Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Փարիզում մասնակցել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և հետպատերազմական վերականգնման հարցերով գագաթնաժողովին՝ որպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ ներկայացուցիչ:
Այդ մասին նա լրագրողներին ասել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատանը նույն օրն անցկացրած մամուլի ասուլիսում:
Ֆիդանը տպավորություն է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու առումով «առաջընթաց կա, քանի որ կողմերն սկսել են քննարկել ամենառանցքային նշանակության հարցերը»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի դիտարկումներից առանձնանում է երկուսը: Նա խոսել է «սեփական վերքերը բուժելու և ուրիշներին այդ հարցում օգնելու» Թուրքիայի հնարավորություններից և ունակությունից, ինչից պարզ հասկացվում է, որ Անկարան մտադրված է ներգրավվել հետպատերազմական Ուկրաինայում տնտեսական, ենթակառուցվածքային և այլ ծրագրերի:
Ավելի կարևոր է, սակայն, Ֆիդանի երկրորդ դիտարկումը, ըստ որի՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումը կնշանակի «խաղաղություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև», որի բաղկացուցիչ կլինի «առևտրային նավագնացության անվտանգության ապահովումը»:
Այդ առումով նա բացահայտել է, որ եվրոպական երկրների հետ «ընդհանուր ըմբռնում կա, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ և Սև ծովում ամենամեծ նավատորմ ունեցող երկիր, կարող է լավագույնս կատարել այդ առաքելությունը»:
Եթե Ֆիդանը ճիշտ տեղեկություն է փոխանցել, ապա հետևում է, որ եվրոպական երկրները Սև ծովում առեւտրային նավագնացության անվտանգության ապահովումը վերապահում են Թուրքիային:
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմը զգալի կորուստներ է կրել: Դրանք վերականգնելու համար ժամանակ և ֆինանսական մեծ միջոցներ են պետք:
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի գլխավոր նպատակներից մեկը Սև ծովի ուկրաինական նավահանգիստներին տիրանալն է: Նույնիսկ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևի մակարդակով է Մոսկվան բացահայտել, որ Խերսոնը, Նիկոլաևը և Օդեսան «պետք է վերադառնան ռուսական աշխարհի գիրկը»:
Այդ խնդիրը չորս տարում չի լուծվել և հազիվ թե առաջիկայում լուծվի: Իսկ ահա Սև ծովում թուրքական նավատորմի գերակայության միջազգային ճանաչումը միանգամայն հնարավոր և իրատեսական է:
Ստացվում է, որ մոտ երեք հարյուր տարի առաջ Ռուսաստանը Օսմանյան կայսրությանը դուրս է մղել Դանուբի ավազանից, Ղրիմից և Սև ծովի «մալոռուսական» առափնյակից, ավելի քան մեկ դար պայքարել, որպեսզի տիրանա Բոսֆոր-Դարդանելին, բայց այսօր Թուրքիան առանց մեկ կրակոցի վերադարձնում է օսմանյան ժառանգությունը:
Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ մոտ ապագայում Ռուսաստանի նախագահ Պուտինը կայցելի Թուրքիա: Էրդողանը «կլսի՞» նրան: Հազիվ թե:






Բաց մի թողեք
Երկաթուղային ցանցը ռուսական է, ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, չեն կարող առանց Ռուսաստանի. Գալուզինը՝ TRIPP-ի մասին
ՌԴ համար ամբողջ հետխորհրդային տարածքը «եվրասիական անվտանգության ճարտարապետության օբյե՞կտ» է
ԱՄՆ-ը փորձում է Իսրայելին համոզել, որ Իրանում «կրոնապետությունը խաղաղ ճանապարհով կփլուզվի»