13/12/2025

Պուտինը «հռչակել է Ռուսաստանի փափուկ ուժի էքսպանսիա»

Պուտինը «Ռուսաստանի նախագահի դրամաշնորհների Հիմնադրամի արտասահմանյան ծրագրերի մասին» հրամանագիր է ստորագրել: Այդ մասին հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

«Նեզավիսիմայա գազետան» տեղեկացնում է, որ ստեղծվել է ծրագրերի համակարգման իրավաբանական մարմին, որը պետական գրանցում է ստացել Կալինինգրադի մարզի Օկտյաբրսկայա կղզում:

Պարբերականը գնահատել է, որ Վլադիմիր Պուտինը «հռչակել է Ռուսաստանի փափուկ ուժի էքսպանսիա»:

Ըստ լրատվամիջոցի, Ռուսաստանի նախագահի հրամանագիրը նպատակ ունի ֆինանսական աջակցություն ցուցաբերել օտարերկրյա ոչ միայն իրավաբանական, այլև ֆիզիկական անձանց, ովքեր արդեն իսկ դրական գործունեություն են իրականացնում կամ մտադիր են Ռուսաստանի նկատմամբ հանրային նպաստավոր կարծիք ստեղծել իրենց երկրներում, կամ «բացառիկ արժեք են ներկայացնում»:

Հրամանագիրը սահմանում է, որ արդեն եկող տարվանից նման ցանկություն ունեցող ֆիզիկական անձինք կարող են դիմել և դրամաշնորհ ստանալու հայտ ներկայացնել:

Դատելով Հիմնադրամի գրանցման և կառավարման մարմնի տեղակայման աշխարհագրությունից, Պուտինի «փափուկ ուժի» առաջին թիրախ ընտրված է Մերձբալթիկան:

Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում զգալի թվով ռուս և ռուսախոս բնակչություն է ապրում: Այդ հանրապետություններում խթանելով «ընդհանուր անցյալի նկատմամբ հարգանք» և հոգևոր-մշակութային ինքնության պաշտպանություն, Ռուսաստանը կարող է ապագայում ձևավորել քաղաքական այլընտրանք:

Պուտինի հրամանագիրը Հիմնադրամի գործունեության տարածքը չի սահմանափակում: Բնական է, որ առաջին հերթին «հավաքագրում» իրականացվելու է հետխորհրդային տարածքի երկրներում, այդ թվում և Հայաստանում, Հարավային Կովկասի մյուս երկու երկրներում:

Հատկապես զգաստացնող է, որ Հիմնադրամից դրամաշնորհ կարող են ստանալ նաև ֆիզիկական անձինք, ովքեր պարտավորված կլինեն փոխարենը Ռուսաստանի հանդեպ հանրային դրական տեսակետ ձևավորել:

Փաստացի Վլադիմիր Պուտինը լեգալացնում է այն, ինչ անվանվում է «հիբրիդային պատերազմ», օրինականացնում հետխորհրդային տարածքի «գործակալական ցանցը»:

Հրամանագիրը նաև Հիմնադրամին թույլ է տալիս դրամաշնորհներ տրամադրել օտարերկրացի տաղանդավոր անձանց, եթե նրանք համաձայնում են գիտական և ստեղծագործական ներուժը ծառայեցնել Ռուսաստանին:

Ինչպե՞ս են կարգավորվելու Հիմնադրամի և օտարերկրյա պետության հարաբերությունները, ռուսաստանյան մամուլն այդ հարցը շրջանցում է: