11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

ՀԱՊԿ-ի «հովանոցը» ոչ մի առումով հուսալի չէ. Ո՞րն է լինելու Հայաստանի անվտանգային միջավայրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում բանակցություններ է վարել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ: «Անադոլուն» հայտնել է, որ նախ կայացել է երկու առաջնորդների դեմ առ դեմ հանդիպումը, ապա քննարկումները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ:

Նույն օրը գումարվել է նաև Թուրքիա-Եգիպտոս տնտեսական համագործակցության խորհրդի նիստը: Արդյունքում կողմերը ստորագրել են մոտ մեկ տասնյակ համաձայնագրեր և «մտադրությունների մասին արձանագրություններ»: Էրդողանը Եգիպտոսի նախագահին թուրքական արտադրության Togg ավտոմեքենա է նվիրել:

Իսրայելական ynet-ն այդ առթիվ հիշեցրել է Էրդողանի և աս-Սիսսիի թշնամությունը, երբ Եգիպտոսի ներկայիս նախագահը տապալել է Թուրքիայի հովանավորությունը վայելող՝ «մուսուլման եղբայրների» իշխանությունը՝ հանդիսանալով եգիպտական բանակի գեներալ:

Լրատվամիջոցն արձանագրել է, որ Էրդողանը «շարունակում է ատել աս-Սիսսիին, բայց քաղաքական սառը հաշվարկը, որ Իսրայելի դեմ ռազմական դաշինքի ձևավորումն է, հարկադրում է, որ նա Կահիրեում ժպտա»:

Ինչպես փոխանցել է «Անադոլուն», Կահիրեում ստորագրված թուրք-եգիպտական գլխավոր փաստաթուղթը Թուրքիայի և Եգիպտոսի կառավարությունների միջև «Ռազմական շրջանակային համաձայնագիրն» է:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը, կողմերը, բնականաբար, որևէ մանրամասնություն չեն հայտնել և հազիվ թե առաջիկայում հայտնեն: Իսրայելական լրատվամիջոցն ընդգծել է ամենակարևորը, Էրդողանին «առայժմ հաջողվում է աս-Սիսսիին հեռու պահել Միջերկրականի արևելյան հատվածում Իսրայել-Հունաստան-Կիպրոս համագործակցությանը Եգիպտոսի մասնակցությունից»:

Նույն օրը, ինչպես հայտնի է դարձել Turkiye պարբերականին, Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասը Վաշինգտոնում «քննարկել է երկկողմ հարաբերությունները, Միջերկրականի արեւելյան հատվածում իրավիճակը և Իսրայելի հետ ռազմական համագործակցության հեռանկարը»:

Վաշինգտոնում Հունաստանի պաշտպանության նախարարը նաեւ մամուլի ասուլիս է անցկացրել և ասել, որ Թուրքիայի «շահերն ավելի մոտ են այն ճանապարհին, որ ընտրել են Հունաստանը, Իսրայելը և Եվրամիությունը, քան՝ Օսմանյան կայսրության վերականգնման տեսլականին»:

Իսրայելական ybet-ի մեկնաբանը ենթադրել է, որ թուրք-եգիտական ռազմական համագործակցության մասին «շրջանակային համաձայնագրի» ստորագրումից հետո Հունաստանի վարչապետ Միցոտակիսը «կմեկնի Թուրքիա»:

Վաշինգտոնում Հունաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ Թուրքիայի հետ «հաղորդակցության կապուղիները մնում են բաց»: Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովի ավազանում ռազմական դաշինքների ձևավորումը մարտահրավեր է նաև Հարավային Կովկասին:

Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը այլևս «մեկ ազգ՝ մեկ բանակ» են: Ավելին, ձևավորված է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան անվտանգային համագործակցություն: Եթե գործընթացը մնա կարգավորման հունի մեջ և կոնկրետ դրսեւորումներ ունենա, ապա տեսանելի ապագայում կբացվի հայ-թուրքական սահմանը:

Փետրվարի 4-ին Էրդողանը Կահիրեից ողջունել է Աբու-Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպումը: Հայաստանը միաժամանակ պաշտպանության հարցերում Հունաստանի հետ խորհրդատվություններ ունի:

Հատկանշական է, որ Հնդկաստանի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ: Նյու-Դելիի հարաբերություններն Անկարայի և Բաքվի հետ բարդ են: Թուրքիան և Ադրբեջանը Պակիստանի ռազմավարական դաշնակիցներ են:

Ո՞րն է լինելու Հայաստանի անվտանգային միջավայրը: ՀԱՊԿ-ի «հովանոցը» ոչ մի առումով հուսալի չէ, մանավանդ որ այդ կառույցի փլուզման հավանականությունը բավական բարձր է: