13/12/2025

Այս անձի խնդիրը Եկեղեցին մաքրագործելը չէ, բնավ, նա ուզում է քանդել Եկեղեցին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո․ 1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։ 2․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում. Կանոնագիրը պետք է անդրադառնա․ ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականի բարեվարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին, բ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ դրա ապահովման երաշխիքներին, գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին, դ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին․ ՀՀ օրենսդրությունն իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ե) հոգեւոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին այնպես, որ հոգեւոր ծառայողները կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան (ներկայում հոգեւոր ծառայողները հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից՝ վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով)։ 3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի»։ Նա նշել է նաեւ, որ «տեղապահի» միջնորդության դեպքում կառավարությունը «խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»։

Հրապարակ թերթը զրուցել է Մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանի հետ:

– Փաշինյանը տեւական ժամանակ է՝ հակաեկեղեցական արշավ է սկսել, հոգեւորականներին սպառնում է, ինչ-որ անհասկանալի պատարագների է մասնակցում: Ի՞նչ կարծիք ունեք այդ ամենի մասին: Հետեւո՞ւմ եք պրոցեսներին:

– Շատ վատ երեւույթ է: Եկեղեցու դեմ պատերազմ հայտարարողը պատերազմ է հայտարարում իր ժողովրդի դեմ: Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ ինչքան շատ ենք խոսում Եկեղեցու դեմ տարածվող ստերի մասին, դրանք այնքան ավելի շատ են տարածվում:

– 10 եպիսկոպոս միացել է իշխանության սեւ գործին, 4 սրբազան վերջին հանցագործի պես բանտարկված է: Սա ի՞նչ նախադեպ է:

– Սարսափելի նախադեպ է, որը կարող է ունենալ վտանգավոր զարգացումներ, ինչու, որովհետեւ 10 եպիսկոպոսներից մի քանիսին հայտնի անձը ժամանակին սուր քննադատության էր արժանացնում, այդ ի՞նչ պատահեց հիմա: Ինչո՞վ նրանք հիմա սրբացան, գուցե՝ ով կաթողիկոսի դեմ է, նա սո՞ւրբ է, ըստ այդ անձնավորության: Անգամ այս հարցերում են սուբյեկտիվ ու անազնիվ: Արդար չէ, չի կարելի Եկեղեցու հետ այդպես վարվել: Այն մեզ վատ տեղ է տանելու:

– Հնարավո՞ր է իշխանություններին հաջողվի Վեհափառին հեռացնել Վեհարանից:

– Մեր պատմության մեջ դա աննախադեպ երեւույթ կլինի: Վեհափառին նաեւ ընտրում են անձինք, ովքեր ՀՀ սահմաններից դուրս են: Եթե նման բան տեղի ունենա, խայտառակություն կլինի:

– Հայ առաքելական եկեղեցին պատմության ո՞ր փուլերում է նման հալածանքների ենթարկվել, ինչպես հիմա:

– Խորհրդային Միության տարիներին:

– Ինչպե՞ս էին պայքարում, օրինակ, Փաշինյանի նման այն ժամանակ եկեղեցականներին հայհոյո՞ւմ էին կամ մտնում նրանց սպիտակեղենի մեջ:

– Այդպես չէին վիրավորում, չէին մեղադրում, նման բան չի եղել, բնականաբար: Պարզապես այն տարիներին պետական գաղափարախոսությունն այնպես էր, որ աթեիզմը պետք է գերակշռեր: Այժմ, այսօրվա պայքարում ես գաղափարական ոչինչ չեմ տեսնում, փոխարենը տեսնում եմ անձնական շահագրգռվածություն: Այս անձի խնդիրը Եկեղեցին մաքրագործելը չէ, բնավ, նա ուզում է քանդել Եկեղեցին: