Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդները, հիերարխիկ հոգևորականության մի մասը, մտավորականներն ու լրագրողները նրան մեղադրում են «կենցաղապետություն կառուցելու» մեջ:
Տրամաբանորեն հետևում է, որ մինչ այդ Հայաստանը «եղել է գաղափարապետություն», որ կառուցվել էր «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հիմքով»:
Եթե անկողմնակալ հայացք նետենք Հայաստանի պատմությանը, ապա պիտի արձանագրենք, որ անցյալ դարի 80-ականների վերջից, երբ ազգային օրակարգ եկավ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, սկսվել է ոչ թե հայրենադարձություն, այլ՝ արտագաղթ, որ զանգվածային բնույթ է ստացել, ինչքան էլ արտառոց չհնչի, առաջին պատերազմում ռազմական հաղթանակներից հետո, այդ տարիներին Հայաստանից անդարձ հեռացել է ավելի քան մեկ միլիոն մարդ:
Փաստերն, ինչպես ասում են, համառ են: Հայաստանը լքել են առաջին հերթին «գաղափարական» մարդիկ՝ գրողներ, արվեստի գործիչներ, գիտնականներ: Հեռացածներից յուրաքանչյուրն, ինչ խոսք, ունի «հայրենադավության» իր բացատրությունը, հիմնավորումը:
Բայց երևույթն ամբողջության մեջ վկայում է, որ նրանք «գաղափարապետությունը» չեն ընդունել: Եվ արտերկիր են տեղափոխվել, որպեսզի ունենան անձնական կյանքի ապահովություն և բարեկեցություն, իրենց զավակներին ազատեն զինվորական ծառայությունից:
Տողերիս հեղինակը Հայաստանի ընդդիմադիր էլիտայի մեծամասնությանը, ինչպես Սփյուռքում են ասում, ի մոտ ծանոթ է անցյալ դարավերջից: Գրեթե բոլորը Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Ռուսաստանում զավակներ, թոռներ, հարազատներ, այսինքն՝ «կենցաղապետության» ապոլոգետներ ունեն:
Ոչ ոք այդ մարդկանց «հայրենասիրության դասեր» տալու բարոյական, բայց մանավանդ քաղաքական դասեր տալու իրավունք, իհարկե, չունի:
Այդուհանդերձ, մի հարց, երևի, արժե հնչեցնել. «Գաղափարական պետության ջատագով լինելով՝ դուք ինչո՞ւ եք գերադասում ձեր զավակների ապագան տեսնել կենցաղապետական երկրներում»:
Ռուսաստանաբնակների դեպքում այս հարցը, հավանաբար, պիտի ձևակերպվի այսպես. «Դուք ռուսական գաղափարախոսությունն ի՞նչ հիմքով և պատմական ո՞ր նախադեպքով եք նաև հայաստանյան քարոզում»:
Բայց ամեն ինչից վեր՝ ոչ ոք չի կարող ժխտել կամ հերքել, որ «գաղափարախոսական հայրենիքները» ծնվում են «կենցաղապետություններից»: Պարզապես պետք է կարողանալ կառավարել «անցումը»:






Բաց մի թողեք
Ֆոն դեր Լեյենը խոստանում է ավելի ուժեղ միասնական շուկա և ավելի քիչ բյուրոկրատիա
Մոսկվային պետք է ստիպել իրական զիջումների գնալ․ Կալլաս
Հունգարիայի ընտրարշավը մտնում է թեժ փուլ՝ Ուկրաինայի, ԵՄ-ի և Թրամփի ուշադրության կենտրոնում