Սեպտեմբերին Արմավիրի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղից ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:
Հրապարակ թերթը գրել է․ Պարզվել էր, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել էր «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր ուտելուց հետո: Ավելի ուշ բժշկական օգնության էր դիմել եւս 10 քաղաքացի, որոնք նույն՝ «Արմավիր Գարդեն»-ում հավի թեւիկներ, հավով աղցան եւ հավով պիցցա էին կերել:
Այս սրճարան-ռեստորանը դեպքից հետո ՍԱՏՄ-ն չէր փակել, թեպետ մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տեղափոխվել էին հիվանդանոց։ Բանն այն է, որ այս օբյեկտի սեփականատերն Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հայրն է` նրա անվան հետ է կապվում այն:
Նա Արմավիրում նաեւ սուպերմարկետներ ունի։ ՍԱՏՄ-ից մեզ այդ ժամանակ ասել էին, թե չեն փակել օբյեկտը, մինչեւ ուտեստներից վերցված լաբորատոր փորձաքննության արդյունքները ստացվեն։
Երեկ ՍԱՏՄ-ից մեզ տեղեկացրին․ «Սրճարանի գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, որոնք կատարվել են, տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության, նորից թողարկել է սննդամթերքը, որ անհամապատասխանություններ ուներ, որը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, եղել է առանց խախտումների։ Կասեցումը վերացվել է»։
Որքա՞ն է կազմել տուգանքի չափը, ասացին՝ այն հրապարակման ենթակա չէ։ Սրճարանը մեկ ամիս է փակված եղել, գործունեությունը կասեցվել է սեպտեմբերի 9-ին, վերացվել՝ հոկտեմբերի 13-ին։
Քննչական կոմիտե հարցում էինք արել՝ կա՞ նախաձեռնված վարույթ։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են․ «ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հանրային սննդի կետում թունավորման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 413-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց հիվանդացում կամ թունավորում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով) հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշված անձինք ճանաչվել են տուժող, իսկ ստացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ տուժողների առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ապացուցողական եւ վարույթային անհրաժեշտ գործողություններ, արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Նախաքննությունը շարունակվում է»։
Դեկտեմբերի 13-ին էլ, հիշեցնենք, պայթել էր մարզպետի հոր բենզինի բաքը` բաքը զոդող անձին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, իսկ երեկ երեք երեխայի 36-ամյա հայրը մահացել է։

Բաց մի թողեք
«Ինչի՞ իմ տունը քանդեցիր». ողբացող մոր ձայնը խլացվեց Անաիդա Գալստյանի կողմից ու Փաշինյանի քարոզարշավի երգ ու պարի ներքո․ Տեսանյութ
Իսկ պարտությունն իրականում շատ վատ բան է
Արցախցիների մորթվելը ցանկացող կինը Փաշինյանի աջակիցն է․ Լուսանկար