21/04/2026

EU – Armenia

Իսրայելա – ամերիկյան պատերազմի «դեմքը»

«Մռնչացող առյուծ» ռազմագործողության հիմնական առաջնահերթությունը ոչ միայն իրանական վարչախմբի խորհրդանշական թիրախների խոցումն է, այլև Իրանի բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքների համակարգված ոչնչացումը:

Այս եզրակացությանն է եկել «Եդիոտ ահրոնոտի» ռազմական մեկնաբան Ռոն Բեն – Իշայը, գրում է Israel Insite-ը: Մեկնաբանի ներկայացմամբ, իսրայելական օդուժը գործում է 1500 կիլոմետր հեռավորության հաշվարկով և կենտրոնացած է առանցքային նշանակության չորս ուղղության վրա:

Պահեստներ և հրթիռների արձակման դիրքեր, ստորգետնյա «հրթիռային քաղաքներ», հրթիռների արձակման մոբիլ հարթակներ, որ տեղակայված են կոնտեյներակիր բեռնամեքենաների վրա և արտադրական հզորություններ:

Հրթիռների պահեստները և արձակման ստորգետնյա հարթակները հաճախ տեղաբաշխված են լեռներում: Դրանք գրոհում են ԱԹՍ-երը և օդուժը: Հիմնական խնդիրն է՝ մինչև արձակման պահը չեզոքացնել հրթիռը կամ արգելափակել թունելից ելքը:

Ստորգետնյա հրթիռային համալիրներին դեմ գործում է ամերիկյան B-2 ռազմավարական ռմբակոծիչը, որ թիրախին հարվածում է հակաբունկերային ծանր ռումբերով: Այդ հարվածները պահանջում են ոսկերչական ճշտություն, նույնիսկ մեկ մետրի շեղումը նվազեցնում է հարվածի արդյունավետությունը:

Հրթիռարձակման մոբիլ կայանքները, որ քողարկված են որպես սովորոկան կոնտեյներակիր բեռնամեքենա, հայտնաբերվում են տեղաշարժի բնույթի ուսումնասիրությամբ, ինչի համար օգտագործվում են արբանյակներ, իսկ ստացված տեղեկությունը մշակվում է արհեստական բանականության մշակած հատուկ ծրագրով:

Զուգահեռանար ռմբակոծվում և ԱԹՍ-երի հարձակման են ենթարկցում հրթիռների արտադրության հարթակները, որ գտնվում են Թավրիզում, Քերմանշահում, Քարաջում և Ղումում: Նպատակն է Իրանին զրկել հրթիռային զինանոցը արագ վերականգնելու հնարավորությունից՝ նույնիսկ մարտական գործողությունների ավարտից հետո:

Անշուշտ, իսրայելցի ռազմական մեկնաբանը, որի տեղեկատվության աղբյուրն, ամենայն հավանականությամբ, զինվորականներ են, հազիվ թե ներկայացրել է պատերազմի ճշգրիտ պատկերը կամ բացահայտել իր երկրի իրական նպատակները: Այս և նույնաբնույթ այլ հրապարակումների հետաքրքրությունը նրանում է, որ «Մռնչացող առյուծ» հատուկ ռազմական գործողությունը կամ, ավելի ճիշտ՝ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը ամենևին էլ «թեթև ռազմազբոսանք» չէ:

Երկրորդ, պարզվում է, որ անցյալ տարվա հունիսին և հետագա մի քանի ամիսներին Իսրայելի և ԱՄՆ զինվորականության և քաղաքական առաջնորդների հավաստիացումները, որ Իրանը «մի քանի տարի ուշքի չի գալու», մեղմ ասած, իրականությունից կտրված էին: Ոչ լրիվ մեկ տարում Իրանը հասցրել է վերականգնել հրթիռային զինանոցը, կառուցել արձակման նոր հարթակներ, հասել նրան, որ հրթիռներ է արձակում անգամ բեռնատարների վրա տեղակայված մոբիլ հարթակներից:

Մյուս կողմից Իրանի ռազմական հնարավորությունների ամնողջական կամ անգամ մասնակի բացահայտումը հստակ տպավորություն է թողնում, որ Թեհրանը միայն ինքնապաշտպանական հնարավորություններ չէ, որ ստեղծել է: Ավելին, առաջին լուրջ հարձակմանը հաջորդած ամիսներին, ինչպես պարզվում է, Իրանը ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգն արդիականացնելու փոխարեն զարկ է տվել հեռահար բալիստիկ հրթիռների արտադրությանը: Դա վկայում է, որ եթե ոչ փետրվարի վերջին կամ մարտի կեսերին, ապա մոտ ապագայի մի X օր հարյուրավոր հրթիռներ կարող էին միանգամից հարվածել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմահենակայաններին:

Իրավիճակի այս խիստ մակերեսային, ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալ դիտարկումից անգամ հետևում է, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը տևելու է ավելի, քան կանխատեսվել է Վաշինգտոնում և Երուսաղեմում: Ըստ որոշ աղբյուրների, Ռուսաստանը և Չինաստանը մերժել են ռազմական օգնության Իրանի խնդրանքը:

Եվրոպական մի քանի երկրներ արդեն մտահոգություն են հնչեցրել, որ ԱՄՆ-ը «Ուկրաինայի համար նախատեսված սպառազինությունների վաճառքը կարող է կրճատել կամ նույնիսկ լիովին դադարեցնել»: Ուկրաինական աղբյուրները ակնարկել են, որ Ռուսաստանը «մտադիր է գրավել Դնեպրը (նախկին Դնեպրոպետրովսկը):