չեմ կարող ասել՝ այդ ինֆորմացիան ինչքանով է հավաստի, մնացածը հուզում է այնքանով, որքանով մյուս խնդիրները։ Նկատի ունեմ՝ որքանով է դա խնդրահարույց, եթե խնդրահարույց տեղեկություն կա, որեւէ մեկը տեղյակ է այդ մասին, ինքն ազատ է, եւ ես էլ կոչ եմ անում դիմել համապատասխան մարմիններին՝ այդ ինֆորմացիան ճշտել։ Ես այդպիսի հարց չեմ քննարկել, այդպիսի հարցում չեմ արել համապատասխան մարմիններին»։ Դուք հետաքրքրված չե՞ք ձեր իշխանության ներկայացուցիչների կասկածելի ունեցվածքով։ «Բոլորի վերաբերյալ նման տեղեկությունը հետաքրքիր է, եթե այդպիսի խնդիր լինի, ես կարող եմ այդ հարցը բարձրաձայնել, քննարկել եւ այլն, բայց կոնկրետ այդ մասին քննարկում մեր թիմում չի եղել, իսկ թե ինչ է եղել փակ նիստի ժամանակ, եւ ես ում ինչ հարց եմ տվել, այդ մասին ես չեմ կարող Ձեզ ասել՝ հասկանալի պատճառով»։ Հասկանում եմ` փակ նիստ է եղել, իրավունք չունեք պատմել, բայց հնչել է նման հարց, օդում կախված տեղեկություն, դուք դրա հետեւից գնացե՞լ եք, թե՞ ոչ։ «Ես չունեմ նման՝ օդում կախված լուր, ես օդում կախված լուրի մասին չեմ կարդացել որեւէ տեղ․․․»:

Պարտադի՞ր է, որ գրվի, պատգամավորը հարց է հնչեցրել, Դուք էլ կրկնել եք հարցը։ «Ինքն ի՞նչ է ասում, ստացե՞լ է այդ հարցի պատասխանը․․․ ես այդ նիստից դուրս ոչ մի գործողություն չեմ ձեռնարկել»: Ինչո՞ւ։ «Փակ նիստի քննարկման թեմաները չեմ կարող Ձեզ հետ քննարկել, իսկ այդ տիպի հարցերն ինձ հուզում են այնքանով, ինչքանով կվերաբերի յուրաքանչյուր հանրային պաշտոն զբաղեցնողին։ Ես կոչ եմ անում՝ եթե այդպիսի տեղեկություն կա, որը հրապարակվել է, դա համարվում է հաղորդում, եթե կա կասկածելի տեղեկություն, ես հույս ունեմ, որ դա ստուգվում է։ Եթե կան մարդիկ, որ նման տեղեկություններ ունեն, նույն ընդդիմադիր պատգամավորը, ես կարծում եմ, որ ինքը պետք է դիմի կոնկրետ մարմինների՝ ուսումնասիրությունների համար»։