Դեկտեմբերի 12-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպում: ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ «բանակցությունները տևել են մեկուկես ժամ», որից հետո կողմերը որևէ հայտարարություն չեն տարածել:
Նույն աղբյուրը հայտնել է, որ Պուտինը և Էրդողանը «քննարկել են երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը, ինչպես նաև անդրադարձել ուկրաինական թեմատիկային»:
Հանդես գալով Աշխաբադի խորհրդաժողովի լիագումար նիստում, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կողմ է «խաղաղությանը և երկխոսությանը»:
Նա կրկին խոսել է ուկրաինական կարգավորմանը «դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության» մասին և ընդգծել «ստամբուլյան հարթակի կարևորությունը»:
Ռուսաստանը մի քանի անգամ, այդ թվում՝ նախագահ Պուտինի մակարդակով, բացահայտ հասկանալ է տվել, որ Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգներից բացի որևէ այլ կողմի «միջնորդության կարիք չի զգում»:
Երևում է, այդ դիրքորոշումը Վլադիմիր Պուտինը վերահաստատել է նաև Աշխաբադում Էրդողանի հետ հանդիպմանը: Նման եզրակացության հիմք կարելի է համարել բանակցությունների շուրջ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի երկիմաստ մեկնաբանությունը:
Նա ասել է, որ Պուտին-Էրդողան «շփումների դեֆիցիտ չկա», ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցին, ապա «փոխադարձ հրավերները շարունակում են մնալ բաց»: Պեսկովն ավելացրել է, որ Պուտինի Թուրքիա այցը «հնարավորության դեպքում կկազմակերպվի»:
Ասվածից հետևում է, որ տեսանելի ապագայում Ռուսաստանի նախագահի Թուրքիա այց չի ծրագրվում, բայց «երկկողմ հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան»: Ըստ երևույթին, Թուրքիայի նախագահն էլ չի պատրաստվում Մոսկվա մեկնել, որովհետև Վլադիմիր Պուտինից սկզբունքային նշանակության սպասելիքներ չունի:
Այս իրավիճակում Բաքվի իշխանական լրատվամիջոցները համեմատել են Ռուսաստանի և Թուրքիայի հնարավորությունները և եզրակացրել, որ Անկարան «ամենևին էլ Մոսկվային չի զիջում, որի միակ առավելությունը միջուկային զենքն է»:
Բաքվում այդպիսով ակնարկում է, որ Մոսկվայի հավանական ճնշումներից ապահովագրված է, իսկ Թուրքիայի համար կանխատեսում «տարածաշրջանային ազդեցիկ դերակատարություն»:
Խոսքն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հարավային Կովկասի մասին է: Ռուս-թուրքական հարաբերությունների «սպասողականությունը», հավանաբար, պայմանավորված է ուկրաինական կարգավորման անորոշությամբ: Թուրքիան փորձում է ներգրավվել բանակցություններում, որպեսզի հետկոնֆլիկտային Ուկրաինայում «ոտքի տեղ ունենա»:
Ռուսաստանը Էրդողանի «ծառայությունը» չի ընդունում: Այս «լուռ մրցամարտը» կարող է արձագանքվել նաև Հարավային Կովկասում: Երևի Պուտին-Էրդողան «դարակազմի հանդիպման» հետաձգումը դրանով է պայմանավորված:






Բաց մի թողեք
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Մեհթիևին «կուլակաթափ անելու», նրա ունեցվածքը «պետականացնելու», ապա Փաշաևներին հանձնելու խնդիր
Ռուսաստանի իշխանությունները փորձում են սահմանափակել Ալիևի ազդեցությունը