Իրանի կառավարությունը գիտակցում է, որ երկրում տնտեսական խնդիրներ կան, սակայն չի խթանի գնաճը՝ ավելի շատ փող տպելով, հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա նշել է, որ կառավարության կողմից դրամական էմեսիան լուրջ ազդեցություն կունենա աղքատ քաղաքացիների վրա։
Այնուամենայնիվ, Փեզեշքիանը պնդել է, որ կառավարությունը գիտակցում է իր թերությունները և պատրաստ է խորհրդակցել մասնագետների հետ՝ ստեղծված իրավիճակի լուծում գտնելու համար։
«Ես գնահատում եմ մասնագետների խորհուրդները և ուզում եմ լսել ձեր կարծիքը, որպեսզի կարողանանք աշխատել երկրի զարգացման և առաջընթացի ուղղությամբ», – ասել է նախագահը։
Նա ընդգծել է, որ շատ մարդիկ են պատասխանատու Իրանի ներկայիս իրավիճակի համար, և, հետևաբար, անհրաժեշտ են համատեղ ջանքեր՝ երկրի ներկայիս խնդիրները լուծելու համար։
«Մենք բոլորս միասին ենք երկիրը հասցրել այս կետին, և մենք կիսում ենք պատասխանատվությունը։ Ենթադրել, որ միայն մեկ կողմն է մեղավոր, սխալ է», – ասել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը նաև ափսոսանքով է խոսել երկրի սահմանափակ ֆինանսական ռեսուրսների մասին՝ կոչ անելով համարժեք գնահատել երկրի զարգացման տարբերակները և ներուժը։
«Մենք պատրաստ ենք, բայց պետք է առերեսվենք իրականության հետ։ Նախ, մենք պետք է ասենք, թե ինչ ենք անելու։ Ֆինանսները սահմանափակ են, մենք ռեսուրսներ չունենք։ Եթե ունենայինք, մենք ոչնչից չէինք զրկի մեզ», – ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ երկրի տնտեսական վատթարացող վիճակը դեկտեմբերի վերջից մեծ բողոքի ակցիաներ է առաջացրել հանրապետության բազմաթիվ բնակավայրերում․ կան երեք տասնյակից ավելի սպանված ցուցարարներ, հազարավոր մարդիկ ձերբակալվել են։
Իրանում ոստիկանը այրել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի դիմանկարը, պատին գրել է «Ջավիդ Շահ» (Կեցցե՛ Շահը) և սպայական պատիվ տվել։
«Ջավիդ Շահ» կարգախոսը երկրում բողոքի ցույցերի ժամանակ ամենատարածվածներից մեկն է։
Այն արտահայտում է հակակառավարամետ ցույցերին մասնակցող իրանցիների ցանկությունը՝ վերջ դնել Խամենեիի կառավարմանը և երկիրը վերադարձնել միապետությանը՝ Փեհլավիների տանը, թագաժառանգ Ռեզա Փեհլավիին։
Նրանք կարծում են, որ մարդիկ ավելի ազատ են ապրել միապետության օրոք՝ մինչև 1979 թվականին Իրանի իսլամական հանրապետության դառնալը։

Բաց մի թողեք
Գեներալին մահապատժի են ենթարկել Իրանում․ Լուսանկար
ԱՄՆ-ն ունեցել է մոտ 200 զnh և վիրավnր Իրանի կողմից «Ալ-Զաֆրա» ավիաբազային հասցված հարվածների հետևանքով
Իսրայելը սպառնացել է Լիբանանին, «Հըզբոլլահ»-ը՝ Իսրայելին, իսկ Լեհաստանի վարչապետը խոսել է նավթի գներից