11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Հասմիկ Պողոսյանը մաքրվեց, դատախազությունը թռչնակ դրեց ու անցավ առաջ․ Լուսանկար

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ կոռուպցիոն գործերից մեկը, որը վերաբերում էր Չայկովսկու դպրոցի տարածքին, երեք տարվա երկար ու խճճված նախաքննությունից ու դատաքննությունից հետո ի վերջո երջանիկ ավարտ ունեցավ:

Հրապարակ թերթը գրել է․ Հակակոռուպցիոն դատարանն օրերս նրան դատապարտեց 4 տարի 6 ամիս ազատազրկման, բայց կիրառելով «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ» քրեական գործերով հայտարարված համաներումը՝ նախկին նախարարին ազատեց պատժից:

Դատաքննությունն իրականացվել է հեռակա կարգով, եւ դատավճիռը նույնպես կայացվել է հեռակա, առանց Հասմիկ Պողոսյանի մասնակցության, ինչն օրենքում կատարված փոփոխություններից հետո օրինական է համարվում:

Հայտնի է, որ նախկին նախարարը մեղադրվում էր, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, Չայկովսկու դպրոցի կաթսայատան 300 քմ տարածքը հափշտակելուն օժանդակելու մեջ: Հափշտակմանը, ըստ մեղադրանքի, մասնակցել էին Գոռ Դավթյանը, Հմայակ Ավագյանը, այլք, ովքեր հիմնել էին «Սոխոսենթր» ընկերությունը, նաեւ՝ դպրոցի տնօրենն ու նրա եղբայրը՝ Նիկոլայ Կոստանդյանը:

«Սոխոսենթր» ընկերության ստեղծունից օրեր անց, 2012 թվականին կեղծ ներդրումային ծրագիր էր ներկայացրել, թե իբր պետք է այդ տարածքում «Գրքերի աշխարհ» համալիր կառուցի: Պետությանը, ըստ նախաքննության նյութերի, հասցվել էր 100 մլն դրամի վնաս:

Խարդախներին օժանդակելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը հասցված վնասը փոխհատուցվել է դեռեւս 2 տարի առաջ, պետությանն է փոխանցվել Չայկովսկու դպրոցի հարեւանությամբ «Սոխոսենթրի» կառուցած համալիրի մի մասի՝ 235,8 քմ տարածքի սեփականության իրավունքը:

Գործարքը տեղի է ունեցել քաղաքացիական գործի շրջանակներում ձեռք բերված հաշտությամբ:
Չայկովսկու դպրոցից բացի, Հասմիկ Պողոսյանն անցնում էր նաեւ նախկին ԱՕԿՍ-ի շենքի գործով: Նրան եւ Ռուսաստանում ու Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ նախագահ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանին մեղադրում էին պատմամշակութային հուշարձան հանդիսացող այս շենքը յուրացնելու մեջ: Նախաքննության ընթացքում Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Ըստ լուրերի, նա գտնվում է Իտալիայում: Այլ խոսակցությունների համաձայն՝ նա բուժման նպատակով մեկնել է Ռուսաստան: Մենք հարցրինք Հասմիկ Պողոսյանի փաստաբան Գեորգի Մելիքյանից, թե ինչ եղավ այդ մյուս գործը, եւ արդյո՞ք հետախուզումն ուժի մեջ է: «Ոչ, ԱՕԿՍ-ի վերաբերյալ քրեական վարույթն իմ պաշտպանյալի նկատմամբ կարճվել է, հետախուզումը վերացվել է»,- ասաց նա:

Նշեց նաեւ. «Տիկին Պողոսյանը չի ընդունել իր մեղքը, սակայն քանի որ համաներում կիրառվեց, մենք չենք բողոքարկելու դատավճիռը»: Ասաց նաեւ, որ «Սոխոսենթր» ընկերության հետ իր պաշտպանյալը ոչ մի կապ չունի։ Հետաքրքրվեցինք` արդյո՞ք կա այլ քրեական գործ՝ Չայկովսկու դպրոցի հետ կապված։ «Որքան որ ես եմ տեղյակ, չկա»: Հարցին, թե տիկին Պողոսյանը գալո՞ւ է Հայաստան, այլեւս կարծես թե արգելք չկա, փաստաբանը պատասխանեց. «Իհարկե, գալու է։ Սա իր երկիրն է։ Նա շատ է սիրում իր երկիրը եւ վերադառնալու է»։

Այնպես որ, Հասմիկ Պողոսյանը կարող է ազատ շունչ քաշել, պտտվել իր սիրելի Իտալիայով, գալ Հայաստան կամ մեկնել ցանկացած այլ երկիր: Իսկ դատախազությունը հերթական «գալոչկան» կարող է դնել հակակոռուպցիոն պայքարում: Ինչպես ասում են՝ ե՛ւ գայլերն են կուշտ, ե՛ւ ոչխարները՝ ողջ: Ի՞նչ եղավ Արմեն Սմբատյանի հետ, որը Հասմիկ Պողոսյանի «հանցակիցն» էր, ըստ քննիչների: Արմեն Սմբատյանի մասով գործը դեռ դատարանում է:

Աբովյան 3 հասցեում գտնվող՝ մի քանի միլիոն դոլար արժողության ԱՕԿՍ-ի շենքը 2023 թվականին վերադարձվել է պետությանը՝ Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճռով: Իսկ 2024 թվականի հունիսի 6-ին կառավարությունը որոշեց այդ շենքի 1-3 հարկերը 10 տարով վարձակալության հանձնել «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ին, որն առաջարկել է 16,2 մլն դրամ ամսական վարձավճար եւ պատրաստվում է այնտեղ նորաձեւության կենտրոն բացել ու բրենդային հագուստ վաճառել:

Ընկերությունը պատկանում է գործարար եղբայրներ Հայկ եւ Ղուկաս Խաչատրյաններին: Այն, որ պատմամշակութային շենքում նորաձեւության ու առեւտրի կենտրոն է գործելու, միանգամայն մեր ժամանակի տրամաբանության մեջ է:

Ի դեպ, Փաշինյանը սա բացատրել էր նրանով, որ դեմ է այս շենքի «կոթողացմանը», որ այն «ապրելու համար է»:

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս  ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում. դատական ակտը մտել է ...