04/03/2026

EU – Armenia

Հակառակ դեպքում ԱՄՆ-ին ջիհադ կհայտարվի

Իրանում ծավալվող իրադարձությունների հետագա ընթացքի կանխատեսման առումով, հավանաբար, ամենասկզբունքային է Իսրայելի դիրքորոշումը:

Ըստ Երուսաղեմում իշխող գնահատման, որ փոխանցում է ռուսալեզու vesty-ն, Նաթանյահուի «ռազմական կաբինետը» և հատուկ ծառայությունները «ելնում են իրողությունից, որ Իրանի կրոնապետությունը բավական ամուր հիմքեր և բողոքի ակցիաները ճնշելու փորձ ունի»:

Բանակի Գլխավոր շտաբի պետ Զամիրն ասել է, որ «բողոքի ակցիաներն Իրանի ներքին գործն է, բայց զինված ուժերը պետք է մշտապես պաշտպանության պատրաստ լինեն»:

Աչքի է զարնում իրողությունը, որ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը և հատուկ ծառայությունները շատ զգուշավոր դիրքորոշում են որդեգրել և ձգտում են առավելապես դիստանցավորվել Իրանի ներքաղաքական իրավիճակից:

Ըստ երևույթին, իրականությանը մոտ են տեղեկությունները, որ թագաժառանգ Փահլավին «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բավարար աջակցություն չի ստացել»: Արևմտյան մի քանի աղբյուր հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահն Իրանի հարցով «առաջարկություններ կստանա հունվարի 13-ին»:

Իսրայելի հատուկ ծառայությունները «հավանական են գնահատում» տարբերակը, երբ Իրանը «կդիմի հարձակողական գործողությունների, որպեսզի արտաքին թշնամու դեմ համազգային համախմբում ապահովի»:

Այս ֆոնին tasnim գործակալությունը տարածել է Իրանի ղեկավարության Փորձագետների բարձրագույն խորհրդի անդամ այաթոլլա Մոհսան Արաքիի հայտարարությունը, որտեղ նա ԱՄՆ-ին և Իսրայելին սպառնում է «համաշխարհային ջիհադով», եթե փորձ արվի «առևանգել հոգևոր առաջնորդին»:

Իրանի բարձրաստիճան հոգեւոր պաշտոնյան ջիհադին մասնակցությունը սահմանել է որպես «յուրաքանչյուր մուսուլմանի սրբազան պարտք» և մանրամասնել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի «ոչ մի դեսպանատուն աշխարհի ցանկացած երկրում ապահով չի լինի»:

Ավելին, նա հավաստիացրել է, որ ջիհադը կկիրառվի նաև եվրոպական երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նկատմամբ:

Այդպիսով, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այդ սահմանել է «կարմիր գիծը», կրոնապետության ճակատագիրը չի կարող որևէ բանակցության առարկա լինել, հակառակ դեպքում ԱՄՆ-ին ջիհադ կհայտարվի:

Կարելի է եզրակացնել, որ այդ հայտարարությունը հասցեագրված է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ով հունվարի 13-ին ստացած առաջարկությունների հիման վրա ենթադրաբար պետք է Իրանի ներքին իրադարձություններին միջամտելու-չմիջամտելու որոշում կայացնի:

Մեծ է հավանականությունը, որ Սպիտակ տունը ձեռնպահ կմնա Իրանի դեմ ուժի բացահայտ կիրառման քայլերից: Փորձագիտական իշխող տեսակետ կա, որ «կրոնապետությունը կարող է հաղթահարել ևս մեկ ճգնաժամ, բայց նրա փլուզումը ժամանակի խնդիր է»: