Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արեւելք իրականացվել են պայթեցման աշխատանքներ:
Հրապարակ թերթը գրել է․ Եվ չնայած պաշտպանության նախարարությունը հորդորել էր «հարակից հատվածի բնակչությանը՝ ընդունել ի գիտություն» եւ չանհանգստանալ, սակայն մարդիկ անհանգիստ էին` աչքը տեսածից է վախենում, եւ կարծում էին, որ սա նոր հողեր հանձնելու նախապատրաստություն է:
Այսինքն, ականների պայթեցում են անում, որ մաքուր ու անվտանգ հողը հանձնեն թշնամուն: Ի դեպ, երեկ ահազանգեր ստացանք նաեւ Սոթքից, որ «սահմանազատման աշխատանքներ են ընթանում»:
Բերքաբեր գյուղի բնակիչ Ստեփան Շամբարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ պայթեցման աշխատանքների հետեւանքով գյուղի բնակիչները վախեցել են, մի պահ անգամ խուճապի են մատնվել, սակայն կարճ ժամանակ անց իմացել են տեղեկությունը, որ ՊՆ-ն նախապես հայտարարել էր այդ մասին. «Ասեմ Ձեզ, որ շուխուր ա, որ նորից հողեր են տալիս Ադրբեջանին, սահմանազատում են անում ու չգիտես էլ ինչ: Մարդկանց աչքը վախեցած ա, ինչքան էլ որ իշխանությունն արդարանում ա, ասում ա` ամեն ինչ նորմալ ա, մեկ ա` էս իշխանություններին հավատացող չկա: Մի հատ կրակոցից մարդիկ վեր են թռչում, իրար խառնվում: Ասեմ, որ միշտ էլ կրակոցներ էն տարիներին եղել են` հազարից մեկ, բայց եղել են, սակայն մարդիկ էսքան վախեցած, էսքան կոտրված ու ընկճված չեն եղել, ոնց որ հիմա»:
Մեր զրուցակիցը անգամ չի ցանկանում լսել այն մասին, որ Փաշինյանը կարող է Բերքաբերից ինչ-որ տարածքներ հանձնել թշնամուն. «Ոչ մի դեպքում, հերիք եղավ, բոլ եղավ արդեն իսկականից: Ո՞վ ա Փաշինյանին թույլ տալիս մի ամբողջ ժողովրդի ճակատագիր որոշել: Բայց ես հույս ունեմ, որ էս ամեն ինչը ոչ մի կապ չունի հող տալու հետ: Գիտե՞ք Ադրբեջանը քանի հեկտար հող ա խլել մեզնից, հետն էլ` լավ, իսկական վարելահողեր: Զավթել, տարել են, ո՞վ պետք է բա մեր հողերը մեզ տա, եթե Փաշինյանը հող տալով է զբաղված: Կիրանցից էլ հողեր տվեց, չէ՞, բայց, կներեք, մենք չգիտենք՝ ով, ոնց: Բայց չենք հարմարվի էդ իրավիճակի հետ: Մեր գյուղից ոչ մեկը չի կարա հող տա: 700 հեկտար հող` Բերքաբերից այն կողմ, Ադրբեջանը զավթել է` 90-ականներին: Ու ընդհանրապես, եթե Հայաստանի ղեկավարը չի կարողանում մեզ պաշտպանել, մենք մեզ պաշտպանելու ձեւը վաղուց գտել ենք` զենքը վերցրել ու պայքարել ենք, պայքարի այլ ձեւ չգիտեմ, տարբերակը դա է: Մեզ մոտ կան միջնադարյան կառույցներ, որոնք փաստում են տեղի հայկական լինելու հանգամանքը: Խաչքարեր, գերեզմանաքարեր, վանական համալիրներ․ դրանք բոլորը հայկական են եղել: Հիմա էլ ասում են` տարածքներ տանք, որ Ադրբեջանն էլ մեզ տարածքներ տա` հավի պես փորձում են մարդկանց կուտ տալ, բայց հավատացողն ո՞վ ա»:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին ադրբեջանական կողմն իր հսկողության տակ է պահում Բերքաբերի հողը ջրամբարի ափից մինչեւ Փայտասարի գագաթ՝ շուրջ 900 հեկտար հայկական տարածք։






Բաց մի թողեք
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ
«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում»