11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ցավը լսելու ժամ, երբ բառերը չեն փրկում․ Փսիխոզ 4։48 ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում․ Լուսանկար, Տեսանյութ

Սառա Քեյն․ Փսիխոզ 4.48 ստեղծագործությունը բեմադրվել է Երևանում` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, բեմի տակ՝ նոր հարթակում ու խիստ կամերային մթնոլորտում, թատրոնի տնօրեն և ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի կողմից, դերերում հրաշալի խաղում են Աննա Պուշկինան ու Կարեն Հակոբյանը՝ բժիշկի դերում։ Երեկ պրեմիերաներից մեկն էր, վայելեցինք, ի դեպ, պարտադիր նայելու ներկայացումներից է։

Այս բեմադրությունը մոտ է դեպրեսիայի, ինքնության խռովքի և մարդկային մղումների ամենափխրուն շերտերի՝ լսողության ու տեսողական փորձառության ողողմանը։ Սառա Քեյնի 4.48 Փսիխոզը ինքնին չի ներկայացնում պատմական սյուժե կամ տարբերակված կերպարներ՝ ինչպես ավանդական դրամայում։ Այն մի ձայնային, ներքին հուշարձան է, որը գրեթե մենախոսություն է՝ շոշափելով վախը, հուսահատությունը, սերն ու փրկության անդունդը։ Այդ պատճառով էլ այս բեմադրությունը ավելի շատ նման է հուզական արարողության, քան՝ թատրոնային գործողության։

Սուրեն Շահվերդյան բեմադրել է այս գեղարվեստական նյութը նաև 20 տարի առաջ, ի դեպ, կնոջ վեց կերպարներով՝ ի տարբերություն երեկվա պրեմիերաում մեկ կնոջ կերպարի՝ հաշվի առնելով դրա ռիթմային, սթրեսային, կերպարի ինքնաճանաչման ու լիրիկական կառուցվածքը, որտեղ բեմը չի «պատմում» պատմություն, այլ ներկայացնում է մտքի հոսք՝ բառից բառ, զգացումից զգացողություն ․․․

Ըստ ցուցադրության նկարագրության և ըստ ստեղծագործության նաև՝ ներկայացումը բացահայտում է կնոջ ներքին պայքարը՝ դեպրեսիայի անողոք ուղեկցությամբ, նրա փորձը արձագանքել բառերի, ձայների, մթնոլորտի միջոցով։ Սա ներկայացնում է մի մարդու շփումը ինքն իր հետ, նրան ներսից դուրս բերելու մարդկային ցանկությունը։

Բեմական լուծումները — ձայնի, շարժման, մոնոլոգների ու ռիթմիկ պատառոտումների խաղը — ստեղծում են կամերային, ուղղակի շփում հանդիսատեսի հետ, ինքնատիպ արարողություն։

Աննա Պուշկինան մարմնավորում է մուտքը դեպի հերոսուհու հոգեկան աշխարհ, նրա վարակիչ անկեղծությունը, որ երբեմն միաժամանակ թույլ է տալիս հասկանալ ցավի խորությունն ու արտահայտել այն՝ բառերի միջոցով։ Աննա Պուշկինայի խաղը կառուցված է ոչ հոգեբանական խաղարկման, այլ ներկա լինելու վրա։ Նա «ապրում է կերպարը», նա անցնում է դրա միջով։ Ամենակարևորն այստեղ ձայնն է․ ոչ դրամատիկ, ոչ պաթետիկ, այլ երբեմն՝ գրեթե ապրված։ Եվ հենց դա է սարսափելի։ Նա չի փորձում մեզ ստիպել հասկանալ կամ խղճալ։ Նա պարզապես ասում է՝ ահա ինչ կա գլխումս, հիմա, 4։48-ին։

Կարեն Հակոբյանը հանդես է գալիս ոչ միայն որպես բժիշկի կերպար, այլ նաև որպես իրական, դիմադրող ու հակադրող ձայն, որը միաժամանակ ներկայացնում է առողջ տրամաբանությունը, սոցիալական աշխարհը և միաժամանակ՝ ներսի ձայնների մթնոլորտը։ Կարեն Հակոբյանի բժիշկը այստեղ կերպար չէ դասական իմաստով։ Նա համակարգ է։ Բժշկի ձայնը սառն է, հստակ, երբեմն՝ գրեթե հոգատար, բայց միշտ՝ հեռավոր ու սառը, իսկ վերջին խելահեղ պարը՝ ցինիկ։ Հակոբյանը մարմնավորում է ոչ թե չար կամ անտարբեր մարդուն, այլ այն աշխարհը, որտեղ ցավը չափվում է սանդղակներով, իսկ կյանքը՝ դեղաչափերով։ Նրա ներկայությունը բեմում ստեղծում է հակադրություն, բայց ոչ կոնֆլիկտ։ Սա պայքար չէ։ Սա զուգահեռ գոյություն է՝ լեզվի և լռության, թվերի և ցավի միջև։

Այս ներկայացումը ավելի շատ փորձառություն է, քան՝ «պատմություն»։ Այն ուղղակի չի տալիս պատասխաններ, այլ դարձվում է տարածք, որտեղ հանդիսատեսը ոչ միայն դիտում է, այլև լսում, զգում ու ներկա է լինում հերոսուհու ներքին դիմակայությանը՝ իր ողջ կոտրվածությամբ։

Այս բեմադրությունը՝ իր կենսական, բանաստեղծական ու ինտիմ մոտեցմամբ, հանդիսանում է զգայական փորձ, որը հրավիրում է հանդիսատեսին չշրջանցել, այլ մտնել մի մարդու հոգեկան խռովքի մեջ՝ առանց պարզաբանումների, միայն եղածի աշխուժության ու ճշմարտության միջոցով։

«4.48»-ը այն ժամն է, երբ, ինչպես ստեղծագործության հեղինակ, բրիտանացի Սառա Քեյնն էր ասում, մտքի մշուշը մի պահ ցրվում է․ ոչ թե փրկության, այլ անխնա ճշմարտության պահ է։ Տեքստը չունի դասական գործողություն, կերպարներ կամ սյուժե. այն կազմված է կտրատված մենախոսություններից, թվերից, բժշկական արձանագրության լեզվից ու բանաստեղծական ճիչերից։ Դա ավելի շուտ միջավայր է, ոչ թե բեմադրություն՝ մի հոգեկան տարածք, որտեղ լսելի է մարդու ներքին խոսքը, երբ այլևս չկա դիմակ կրելու ուժ։

Սառա Քեյնը այստեղ գրում է ոչ թե խելագարության մասին, այլ խելագարության մեջից։ Սերը, մահը, դեղորայքը, Աստծո լռությունը, ինքնատյացությունն ու փրկության անհույս սպասումը խառնվում են մի լեզվի մեջ, որը երբեմն հաշվետվություն է, երբեմն աղոթք, երբեմն՝ հրաժեշտ։

Սուրեն Շահվերդյանի մոտեցումը «Փսիխոզ 4.48»-ին թերևս հիմնված է ոչ թե տեքստը «բեմականացնելու», այլ տեքստի ներսում մնալու սկզբունքի վրա։ Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ ռեժիսորը չի փորձում լուծել Քեյնի նյութը, այլ ընդունում է դրա անլուծելիությունը։ Սուրեն Շահվերդյանը թերևս կամ իմ տպավորությամբ, հրաժարվում է վիզուալ մետաֆորների առատությունից՝ գիտակցաբար, լռության, դադարների, բառի ճշգրտության ռեժիմ։ Սա բեմադրիչի հիմնական դիրքորոշումն է՝ չբարձրացնել ձայնը այնտեղ, որտեղ արդեն գոռում է տեքստը։ Ներկայացման ոճը մինիմալիստական է ոչ թե ձևի, այլ բարոյական ընտրության իմաստով։

Նոր հարթակը՝ բեմի տակ, գործնականում վերացնում է դասական թատրոնի ուղղահայաց հարաբերությունը․ չկա «վերևից խոսող» դերասան և «ներքևից նայող» հանդիսատես։ Կա նույն շնչառության մեջ գտնվող երկու կողմ։ Սա կոնցեպտուալ որոշում է․ դեպրեսիան երբեք չի դիտվում հեռվից, այն կամ ներսում է, կամ՝ չէ։

Քեյնի տեքստը չի հանդուրժում «գեղագիտացում»։ Ցանկացած ավելացված գեղեցկություն այստեղ կդառնար բռնություն։ Տարածքը՝ գրեթե դատարկ, շարժումը՝ կրճատված, ձայնը՝ մերկ, լույսը՝ ոչ թե տրամադրություն ստեղծող, այլ մտքի ռիթմը նշող։ Այս մինիմալիզմը հիշեցնում է ոչ թե ժամանակակից պերֆորմանս, այլ վերջին դատավարություն ինքն իր հետ։ Այստեղ բեմը դառնում է հոգեկան սենյակ, ոչ թե խաղային տարածք։

May be an image of text that says 'poo Премьера спектакля состоялась 21 декабря 2025r Продолжительность спектакля такля час. Capa Кейн Психоз 4.48. Исповедь души 18+ Постанов.......урен ...........apeh Шахвердян Постановка.. Сценография. ценогора.......аргиншита ......Аргишти Пилоян Действующие лица и исполнители Цействующие Fa............HT ..Анна Пушкина Врач-псиниа...арен Акопян Руководитель РукводитеспьтеаграСреншхердян театра Сурен Шахвердян'

Ներկայացման իրական ռեժիսորը ռիթմն է, որ հրաշալի է ներկայացնում Սուրեն Շահվերդյանը։
Խոսքի կտրվածքները, թվերի մուտքը, դադարները, հանկարծակի լռությունները ստեղծում են մի երաժշտություն, որն ավելի մոտ է ժամանակակից ռեքվիեմին, քան դրամային։ 4.48-ը դառնում է ոչ միայն ժամ, այլ վիճակ։ Ներկայացումը չի զարգանում, չի աճում, չի հանգուցալուծվում։ Այն կրկնվում է, տատանվում, վերադառնում է նույն կետին՝ ինչպես դեպրեսիվ միտքը։

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի այս բեմադրությունը չի փորձում լինել «հաջողված», «սիրելի» կամ «դիտարժան»։ Այն ընտրում է շատ ավելի դժվար ճանապարհ՝
լինել ազնիվ այնտեղ, որտեղ ազնվությունը ցավոտ է։ Սա ներկայացում չէ, որից դուրս ես գալիս տպավորված։ Սա ներկայացում է, որից դուրս ես գալիս՝ մի քիչ ավելի լուռ։

Շատերն են այս գործը կարդում որպես ինքնասպանության նամակ, բայց ես այն ավելի շատ տեսա որպես լեզվով ապրելու վերջին փորձ, երբ բառերը դեռ շարժվում են, իսկ մարդը դեռ ամբողջությամբ չի անհետացել։

Վերջում՝ նույն միջավայրում, հետաքրքիր ու բովանդակալից զրույց ծավալվեց ռեժիսորի, դերասանների ու հանդիսատեսի միջև, ներկա էին նաև հոգեբաններ, ովքեր ևս կիսվեցին ու իրենց գովեստի խոսքերը փոխանցեցին ներկայացման, ռեժիսորի, դերասանական խաղերի ու հույզերի հետ կապված։

Այցելեք թատրոններ, դիտեք որակյալ ներկայացումներ, ապրեք արվեստի աշխարհում, այն հրաշալի է ․․․

Սիմոն Սարգսյան