«Զայեդ» մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը ելույթում Իլհամ Ալիևը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու որոշումը կայացվել է անցյալ տարվա հուլիսին Աբու-Դաբիում իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում:
Մեկ ամիս հետո այդ համաձայնությունը ֆորմալ ձեւակերպվել է կողմերի միջև նախաստորագրված պայմանագրով և քաղաքական Հռչակագրով, որին միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Տրամաբանական է, որ խաղաղություն հաստատելու որոշումը Աբու-Դաբիի մեկօրյա բանակցությունների ծնունդ չէ: Կողմերը համաձայնության են եկել տևական, շատ հաճախ՝ չափազանց սուր «բանավեճից» հետո:
Ո՞վ և ինչո՞ւ է Աբու-Դաբին նշանակել» հայ-ադրբեջանական սկզբունքային հաշտության կայացման մայրաքաղաք»: Կարելի՞ է համարել, որ այդ ընտրությունը միջազգային ազդեցիկ դերակատարների կոնսենսուսի խորհրդանիշ է:
Հայաստանում մտավախություն կա, որ քանի դեռ հայ-ադրբեջանական «խաղաղությունը հեղինակավոր երաշխավոր (ներ) չունի, այն տևականորեն վստահելի չէ»: Խաղաղության երաշխիքներ և երաշխավոր ասելիս մենք ավանդույթի ուժով հասկանում ենք ԱՄՆ, ՆԱՏՕ, Եվրամիություն, Ռուսաստան, Չինաստան, նույնիսկ՝ Իրան, բայց ոչ երբեք՝ Արաբական միացյալ էմիրություններ, Սաուդյան Արաբիա կամ Կատար:
Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփն արտասահմանյան առաջին այցը կատարել է Պարսից ծոցի արաբական երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ: 2024թ. տարեսկզբին ԱՄԷ նախագահ ալ-Նահաիանը պաշտոնական այց է կատարել Բաքու:
Հայ-ադրբեջանական կարգավորման քաղաքական և շատ որոշակի առումով անվտանգային հովանավորը Միացյալ Նահանգներն է, բայց խաղաղությունը կենսունակություն ապահովող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային միջավայրի կարիք ունի:
Այս առումով, ինչ խոսք, Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում Ադրբեջանի դիրքավորումն ավելի նպաստավոր է:
Իսրայելի հետ նրա ռազմավարական համագործակցությունը երեք տասնամյակի փոխշահավետության անցյալ և խոստումնալի ապագա ունի, իսկ արաբական երկրների հետ կրոնական-քաղաքակրթական, մենթալ և քաղաքական համակարգի ակնհայտ ընդհանրությունները նույնպես դիվանագիտական ռեսուրս և հարկ եղած դեպքում ճկուն մանևրի հնարավորություն են:
Հայաստանի համար Ադրբեջանի հետ «խաղաղության միջավայրը» բոլոր առումներով բարդ է, եթե, մանավանդ, նկատի ունենանք, որ այն միջնորդավորվում է կամ միջնորդավորվելու է, կամ կարող է միջնորդավորվել մի կողմից՝ հայ-թուրքական, մյուս կողմից՝ Թուրքիա-Իսրայել և Թուրքիա՝ արաբական աշխարհ հարաբերություններով:
Իսկ եթե գումարենք, որ Մերձավոր Արևելքը, Պարսից ծոցը և Իրանը գտնվում են ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի և Չինաստանի աշխարհաքաղաքական շահերի գոտում, ապա խճանկարն ավելի «խոսուն» կլինի:
Հայաստան-Ադրբեջան ֆորմալ խաղաղություն, թեև դժվարությամբ, հնարավոր է հաստատել, իսկ ինչպե՞ս, ի՞նչ ռեսուրսներով և հեռանկարով է այն «փայփայվելու»: Ամերիկյան հավանական ներդրումները նաև արաբական երկրների՞ն են Հայաստան «հրավիրելու», հայ-իսրայելական «խորթությունը» հաղթահարվելո՞ւ է:
Ամենակարևորը. Ադրբեջանի հնարավորությունները ծառայելու են իր համար նպաստավո՞ր, թե՞ տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և փոխշահավետ համագործակցությանը: Շատ բան, ամենայն հավանականությամբ, կախված է լինելու Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:






Բաց մի թողեք
Ֆոն դեր Լեյենը խոստանում է ավելի ուժեղ միասնական շուկա և ավելի քիչ բյուրոկրատիա
Մոսկվային պետք է ստիպել իրական զիջումների գնալ․ Կալլաս
Հունգարիայի ընտրարշավը մտնում է թեժ փուլ՝ Ուկրաինայի, ԵՄ-ի և Թրամփի ուշադրության կենտրոնում