11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Կգնա՞ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ բաց առճակատման

Պատրա՞ստ են հայերը միանալ ռազմաքաղաքական դաշինքի, որ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ է տրամադրված: Հռետորական այս հարցադրումն արել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը:

Նրա գնահատմամբ՝ Եվրամիությունը միայն տնտեսական կառույց չէ, վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի: Օվերչուկն, ընդսմին, դիտարկել է Եվրամիության զարգացման դինամիկան, իսկ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը պայմանավորել տարիների բանակցություններով:

Ի՞նչն է այստեղ ամենաէականը: Օվերչուկի խոսքից հետեւում է, որ «Ռուսաստանի դեմ ագրեսիվ տրամադրված Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, որին տարիներ հետո կարող է անդամակցել նաև Հայաստանը, և հայերն իրենց պետք է հարց տան՝ պատրա՞ստ են միանալ նման կառույցի»:

Իսկ դա ենթատեքստով մի բան է նշանակում. Ռուսաստանը Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման մտադրություն չունի, Մոսկվայի ռազմավարական –աշխարհաքաղաքական նախագծումը կառուցված է Եվրամիության հետ ռազմական բախման կանխադրույթի վրա:

Փաստացի Օվերչուկն ասում է. «Մենք պատրաստվում ենք Եվրոպայի հետ տևական դիմակայության, Եվրամիությունը համախմբում է ռազմական ռեսուրսները, Հայաստանը պետք է կողմնորոշվի այդ հեռանկարով՝ պատերազմի դեպքում միանալո՞ւ է Ռուսաստանի թշնամիներին»:

Սա բացահայտ սպառնալիք է: Մոսկվան Հայաստանին զգուշացնում է, որ դեպի Եվրամիություն նրա քայլերը գնահատում է «թշնամական»:

Խորհրդարանական ընտրություններից ոչ ավելի, քան չորսուկես ամիս առաջ «ռազմավարական դաշնակցի» կողմից բավական բարձր մակարդակով նման սպառնալիք հնչեցնել՝ միայն մի բան է նշանակում, Ռուսաստանը ծրագրում է Հայաստանի ներքաղաքական կյանքին շատ լուրջ միջամտություն ունենալ:

Մանավանդ որ Օվերչուկի հայտարարության համար ընտրվել է ոչ պատահական ժամանակ, նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Աբու-Դաբիում արժանացել են «Զայեդ» մրցանակի, և մեկնարկել են ուկրաինական կարգավորման եռակողմ՝ ռուս-ուկրաինա-ամերիկյան, բանակցությունները:

Կարելի է արձանագրել, որ ՌԴ փոխվարչապետի մակարդակով «ոչ» է ասել թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության եւ համագործակցության հաստատմանը, թե Ուկրաինայում խաղաղ-փոխզիջումային կարգավորմանը: Այս ֆոնին Բաքվի իշխանական minval politika-ն Աբու-Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման հաջորդ օրը «պե՞տք է մեզ մնալ ԱՊՀ-ում» հարցադրում է արել:

Կգնա՞ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ բաց առճակատման, թե՞ ադրբեջանական քարոզչությունը Հայաստանին «խայծ է նետում»: ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցը, հավանաբար, թույլ կտա գոնե ընդհանուր առմամբ գնահատել Ալիևի աշխարհաքաղաքական «վարքը»: