11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար ինքնառաջադրված 2 թեկնածուներ կան

Օրեր առաջ գրել էինք, որ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Հռիփսիմե Հունանյանին հրաժարական պարտադրելուց հետո իշխող թիմն աննախանձելի վիճակում է հայտնվել, քանի որ չունեն հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու ու տեւական ժամանակ փնտրտուքի մեջ էին՝ ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի։

Հրապարակ թերթը գրել է․ Բանն այն է, որ հանձնաժողովի նախագահի տեղապահ էլ չեն կարող նշանակել, քանի որ հանձնաժողովը չունի նախագահի տեղակալ, որը, ըստ ԱԺ կանոնակարգի, մի քանի ամիս կկատարեր նախագահի լիազորությունները` մինչեւ նոր ընտրությունները, քանի որ հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը նախագահ Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո հրաժարվել է այդ պաշտոնից։

Հիմա չնայած Զեյնալյանը նոր պաշտոնի՝ ԲԿ տնօրեն է նշանակվել, Բադալյանի նեղվածությունն էլ հարազատ թիմից անցել է, բայց ներսում կարծում են, որ նրա թեկնածությունն այնքան էլ ճիշտ չի ընկալվի, քանի որ ամիսներ առաջ տեղակալի կարգավիճակից է նույնիսկ հրաժարվել։

Հանձնաժողովի կազմում այլ հարմար թեկնածու ՔՊ-ում չեն տեսնում: Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հունանյանին ընտրելիս թիմն ընտրություն էր կատարել նրա եւ Զարուհի Բաթոյանի միջեւ, վերջինիս օգտին ընդամենը 8 կողմ էր եղել, այսինքն՝ նրա թեկնածությանն էլ չեն կարող վերադառնալ։ Առաջարկել են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներին՝ ինքնառաջադրվել, ինքնառաջադրումների վերջնաժամկետ են սահմանել փետրվարի 1-ը։

Մենք տեղեկացանք, որ այս ընթացքում երկու պատգամավոր է ինքնառաջադրվել՝ Առողջապահության մշտական հանձնաժողովի անդամ, ընդամենը մի քանի ամիս առաջ մանդատ ստացած պատգամավոր Վանիկ Օհանյանը` Վանաձորից, որը փոխարինել է Լոռվա մարզպետ նշանակված Արեն Մկրտչյանին եւ, ի դեպ, բժշկական կրթություն ունի` Վանաձորում գործող «Օհանյան» ատամնաբուժական կլինիկայի հիմնադիրն է: Մյուս առաջադրվածն էլ, որքան էլ տարակուսելի հնչի, Տրդատ Սարգսյանն է՝ Վայոց Ձորի նախկին մարզպետը, որի անունը շոշափվում էր տարիներ առաջ փոխգնդապետին ծեծելով կոմայի մեջ գցելու պատմության շրջանակներում, եւ որի պատճառով նա հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից։

Տրդատ Սարգսյանը Պետաիրավական հանձնաժողովի անդամ է, նրա պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի «Թյուրքագիտություն» եւ «Իրավագիտություն» ֆակուլտետներն է ավարտել, առողջապահության ոլորտի հետ կապ չունի, թեպետ թիմում կատակում են, որ եթե նախարարը մասնագիտությամբ իրավաբան է, ինչո՞ւ չի կարող հանձնաժողովի նախագահն էլ նույն մասնագիտությունն ունենալ։ ՔՊ-ում շատերի կողմից ընդունելի Տրդատ Սարգսյանը, ըստ ամենայնի, հույս ունի, որ թիմը նախապատվություն կտա իրեն, մանավանդ որ Վանիկ Օհանյանը լավ նոտայից չսկսեց պատգամավորական գործունեությունը եւ թիմին դրեց անհարմար դրության մեջ՝ վաստակելով թշնամիներ։ Մենք գրել էինք, որ ամռանը ստանալով պատգամավորի մանդատը, նա սեպտեմբերին մեկնարկող նստաշրջանին ներկայանալու եւ պատգամավորական երդում տալու փոխարեն մեկնել էր ԱՄՆ: Թիմում ամաչում էին խոստովանել այդ փաստը եւ կոծկում էին` ասելով, թե, առողջական խնդիրներով պայմանավորված, նստաշրջանի մեկնարկին խորհրդարան չի եկել։

Ի դեպ, դեռ սեպտեմբերին էին խոսում, որ Վանիկ Օհանյանի թեկնածությունը կդիտարկեն առողջապահության հանձնաժողովի նախագահի այն ժամանակ դեռեւս թափուր պաշտոնում, եթե չլիներ նրա անպատասխանատու վերաբերմունքը պատգամավորի կարգավիճակի հանդեպ: Նաեւ այդ պատճառով թիմն ընտրեց անդիպլոմ Հռիփսիմե Հունանյանին, որին ՔՊ ղեկավարությունը երկու շաբաթ առաջ պարտադրեց հրաժարվել ոչ միայն զբաղեցրած պաշտոնից, այլեւ հայտ չներկայացնել ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու: Այդ պատժի պատրվակը Հունանյանի` ԱԺ ամբիոնից արված հայտարարությունն էր, որ զինվորներից բացի բանակին նաեւ գլուխներ են պետք։ Իրականում, սակայն, ասում են՝ պատճառն ավելի խորքային է, եւ Հունանյանը ներկուսակցական խարդավանքների, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության է զոհ գնացել։ Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ շնորհակալություն հայտնեց նրան` գիտակցված քայլի համար:

«Հրապարակ»․ Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար 2 ինքնառաջադրված անձ կա