13/12/2025

ԼՂՀ անկախությունը հռչակվել է նրա ժողովրդի կամքով, սակայն …

Դեկտեմբերի 10- ը մարդու իրավունքների պաշտպանության օրն էր: 34 տարի առաջ այդ օրը Լեռնային Ղարաբաղում անցկացվել է հանրաքվե:

Քվեաթերթիկում մեկ հարց էր. «Համաձա՞յն եք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն»: Հանրաքվեն հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է:

Այդ հիման վրա դեկտեմբերի 28-ին կայացել են առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրություններ: 1992թ. հունվարի 6-ին Գերագույն խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» Հռչակագիրը:

Երեք ամիս հետո, 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԽ/ԵԱՀԿ Նախարարների կոմիտեն Մինսկի խմբի կազմավորման որոշմամբ փաստացի ճանաչել է առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի լիազորությունները և սահմանել, որ «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության շահագրգիռ կողմ և պետք է մասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովին»:

2023թ. սեպտեմբերի 26-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին» հրամանագիր: Այդ մասին Արցախի տեղեկատվական շտաբը պաշտոնապես ծանուցել է երկու օր հետո:

Սամվել Շահրամանյանի այդ հրամանագիրը չի հրապարակվել, հայտնի չէ, թե նա ի՞նչ հիմնավորմամբ է ընդունել այդ ակտը: Սամվել Շահրամանյանը, սակայն, անցած տարիներին մի քանի անգամ հայտարարել է, որ այդ «հրամանագիրը իրավական ուժ չունի»:

Դեկտեմբերի 10-ին, ինչպես մի շարք լրատվամիջոցներ են հայտնել, «Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ Արցախի ղեկավարությունը այցելել է Եռաբլուր և ծաղիկներ խոնարհել»:

Ո՞ւմ կամ ինչի՞ հիշատակին են այդ ծաղիկները խոնարհվել, հայտնի չէ, բայց օրվա խորհուրդը նկատի ունենալով՝ կարելի է ենթադրել, որ Սամվել Շահրամանյանը և նրան ուղեկցած անձինք «հարգել են ԼՂՀ պետականության հիշատակը»:

Սամվել Շահրամանյանի այդ քայլը հերքում է նրա բոլոր հավաստիացումները, որ ԼՂՀ-ն լուծարված չէ:

Եթե այդպես լիներ, նա դեկտեմբերի 10-ին ուղերձով կդիմեր ոչ միայն Արցախից բռնատեղահանված հարյուր հիսուն հազար մարդու, այլև միջազգային հանրությանը, կհիշեցներ, որ ԼՂՀ անկախությունը հռչակվել է նրա ժողովրդի կամքով, կարձանագրեր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա կառույցների գործունեության դադարումը չի չեղարկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված որոշումները, այդ թվում՝ նրա ընտրված ներկայացուցիչների մանդատը: