11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Գյումրու ավագանու նախկին անդամի որդին Շիրակի մարզպետի խորհրդական է նշանակվել․ Լուսանկար

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նոր խորհրդական ունի։ Մարզպետի խորհրդական է դարձել Գյումրիի նախկին ավագանու անդամ Վարդևան Հակոբյանի որդին՝ Լևոն Հակոբյանը։

Լևոն Հակոբյանի կենսագրական տվյալներում նշված է, որ նա զբաղեցրել է հոր՝ Վարդևան Հակոբյանի կողմից հիմնադրված պահնորդական ծառայության տնօրենի պաշտոնը։

Մարզպետի խորհրդականի  պաշտոնում նա  փոխարինել է Գոռ Սարոյանին, որը վերջերս հայտնվել էր աղմկահարույց միջադեպի կենտրոնում․ ըստ պաշտոնական տեղեկությունների՝ նրա նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ պարեկային ծառայության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ։

Հիշեցնենք նաև, որ Վարդևան Հակոբյանը Գյումրու ավագանու անդամ էր ընտրվել «Զարթոնք» խմբակցությունից, սակայն որոշ  ժամանակ անց դուրս եկավ խմբակցությունից՝ շարունակելով գործունեությունը որպես անկախ ավագանու անդամ։Ի դեպ, մեր տեղեկություններով՝ մարզպետ Դավիթ Առուշանյանի հնարավոր պաշտոնազրկման հարցը ներկայումս կասեցված է իշխանությունների կողմից։

Չնայած անցյալ տարվա վերջին մամուլում շրջանառվող լուրին, ինչը  չհերքվեց ո՛չ մարզպետի, ո՛չ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ չբացառելով Առուշանյանի  հնարավոր պաշտոնազրկումը։

Ըստ մեր աղբյուրների՝ պաշտոնազրկման կասեցման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Շիրակի մարզում այդպես էլ չի գտնվել նրան փոխարինող համապատասխան թեկնածու։ Հավանական թեկնածուների շարքում շրջանառվում էր գնդապետ Արթուր Բդոյանի անունը՝ Վաղարշապատի նախկին ոստիկանապետի, որը պաշտոնազրկվեց  Փարաքարի աղմկահարույց սպանությունից հետո՝ համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության ֆոնին։Սակայն Բդոյանը, որը համարվում էր Շիրակի մարզպետի պաշտոնի միակ իրական հավանական թեկնածուն, այդպես էլ չնշանակվեց մարզպետ։

Արդյունքում Արթուր Բդոյանը նշանակվեց ՆԳՆ համակարգում՝ ոստիկանության համայնքային ոստիկանության ծառայության պետի տեղակալի պաշտոնում, ինչով էլ նրա՝ Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակման հարցը փաստացի փակվել է։

Ավագանու նախկին անդամի որդին` մարզպետի խորհրդական. Ինչո՞ւ չպաշտոնազրկվեց Առուշանյանը