Ամանորին ընդառաջ ոչ միայն Երեւանն է տոնական եռուզեռի մեջ, այլ նաեւ մարզերը, համայնքները․ այստեղ ամանորյա ձեւավորման նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։
Հրապարակ թերթը գրել է․ Մենք փորձեցինք պարզել, թե Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում տոնական լուսավորության ու զարդարանքների համար որքան գումար է ծախսվել «հերոս հարկատուների» հաշվին։
«Մրցույթ ենք հայտարարել՝ 15 մլն դրամի: Մրցույթին մասնակցել է 4 կազմակերպություն, որոնցից հաղթող է ճանաչվել 1-ը՝ 10 մլն 500 հազար դրամով, «Նարեկ Դավթյան Էդվարդի» ԱՁ-ն է: Պետք է զարդարի Վարդենիս համայնքը եւ հարակից 10 գյուղ:
Զարդարման աշխատանքները մոտենում են ավարտին: Մեր hամայնքը լավագույններից մեկն է լինելու: Անցած տարի ծախսվել է 12 մլն դրամ: Այս տարի նորից ենք մրցույթ հայտարարել, քանի որ լույսեր կային, որ արդեն պիտանի չէին կամ խոտանվել էին: Նաեւ փողոցներ ենք ավելացրել եւ գյուղեր, դրա համար էլ այս տարի նորից մրցույթ հայտարարեցինք»,- ասացին Վարդենիսի համայնքապետարանից:
Մարտունի համայնքի կենտրոնական հրապարակը եւ համայնքապետարանի շենքը զարդարելու համար էլ կծախսվի 8 մլն 330 հազար դրամ: Համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ, բացի դա, լրացուցիչ մրցույթ են հայտարարել 8 մլն 976 հազար դրամով` 15 վարչական համայնքների համար 15 հատ 5 մետրանոց տոնածառներ եւ զարդարանքներ ձեռք բերելու համար: Մրցույթի վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է:
Ճամբարակի համայնքապետարանը ամանորյա տոնածառի տեղադրման, զարդարման եւ հարակից համայնքների զարդարման ծառայությունների համար պայմանագիր է կնքել «Արշակ Արամյան» ԱՁ-ի հետ, արժեքը՝ 12 միլիոն 980 հազար դրամ: Սեւանում տոնածառի տեղադրման եւ զարդարման ծառայությունների համար համայնքապետարանը 3 մլն 200 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Ռիկոլ-Էդգա» ՍՊԸ-ի հետ. «Անցած տարի զարդարման ծառայությունների պայմանագրի արժեքը եղել 2,5 մլն դրամ։ Արժեքը մի փոքր ավելացել է, քանի որ այս տարի զարդարվելու են նաեւ բանուկ փողոցները, իսկ տոնածառն էլ ավելի գեղեցիկ եւ ներկայանալի տեսք կունենա»:
Գավառի համայնքապետարանից էլ մեզ ասացին, որ այս պահին համայնքում ընթանում են եղեւնու տեղադրման աշխատանքները՝ «Գավառի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» հիմնարկի աշխատակիցների կողմից: Լույսերի եւ խաղալիքների ձեռքբերումը կկատարվի 1 անձից, քանի որ գնումների բազային միավորը չի գերազանցում 1մլն դրամը: Ելնելով զարդարանքների անհրաժեշտ տեսակից եւ քանակից, առաջիկայում կկնքվեն համապատասխան պայմանագրեր:






Բաց մի թողեք
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ
«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում»
Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի