11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Մոսկվայում մահափորձ է կատարվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտի նկատմամբ. Լուսանկար

Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձը մահափորձ է իրականացրել, կրակել են գեներալի վրա։

Նա հոսպիտալացվել է, հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կենտրոնական կոմիտեի (ՔԿԿ) մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 222-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի անօրինական շրջանառություն), ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Պետրենկոն։

Նրա խոսքով՝ փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող բնակելի շենքում «դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից»։

«Տուժածը հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցում»,- ասել է Պետրենկոն։

Նա նշել է, որ դեպքի վայրում այժմ աշխատում են Մոսկվայի ՔԿԿ քննիչները և դատաբժշկական փորձագետները, ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները և հարցաքննում ականատեսներին։

Հանցագործությանը մասնակցող անձին կամ անձանց ինքնությունը պարզելու համար իրականացվում են քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։