11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ինչու Հայաստանում չեն հավատում կուտակային ֆոնդերին

Վարչապետ Փաշինյանի հանդիպումը GRAWE ընկերության գլխավոր տնօրեն Կլաուս Շայտեգելի եւ C-Quadrat ներդրումային խմբի կառավարիչ խորհրդի նախագահ Անդրեաս Վիմմերի գլխավորած պատվիրակության հետ, որը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, ներկայացվում է որպես մեր երկրի միջազգային ֆինանսական շուկային ինտեգրվելու քայլ:

Հրապարակ թերթը գրել է․ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ընդունելության ժամանակ Փաշինյանը նշել է՝ «պատրաստ է կառուցողական համագործակցության»։

«Միաժամանակ, վարչապետն ընդգծել է մեր երկրում C-Quadrat ներդրումային խմբի արդյունավետ գործունեության փաստը»,- ասված է կառավարության պաշտոնական հաղորդագրությունում:

Ավստրիական GRAWE ընկերության մասին հայտնի է, որ այն գործում է 1828 թվականից, զբաղվում է ապահովագրությամբ, ֆինանսական ծառայություններով, ակտիվների կառավարմամբ, գործում է Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավ-արեւելյան Եվրոպայում: Հիշեցնենք․ անցյալ տարեվերջին հայտարարվել էր, որ ավստրիական GRAWE Group-ը եւ C-Quadrat խումբը պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական ապահովագրական LIGA ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման մասին:

GRAWE ապահովագրականի մուտքը Հայաստան որոշ շրջանակներում լավատեսական սպասումներ է առաջացրել: Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը վստահեցնում է, որ այն օգտակար է Հայաստանի համար, բայց կան պայմաններ: «Խորքային առումով տեղյակ չեմ ընթացող գործընթացներից, բայց, ըստ հրապարակումների, կարող եմ ենթադրել, որ բավականին իրատեսական եւ օգտակար, արդյունավետ ուղղություն է՝ միջազգային ապահովագրական խմբի մուտքը կամ ընդլայնումը Հայաստանում՝ ԿԲ-ի հետ ընթացող քննարկումներով եւ հնարավոր գործարքի կոնտեքստով (LIGA)։ Ինտեգրման պոտենցիալը կա, հատկապես՝ վերաապահովագրության, ռիսկերի կառավարման եվրոպական ստանդարտների եւ ֆինանսական համակարգի խորացման մասով, բայց արդյունքը կախված է․ առաջինը՝ իրական ներդրումային պարտավորություններից, երկրորդը՝ ԿԲ կարգավորման խստությունից, երրորդը՝ շուկայում մրցակցային ու սպառողապաշտպան գործելակարգերի պահպանումից»,- ասաց նա։

Եթե GRAWE ընկերության առումով գնահատականներ տալը դեռ վաղ է, ապա C-Quadrat-ին եւ, առհասարակ, ներդրումային կուտակային ֆոնդերին Հայաստանում այնքան էլ չեն վստահում: Եվ ո՞րն է այդ արդյունավետ գործունեությունը, գոնե C-Quadrat-ի դեպքում հասկանալի չէ: Բավական է հիշատակել կուտակային կենսաթոշակի հաշիվների հետ կապված 2022 թվականի հոկտեմբերի սկանդալային բացահայտումը, երբ քաղաքացիներն ահազանգում էին, որ իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվների մնացորդները նվազել են՝ նույնիսկ այն դեպքում, երբ աշխատավարձից վճարված գումարներն ավելանում էին եւ պետք է կուտակվեին:

Կենսաթոշակային հաշիվներում մնացորդի նվազումը մասնագետները բացատրեցին դոլարի համեմատ դրամի կտրուկ արժեւորմամբ, գնաճով ու համաշխարհային տնտեսությունում ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված անորոշություններով։ Բայց քաղաքացիները սրան չհավատացին եւ ինչպե՞ս հավատան, եթե ներդրումային հիմնադրամների խնդիրների մասին անգամ գիտական աշխատություններ կան արդեն:

Դրանցից մեկի համաձայն, կուտակային համակարգի ներդրման առաջին 8 տարում, այսինքն՝ 2014-2022 թթ․, երբ Հայաստանում գնաճը 40 տոկոս է եղել, կուտակային ֆոնդերին քաղաքացիների կողմից մուծված գումարներն ավելացել են ընդամենը 2 տոկոսով: Սա նշանակում է, որ եթե, ենթադրենք, ամեն տարի անձը 220 հազար մուծում է ֆոնդին, ապա 2014-2022 թթ․ նրա մուտքագրած մոտ 2 մլն դրամը դարձել է ընդամենը 2 մլն 40 հազար: Սա բանկային ավանդների եկամտաբերությունից ցածր է: Եթե այդ նույն գումարը ներդրվեր բանկերում, ապա կստացվեր 3-3,5 մլն: Ուրեմն, ո՞ւմ գրպանն են մտել մնացած փողերը: Եվ, առհասարակ, ո՞ւմ համար է արդյունավետ վարչապետի ասած «գործունեությունը»:

Իհարկե, պաշտոնական տեղեկությունները սրան հակասում են: ԿԲ տվյալներով, 2025 թվականին պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են 1տրիլիոն 413 մլրդ դրամ, իսկ մինչ այդ՝ 2024 թվականին, մոտ 800 մլրդ: Այնուամենայնիվ, խնդրահարույց է մնում այն, որ ներդրումները կատարվում են ոչ թե տնտեսության իրական հատվածում, այլ ֆինանսական տարբեր գործիքներում, պետական պարտատոմսերում, ինչն ավելացնում է Հայաստանի պետական պարտքը: Այսինքն, քաղաքացին մուծում է ֆոնդին` իր պետության պարտքն ավելացնելու համար: Վարչապետի եւ տարբեր ֆոնդերի համագործակցության իրական ձեւաչափը, ձեռք բերված պայմանավորվածությունները, ներդրումների բովանդակությունը հանրային դիսկուրսից դուրս են ու անհայտ, եւ կասկած կա, որ այս «արդյունավետ գործունեությունն» այնքան էլ թափանցիկ չէ ու ոչ համարժեք հանրային շահին: